Մամուլի տեսություն 03-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101463-Մամուլի_տեսություն_03_12_2018
Երկու շաբաթ առաջ Ֆրանսիայից սկսված և շաբաթ օրը Բելգիա հասած «Դեղին ժիլետավորներ»-ի երթը վկայում է Եվրոպայում սառը եղանակի մասին: Եղանակ որ «Եվրոպական աշուն» է կոչվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2018 12:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-12-2018

Երկու շաբաթ առաջ Ֆրանսիայից սկսված և շաբաթ օրը Բելգիա հասած «Դեղին ժիլետավորներ»-ի երթը վկայում է Եվրոպայում սառը եղանակի մասին: Եղանակ որ «Եվրոպական աշուն» է կոչվում:

Իրան

Եվրոպական աշուն

 

Երկու շաբաթ առաջ Ֆրանսիայից սկսված և շաբաթ օրը Բելգիա հասած «Դեղին ժիլետավորներ»-ի երթը վկայում է Եվրոպայում սառը եղանակի մասին: Եղանակ որ «Եվրոպական աշուն» է կոչվում:

Մոռացության տրված միջակ դասակարգը, որ 2008 թվականին Եվրոպայում ծագած տնտեսական ճգնաժամից հետո ապրում է ծանր պայմաններում և այս մեկ տասնամյակում կքել է նրա համար սահմանված հարկերի տակ, այսօր ընդվզել է: Այս շարժումը, որ «Դեղին ժիլետավորներ» անվան ներքո սկսվեց Ֆրանսիայի տարբեր քաղաքներից շաբաթ օրը երևան եկավ Բրյուսելում, իսկ երեկ՝ Նիդերլանդներում: Նիդերլանդների որոշ քաղաքներում այդ երկրի տնտեսական վիճակի դեմ բողոքով քաղաքացիները դեղին ժիլետներ հագնելով փողոց դուրս եկան: Հաղորդումների համաձայն ցուցարարների քանակն ուշագրավ է եղել Նիջմեգըն, Մաստրիխտ, Ալքմար, Լուվարդեն և Գրունինգեն քաղաքներում, իսկ Հաագայում 200 մարդ հանրահավաք է անցկացրել խորհրդարանի շենքի դիմաց: Ոստիկանության ուժերը բերման են ենթարկել 4 ցուցարարների և բողոքարարներին կոչ են արել հեռանալ խորհրդարանի մերձակա փողոցներից: Այդուհանդերձ ոմանք այն համոզման են, թե սա Նիդերլանդներում բողոքի ցույցերի դեռ մեկնարկն է և հնարավոր է, որ առաջիկա օրերին առավել մարդաշատ հանրահավաքներ կազմակերպվեն այդ երկրի տարբեր  քաղաքներում:

Բրիտանական «Սանդեյ Էքսպրես» օրաթերթը հղում կատարելով Փարիզում «Դեղին ժիլետավորներ» շարժման կազմակերպիչներից մեկին կանխատեսել է, որ բողոքի ալիքը կարող է նաև Գերմանիա հասնել: Այս օրաթերթի ընդգծմամբ բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկը, որ ներկայացել է Ժիլ անունով, այլ երկրների ղեկավարներին ազդարարել է. «Սա դեռ սկիզբն է: Մենք այս շարժումը սկսեցինք Ֆրանսիայից, հետո դա փոխադրեցինք Բելգիա և հիմա ցանկանում ենք դա տարածել ամբողջ Եվրոպայում Գերմանիայից սկսած մինչև Նիդերլանդներ, նույնիսկ Բրիտանիայում»:

Շաբաթ օրը բողոքարարները հանրահավաք անցկացրեցին ԵՄ-ին պատկանող շենքերի մեկի շուրջը և տնտեսական քաղաքականությունների դեմ կարգախոսներ վանկարկեցին: Նրանք այրեցին նաև ոստիկանությանը պատկանող մեկ ավտո: Շաբաթ օրը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում նույնպես բնակարանի հարցով նախապես ծրագրավորված ցույց տեղի ունեցավ: Հանրահավաքի մի խումբ մասնակիցներ դեղին ժիլետներ հագնելով իրենց զորակցությունը հայտնեցին «Դեղին ժիլետավորներ»-ի շարժմանը:

Երեկ առավոտյան այն պայմաններում, երբ Փարիզի «Շանզ Էիզե» փողոցի շենքերից մեկում դեռ մխում էր նախորդ գիշեր ցուցարարների միջոցով բռնկված հրդեհը, բողոքարարները հայտարարեցին, որ մինչև Ս. Ծննդյան տոները կշարունակեն բողոքի ակցիաները:

 

Էբթեքար

90-օրյա հրադադար առևտրական պատերազմում

 

ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարները 90-օրյա հրադադար հայտարարեցին երկու երկրի միջև առևտրական պատերազմում, որն իր ազդեցության տակ է առել ֆինանսական շուկաները և սպառնում է աշխարհի տնտեսական աճը: Այդ կապակցությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր չինացի պաշտոնակից Շի Ջեյն Փինգի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ որը կայացավ Բուենոս Այրեսում գումարված Մեծ Քսանյակի գագաթնաժողովի ընթացքում: Այդ պայմանավորվածության համաձայն Թրամփը համաձայնել է դադարեցնել 2019 թվականի սկզբից Չինաստանի 200 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանքներից գանձվող մաքսատուրքերը բարձրացնելու իր ծրագրի գործադրումը: Սպիտակ տան տարածած հայտարարության համաձայն Չինաստանը համաձայնել է ԱՄՆ-ից խոշոր ծավալներով արդյունաբերական արտադրանքներ, գյուղմթերք և էներգիայի ոլորտին պատկանող արտադրանքներ գնել և այդպիսով կրճատել Չինաստանի հետ առևտրում ԱՄՆ-ի առևտրական հաշվեկշռի հսկայական բացը: Առևտրական հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերվեց Շի Ջեյն Փինգի և Դոնալդ Թրամփի  ավելի քան երկու ժամ տևած ընթրիքից հետո: Այսպիսով երկու երկրները առիթ են ձեռք բերում կարգավորելու ԱՄՆ-ի տեխնոլոգիական տիրապետությանը ձեռնոց նետելու նպատակով Չինաստանի հարձակողական ջանքերի շուրջ ծագած տարաձայնությունները: Բուենոս Այրեսում ձեռք բերված պայմանավորվածությամբ երկու երկրները 90 օր ժամանակ են ունենալու կարգավորել Չինաստանի տեխնոլոգիական քաղաքականությունների և երկու կողմի առևտրական հաշվեկշռի շուրջ տարաձայնությունը: Եթե ժամկետի ավարտին նրանց չհաջողվի կարգավորել տարաձայնություններն ԱՄՆ-ն կբարձրացնի Չինաստանին ներկրվող 200 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանքներից գանձվող հարկերը:

 

Ալիք

Ամբոխավարություն` իր ամենաբացարձակ ու էժան տեսքով

 

Ես չեմ էլ կասկածում, որ ոչ հեռու ապագայում Նիկոլ Փաշինյանից մեջբերումներ կանեն ոչ միայն որպես քաղաքական գործչի, ՀՀ վարչապետի, այլեւ մի մարդու, որը մեծ ավանդ ունի Հայաստանում ամբոխավարությունը բոլորովին նոր «մակարդակի» բարձրացնելու գործում:

Եվ այսպես՝ դեկտեմբերի 1-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հերթական հավաքի ժամանակ նա ինչպես միշտ բարձարացավ բեմահարթակ ու, չխախտելով նախընտրական ողջ ընթացքի /ես կասեի վերջին 6-7 ամիսների/ ավանդույթը, իր ելութը համեմեց մրցակից ուժերին ուղղված մեղադրանքներով: Միայն թե այս անգամ նա իսկապես գերազանցեց ինքն իրեն՝ ընդդիմախոսներին, ոչ ավելի, ոչ պակաս, մեղադրելով «պետական դավաճանության» մեջ: «Եթե որեւէ մեկը ժողովրդական հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որեւէ հակազգային կամ հակապետական դավադրության մեջ, մենք իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածելու առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ»,- ասաց նա, որից հետո էլ ԱԱԾ-ին եւ ԶՈՒ հակահետախուզությանը հորդորեց զբաղվել այդ մարդականց հարցով:

Լավ, հասկացանք, նախընտրական շրջան է, եւ քաղաքական գործիչները փորձում են  ամբոխին հրամցնել այն ապրանքը, ինչ ցանկալի է նրանց, իսկ մեր օրերում ամենափնտրված ապրանքը դեպի բացարձակ հաղթանակ տանող, ատելության ամենագռեհիկ շպարմամբ էժանագին ամբոխավարությունն է, որն ամբոխի կողմից ընկալվում է դյուրությամբ: Հասկացանք, որ ավելի շատ ձայն կհավաքի նա, ով կկարողանա ավելի ուժեղ ու գռեհիկ հայհոյել մրցակցին եւ ավելի անպատասխանատու խոսել ժողովրդի անունից:  Հասկացանք, որ դրա համար կարելի է խաղադրույք կատարել հասարակության որոշակի խավի մթագնած, խիստ սահմանափակ գիտակցության, գլխի դատարկ պարունակության եւ ուղեղի ծալքերի սակավության վրա, իսկ հետո՞...

 

 

Արմենիա Սպուտնիկ

Ադրբեջանի հայտարարությունն անհեթեթություն է. Փաշինյան

 

Արարատի ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը իր նախիջևանյան այցից մանրամասներ ներկայացրեց։

Ադրբեջանի հայտարարությունը Նախիջևանում 11 000 հա ազատագրելու մասին կատարյալ անհեթեթություն է։ Այս մասին այսօր, Արարատի մարզում, ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 1–ին համար Նիկոլ Փաշինյանը։

«Ես 15 օր առաջ եղել եմ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում, որտեղ ծանոթացել եմ իրավիճակին և կարող եմ հավաստիացնել այդ մասին,– ասաց Փաշինյանը,– Հայաստանի զինված ուժերը, ինչպես նախկինում վստահորեն պաշտպանել են մեր սահմաններն ու անվտանգությունը, այնպես էլ վստահորեն շարունակում են պաշտպանել»։

Իր որակմամբ` «ավելի մանրամասն ու ոգևորող տեղեկատվություն» նա ձեռնպահ կմնա հայտնելուց` հիշեցնելով, որ ուղիղ եթերի միջոցով իր հայտարարություններին հետևում են նաև սահմանից այն կողմ։