Մամուլի տեսություն 13-01-2019
«Փայամ Ամիր Քաբիր»-ը և Շարիֆ արդյունաբերական համալսարանի պատրաստած արբանյակը («Դուսթի») առաջիկա շաբաթներում տիեզերք ուղարկվեն:
Խոռասան
«Փայամ»-ը և «Դուսթի»-ն երաշտի դեմ
Տիեզերական ծրագրերի իրագործման բնագավառում մի քանի ամյա լճացումից հետո այս օրերին այդ կապակցությամբ լավ լուրեր են ստացվում և որոշված է ուսանողական երկու արբանյակներն, այսինքն «Փայամ Ամիր Քաբիր»-ը և Շարիֆ արդյունաբերական համալսարանի պատրաստած արբանյակը («Դուսթի») առաջիկա շաբաթներում տիեզերք ուղարկվեն: Իրանի կապի նախարարի և տիեզերային կազմակերպության պատասխանատուների վերջին արտահայտությունների համաձայն այս երկու արբանյակների տեխնիկական փորձարկումն ավարտվել է և արբանյակները փոխադրվել են արձակման վայրը: Այն պայմաններում երբ «Փայամ» և «Դուսթի» արբանյակները նախագծվել են միանշանակ գիտական կիրառությամբ և պատկերահանման, հաղորդակցական, բուսական ծածկույթի քննարկման, հրդեհների, ավազափոշիների ու հողագործական տարածքների վերահսկման և տեղեկությունների հավաքագրման առաքելություններ իրականացնելու նպատակով դժբախտաբար վերջին տարիներին Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով այն երկրները, որոնք հիշյալ արբանյակների արձակման համար համագործակցության խոստում էին տվել արևմուտքի շանտաժների ազդեցության ներքո հրաժարվեցին կատարել իրենց տված խոստումները և հենց այդ պատճառով էլ տարիներ հետաձգվել է այս արբանյակների արձակումը, որոնք հիմնականում բնապահպանական մարտահրավերների կարգավորման դեսպաններ են համարվում: Այսօր, սակայն, որոշված է, որ այս արբանյակները տարիներ սպասումից հետո իրանական գիտության թևերի վրա և տեղական հրթիռների միջոցով տիեզերք փոխադրվեն:
Իրանի տիեզերային կազմակերպության տնօրեն դոկտ. Բառարին «Խոռասան» օրաթերթի հետ զրույցում բացատրելով արձակման համար պատրաստ իրանական արբանյակների կիրառությունն ու առաքելությունն ընդգծել է Իրանի տիեզերական ծրագրերի խաղաղասիրական էությունը:
Նա անդրադառնալով «Փայամ Ամիր Քաբիր» արբանյակի տեխնիկական յուրահատկություններին նշել է. «Այս արբանյակի նախագծումը սկսվեց 2005 թվականից: 100կգ կշռող այս արբանյակը տիեզերական տեխնոլոգիայի ընդլայնման միկրոարբանյակներից է, որն արտադրվել է նկարահանման առաքելություն իրականացնելու նպատակով: 500կմ բարձրության համար նախագծված արբանյակի վրա ամրացված են նկարահանման չորս սարքեր:
«Դուսթի» արբանյակի նախագծումն ու արտադրությունը սկսվել է տիեզերային կազմակերպության, «Շարիֆ» արդյունաբերական համալսարանի և այդ համալսարանի ավելի քան 100 ուսանողների, շրջանավարտների ու գիտական խորհուրդների անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2008 թվականից: 52կգ կշռող այս արբանյակը դասվում է մինյատուռային արբանյակների շարքը: Բուսական ծածկույթի մասին ուսումնասիրությունը և ջրային ռեսուրսների վերահսկումն իրանական այս արբանյակի առաքելություններից են:
Քեյհան
«Դեղին բաճկոնավորներ»-ը ժողովրդին կոչ արեցին բանկերին դիմելով հանել իրենց կապիտալը
Ֆրանսիայի նախագահի տնտեսական քաղաքականությունների դեմ բողոքարարները չնայած պետական պաշտոնատարների ազդարարություններին իններորդ անընդմեջ շաբաթը լինելով Փարիզի և Ֆրանսիայի մի քանի մեծ քաղաքների փողոցները դուրս եկան: «Ֆրանս Պրես»-ը հղում անելով «Դեղին բաճկոնավոր»-ներին գրել է, որ նրանք իրենց կողմնակիցներին կոչ են արել կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ ի նշան բողոքի այդ երկրի բանկերից հանել իրենց ֆինանսական խնայողությունները:
Բողոքարարներից մեկի ընդգծմամբ այդ քայլը նպատակ ունի օրինական միջոցներով մարտահրավեր նետել Մակրոնի կառավարությանը, քանի որ բանկային համակարգի թուլացումը նաև թուլացնելու է կառավարությանը:
«Դեղին բաճկոնավորներ»-ը կառավարության վրա ճնշում գործադրելով ցանկանում են նոր օրենքների վավերացման ուղղությամբ քվեի տեր դառնալ:
Իհարկե քանի որ բանկային հաշիվներից օրվա ընթացքում որոշակի չափով գումար կարելի է հանել «Դեղին բաճկոնավորներ»-ի այս քայլը դժվար թե սպասված արդյունքն ունենա: Այդուհանդերձ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրոնո Լումերն ուրբաթ օրը երրորդ անգամ ազդարարեց «Դեղին բաճկոնավորներ»-ի ճգնաժամի ընդլայնման կապակցությամբ: Նրա ընդգծմամբ այս ճգնաժամը տարվա վերջին եռամսյակում երկրի տնտեսական աճը նվազեցնելու է: Լումերը նաև զգուշացրել է, որ եթե «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժմանը վերջ չտրվի Ֆրանսիան միջազգային առևտրի ոլորտում սև տարի է դիմագրավելու:
Հաղորդումների համաձայն այս բողոքները մինչ օրս ավելի քան 10 միլիարդ եվրո վնաս են պատճառել Ֆրանսիայի տնտեսությանը:
Tert.am
Այս խորհրդարանն առավելագույնը 2 տարվա կյանք պետք է ունենա. Պետրոս Մակեյան
7-րդ գումարման Ազգային ժողովից ակնկալիքները շատ են, սերնդափոխությունն, իհարկե լավ է, որը, սակայն, շատ կտրուկ եղավ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
Ըստ Մակեյանի՝ այս ԱԺ-ն առավելագույնը 2 տարվա կյանք պետք է ունենա. «Պետք է լուծի Սահմանադրության փոփոխության, Ընտրական օրենսգրքի, անցումային արդարադատության, «Կուսակցությունների մասին» օրենքի հետ կապված հարցերը և դրանից հետո, անպայման, պետք է գնա նոր ընտրությունների, հակառակ պարագայում մեր խնդիրները կշատանան»,- ասաց նա:
Թե ինչու պետք է կրկին արտահերթ ընտրություններ կազմակերպեն՝ հաշվի առնելով բարձր լեգիտիմությունը, Մակեյանը պատասխանեց. «Իհարկե, լեգիտիմության խնդիր չկա, պետք է հաշվի առնել, որ հետհեղափոխական այս բարձր էյֆորիայի պարագայում ընտրություններն անցան զգացական մակարդակով, և, բնականաբար, երկու տարվա ընթացում իմ ասած հրատապ խնդիրները լուծելուց հետո ճիշտ կլինի արդեն նոր իրավիճակում հանրությանն ավելի սթափ հնարավորություն ընձեռնել ընտրության գնալու»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանը մասամբ համաձայն է, որ քաղաքական դաշտն ինչ-որ առումով մենաշնորհվել է, և եթե նախկինում դա ՀՀԿ-ի կողմից էր, հիմա «Իմ քայլը» դաշինքի:
Ըստ Մակեյանի՝ ԱԺ-ում այսօր ընդդիմություն խաղում են, ոչ թե իրական ընդդիմություն են: «Իրենք իրենց կենսակերպով ամբողջ ընթացքում ընդդիմադիր պայքարի մեջ չեն եղել, այդ իմաստով, այո, խնդիրն առկա է, և այդ իմաստով պատասխանը նույնն է՝ երկու տարին առավելագույն ժամկետն է նոր ընտրություններ անցկացնելու և ընդդիմություն ձևավորելու համար»,- ասաց նա:
Ալիք
Հայության բողոքները ձախողել են թուրքական պատվիրակության Ֆրեզնո այցելելու ծրագիրը
Ուտեստեղենի մարզը ներկայացնող թրքական մի պատվիրակություն Կալիֆորնիա պիտի այցելի առաջիկա շաբաթ, նահանգի գործարարների հետ հարաբերությունները սերտացնելու, ինչպես նաեւ նահանգի հետ առեւտուրը զարգացնելու կարելիությունները քննելու համար։
25 հոգինոց պատվիրակությունը կներկայացնի 14 ընկերություններ։
Պատվիրակությունը 15 հունվարին հանդիպում պիտի ունենար Ֆրեզնոյի Առեւտուրի գրասենյակի, Ֆրեզնո գավառի տնտեսական զարգացման հաստատության եւ Ֆրեզնո գավառի հողագործական գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Այս այցելության մասին տեղեկության հրապարակումից հետո շրջանի հայության մոտ բարձրացած բողոքի ալիքի մասին պատկան մարմիններին զեկուցել են Ֆրեզնոյի մոտ Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը եւ Ֆրեզնոյի Հայ Դատի հանձնախումբի ատենապետ Սեւակ Թաթեոսյանը։
Անսալով հայ գաղութի արտահայտած դժգոհության, Ֆրեզնոյի Առեւտուրի գրասենյակը, Ֆրեզնո գավառի տնտեսական զարգացման հաստատությունը, Ֆրեզնո գավառի Հողագործական գրասենյակը, պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը եւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի մեջ Ֆրեզնոն ներկայացնող Անդրեաս Պորկասը միացյալ հայտարարությամբ տեղեկացրել են, որ նշյալ հանդիպումները ջնջված են։
Արեւմտյան Միջերկրականի արտադրողների միության անունի տակ գործող թրքական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպումներ են ծրագրել նաեւ Լոս Անջելսի եւ Սան Ֆրանսիսկոյի մեջ։
Պատվիրակության այցելությունը համակարգված է Թուրքիայի առեւտրի նախարարության կողմից։