ԱՄՆ վարչակազմը պիտի պատասխանատու լինի մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման համար
Ի նշան բողոքի PRESS TV հեռուստակայանի հաղորդավար և աշխատակից Մարզիե Հաշեմիի կալանավորման դեմ, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարություն:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է. «Նկատի առնելով PRESS TV հեռուստակայանի աշխատակից և Իրանի քաղաքացի Մարզիե Հաշեմիի կալանավորման ձգձգվելը, երեքշաբթի օրը ԱԳ նախարարություն է կանչվել Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան, Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթները և նրան է փոխանցվել ԻԻՀ-ի խիստ բողոքը»:
Շվեյցարիայի դեսպանին հանձնված Իրանի պաշտոնական նոտայում ասված է. «ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI-ի աշխատակիցների վերաբերմունքը և այս միջադեպի կապակցությամբ Վաշինգտոնի իշխանությունների կասկածելի լռությունը, հակասում են միջազգային պարտավորություններին և համարվում են մարդու իրավունքների կոպիտ խախտում, որի համար ԱՄՆ վարչակազմը պետք է պատասխանատու լինի»:
PRESS TV հեռուստակայանի ամերիկացի հաղորդավար և աշխատակից Մարզիե Հաշեմին (Մելանի Ֆրանկլին), հունվարի 13-ին, առանց հստակ մեղադրանքի առաջադրման, կալանավորվեց ԱՄՆ-ի «Սենթ Լուիս»-ի օդանավակայանում և փոխադրվեց Վաշինգտոնում գտնվող FBI-ի կալանավայրերից մեկը: Նա ԱՄՆ էր մեկնել հանդիպելու իր հարազատներին և արդեն 10-րդ օրն է ինչ անօրինական կերպով կալանքի տակ է պահվում:
Հունվարի 18-ին գումարված Հաշեմի գործով դատական առաջին նիստը նախագահող դատավորը հաստատեց, որ Մարզիե Հաշեմին որևէ հանցանք չի գործել և ներգրաված է միայն որպես մի գորղով «կարևոր վկա»: Դեռ պարզ չէ, թե նա երբ է ազատ արձակվելու:
Մարզիե Հաշեմին վկայություն տալու համար երկու անգամ ներկայացել է Վաշինգտոնի դատարանը և դեռ հայտնի չէ, թե նա մինչև երբ է որպես վկա ներկայանալու դատարանում: PRESS TV-ի հաղորդավար Մարզիե Հաշեմին մի քանի օր առաջ, հեռախոսակապի ժամանակ ընդգծել է, որ իր հանդեպ վերաբերմունքը նման է եղել հանցագործների ու ոճրագործների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին և բանտում պայմանները չափազանց անհանգստացնող են: Իր դստեր հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցած տեղեկությունների համաձայն բանտի պատասխանատուները նրա ձեռքերին ու ոտքերին շղթա հագցնելով և , նրանից վերցնելով իր հիջաբն ու զրկելով հալալ ուտեստից, ոտնահարել են իր իրավունքները:
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից նման վերաբերմունք աննախադեպ չէ: Ամերիկացիներն անգամներ ապացուցել են, որ մասնավորապես մուսուլմանների, սևամորթների, ազգային փոքրամասնությունների ու մամուլի ներկայացուցիչների դեմ անարդար մոտեցումները որպես քաղաքական լծակ են օգտագործում:
«Մինթ Փրես» կայքը մի հաղորդման մեջ գրում է. «Իրանական PRESS TV հեռուստակայանի հաղորդավար ու աշխատակից Մարզիե Հաշեմիի կալանավորումը քաղաքական բազմաթիվ դրդապատճառներ ունի»:
«Ռաշա Թուդեյ» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելեվն ասում է. «ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում պատանդառության է դիմում, քանի որ ցանկանում է այդպիսով ազդել այլ երկրների քաղաքականության վրա և դժբախտաբար նկատում ենք, որ այս անգամ կալանավորել է մի կին լրագրողի»:
Որպես կին լրագրող Մարզիե Հաշեմիի իրավունքների ոտնահարումն անկասկած միջազգային ծավալ ունի: Այդ պատճառով էլ այս մուսուլման կնոջ ոտնահարված իրավունքների վերականգնման համար անհրաժեշտ է միջազգային իրավունքի շրջանակներում քայլեր ձեռնարկել: