Մամուլի տեսություն 01-02-2019
Իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց դեռ այս հսկա իրադարձության արմատները զբաղեցնում են արևմուտքցի պատմաբանների ու փորձագետների միտքը:
Ֆարս
Արևմտյան մտածողների պատկերացմամբ իսլամական հեղափոխության հաղթանակի պատճառների 40-ամյա առեղծվածը
Իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց դեռ այս հսկա իրադարձության արմատները զբաղեցնում են արևմուտքցի պատմաբանների ու փորձագետների միտքը:
Ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆոկոյի ընդգծմամբ Իրանի իսլամական հեղափոխությունը 20-րդ դարում աշխարհին նոր շունչ հաղորդեց: Շունչ որ կարողացավ փոփոխություն մտցնել Սառը պատերազմի շրջանի երկբևեռ աշխարհում գործող հավասարություններից շատերում: Այս նոր շունչը ոչ միայն զարմանալի ազդեցություն գործեց միջազգային հարաբերությունների ասպարեզում, այլև 40 տարի անց շարունակում է հետաքրքրել արևմուտքցի մտածողներին:
Որևէ մեկը չի կարող ժխտել այն իրողությունը որ միջազգային մամուլի խոշոր մասը պաշտպանում էր Փահլավիի ռեժիմը և այդ ռեժիմի ծառայություններին նվիրված բազմաթիվ հոդվածներ էր հրապարակում: Դրա գլխավոր պատճառն այս կարգի մամուլին հատկացվող խոշոր գումարներն էին: Միևնույն ժամանակ միջազգային մամուլի ամենաչնչին քննադատությանն անմիջապես հաջորդում էր Փահլավիի ռեժիմի հերքումը և կամ նույնիսկ սպառնալիքը:
Միջազգային մամուլի վրա Փահլավիի ռեժիմի գերիշխումն ըմբռնելու համար բավարար է թռուցիկ հայացք նետել այն չափազանցված ու շաղակրատող հոդվածներին, որոնց 2500-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ տպագրվեցին եվրոպական ու ամերիկյան հայտնի մամուլում:
Այս միջոցին միայն անկախ ու ձախակողմյան մամուլն էր, որ այս տոնակատարության մասին քննադատական հոդվածներ տպագրեց:
Բնական է, որ հիշատակված պայմաններում ու լրատվական նման մակարդակի գերիշխանությամբ չէր կարելի ակնկալել, որ հատկապես 1970-ական թվականներին ռեժիմի հզորության շրջանում իշխանությունների դեմ սուր քննադատություններ հնչեցվեին: Այդուհանդերձ այդ տասնամյակի կեսերից արևմուտքում մարդու իրավունքների հետ կապված թեմայի արծարծումը և Իրանում հակաիշխանական գործունեության պատճառով տասնյակ հազարավորների բանտում հայտնվելը լրատվական դաշտում խոր ճեղքվածք առաջացրեցին և արևմտյան մամուլում էլ սկսեցին քննադատություններ հնչեցվել:
Այս երևույթն այն ժամանակ առավել լուրջ տեսք ստացավ երբ հրապարակվեց Իրանի ժողովրդին մասսայական բռնաճնշման ենթարկվելու մասին Միջազգային համաներում կազմակերպության զեկույցը:
Այս զեկույցն անմիջապես լայն արձագանք գտավ մամուլում: Օրինակ «Նյու Յորք Թայմզ»-ն այս կապակցությամբ մի հոդվածում հղում կատարելով Միջազգային համաներում կազմակերպության զեկույցին, գրեց. «Միջազգային համաներում կազմակերպության կողմից հրապարակված հոդվածում հավակնություն է կատարվել, որ 25 հազարից մինչև 100 հազար մարդ Իրանում քաղաքական հայացքների պատճառով հայտնվել է բանտում և Իրանի գաղտնի ծառայությունները հարցաքննելիս նրանց կտտանքների են ենթարկում»:
Միջազգային համաներում կազմակերպության զեկույցում նշվել էր, 1972 թվականից ի վեր Իրանում 300 քաղբանտարկյալներ մահվան են դատապարտվել և 1976 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Իրանի կառավարությունը հայտարարել է 22 քաղբանտարկյալների մահապատժի ենթարկվելու մասին:
Այսպիսով Փահլավիի ռեժիմի կաշառքն էլ չկարողացավ կանխել այս ալիքը: Ժողովրդային ցույցերի գագաթնակետին հասնելը պատճառ դարձավ, որ հետզհետե միջազգային մամուլում քննադատական հոդվածներ հրապարակվեն:
Իսլամական հեղափոխության հաղթանակով մի կողմ թողած ԻԻՀ համակարգի հանդեպ մամուլի այդ ներկայացուցիչների հայացքները Փահլավիի ռեժիմի կործանման պատճառների քննարկումը գրեթե 30 տարի տարբեր գրքերի ու հոդվածների հրապարակմամբ շարունակվում է:
News.am
Հայկական ընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները ընտրովի բնույթ են կրել․ Արամ Համբարյան
Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է իրանական Mahan Air ավիաընկերությանն առնչվող հայկական ընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների ընտրովի բնույթի մասին։ Ընկերությունների թվում, որոնց վրա տարածվել են ԱՄՆ պատժամիջոցները, հայտնվել են ընկերություններ Հայաստանից, Թայլանդից եւ Մալայզիայից՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան, չգիտես ինչու, խուսափել են պատժամիջոցներից։
Ամբարյանը մի հատված է մեջբերում The Hill-ում ամերիկյան լրագրող Էմանուել Օտլենգիի հրատարակված հոդվածից, որը հիմնավորում է Mahan Air-ի հետ կապված ցանկացած կազմակերպության դեմ համակողմանի պատժամիջոցների անհրաժեշտությունը։
«Թեեւ հեղինակը, կարծես, հանդես է գալիս այդպիսի պատժամիջոցների հետեւողական սահմանման օգտին, փաստերը ցույց են տալիս, որ բոլորովին այլ բան է տեղի ունենում»,- Facebook-ի իր էջում գրում է Համբարյանը։
«Օտլենգիի սեփական հետազոտությունը բացահայտել է Թուրքիայում առնվազն 67 ընկերություններ, այդ թվում՝ 8 բեռնատար, զբոսաշրջային, որոնք ծառայություններ են մատուցել Mahan Air-ին։
ԱՄՆ գանձապետարանը թվարկում է 41 միջազգային նշանակակետ Mahan Air-ի չվերթների համար, այդ թվում՝ 1-ը՝ Ադրբեջանում, 5-ը՝ Թուրքիայում։
Mahan Air-ի կայքում թվարկված են 26 մասնաճյուղեր կամ վաճառքի գրասենյակներ, որոնց թվում Airport Cargo GSA թուրքական ընկերությունը, որը երեք վաճառքի գրասենյակ ունի (Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում):
Այսօրվա դրությամբ հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Mahan Air-ի հետ աշխատող երեք ընկերությունների դեմ՝ Մալայզիայում,Թայլանդում եւ Հայաստանում՝ առանց պաշտոնապես բացատրելու դրանց ընտրովի բնույթը։
Մինչ այժմ Թուրքիան ու Ադրբեջանը ազատված են Mahan Air-ի հետ կապված պատժամիջոցներից։ Երկու երկրներն էլ բավական մեծ մասշտաբով օգտվում են Իրանի հետ կոմերցիոն ընդլայնված կապերի ազատությունից։ Առանձնացվում են երկու վառ օրինակներ՝
- ԱՄՆ կառավարությունը Թուրքիային ազատել է միլիարդավոր դոլարների իրանական հում նավթի արտահանման համար պատժամիջոցներից։
- ԱՄՆ կառավարությունը Բաքվին ազատել է Ադրբեջանում գազի Շահ-Դենիզ հանքավայրում Իրանի նավթային ազգային ընկերության բազմամիլիարդանոց մասնաբաժնի (10 տոկոս) համար պատժամիջոցներից։
Այս փաստերը լուրջ հարցեր են առաջացնում՝ կապված պատժամիջոցների ընտրովի սահմանման հետ»,- կարծում է Ամբարյանը։
Իրատես
Ընդդիմադիր նոր ճակատ է ձևավորվում. Ովքեր են հեղինակները
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իշխանությունը ժողովուրդն է, իրականում ամեն տեղ «ասողն» ինքն է: Խորհրդարանական ուժերը, այսպես թե այնպես, «խաղում» են նրա դաշտում` խուսափելով քննադատության թիրախ դարձնելուց կառավարության ղեկավարին:
Սա ինչ-որ առումով հիշեցնում է նախկին որոշ խորհրդարանական ուժերի, որոնք բոլորին քննադատում էին, բայց Սերժ Սարգսյանի անվանը «սրբազան սարսուռով» էին վերաբերվում: Սա է պատճառը նաև, որ արտախորհրդարանական ուժերն ավելի արմատական ընդդիմադիր են դիտարկվում, քան խորհրդարանականները:
Ավելին, քաղաքական օրակարգի բացակայության պատճառով, մեր տեղեկություններով, որոշ արտախորհրդարանական ուժեր, անհատներ որոշել են նոր ճակատ ձևավորել, որպեսզի նախ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում թելադրեն իշխանություններին, ապա իրենց քայլերով հակազդեն իշխանության քաղաքականությանը: Այս նախաձեռնության անդամները հստակ խնդիրներ են տեսնում և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունում, որոնք հասարակությունը դեռ չի ցանկանում «բաց աչքերով» տեսնել: Առաջիկայում պարզ կդառնա, թե որ ուժերն ու անհատներն են այս նախաձեռնության հեղինակները»: