ԱՄՆ-ն փորձում է ռազմական հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում
Վենեսուելայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը: ԱՄՆ-ն մեծացրել է իր ջանքերն այդ երկրում իրավիճակը փոխելու համար: Վաշինգտոնը տնտեսական միջոցներ է կիրառել Վենեսուելայի ձախամետ կառավարության և այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ի դեպ, Վաշինգտոնը սպառնում է ռազմական ուժ կիրառել Կարակասի դեմ:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում այդ երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու և քաղաքացիական պատերազմ հրահրելու համար:
Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արեասան ասել է.«ԱՄՆ-ն և Վենեսուելայի ընդդիմադիրները փորձում են քաղաքացիական պատերազմ հրահրել երկրում: Նրանք սպասեցին և ապա ֆինանսավորեցին ռազմական տեղաշարժերը»:
Այնուամենայնիվ, Վենեսուելայի ԱԳ նախարարը համոզված է, որ այդ երկրի Զինված ուժերը Սահմանադրության համաձայն աջակցելու են օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Միացյալ Նահանգները պատժամիջոցների կիրառման և Վենեսուելայի ակտիվների սառեցման շրջանակում տնտեսական ճնշումներ գործադրելով և աջակցելով ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, մտադիր է ամեն կերպ Մադուրոյին զրկել Վենեսուելայի Զինված ուժերի հրամանատարների հավատարմությունից, որպեսզի այդպիսով ենթահող ստեղծի այդ երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն աջակցելով Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին, ասել է. «ԱՄՆ-ն պատժամիջոցներից կազատի Վենեսուելայի այն բարձրաստիճան ռազմական սպաներին, ովքեր պաշտոնապես ճանաչեն Խուան Գուայդոյին, որպես Վենեսուելայի նախագահ»:
Փաստորեն Վաշինգտոնը մտադիր է Վենեսուելայի բանակի բարձրաստիճան հրամանատարներին մի կերպ համոզել՝ ենթահող ստեղծել այդ երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար: Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քաջ գիտակցում են, որ քանի դեռ Վենեսուելայի բանակը չի աջակցել Գուայդոյին, նա իշխանությունն իր ձեռքը վերցնելու ոչ մի շանս չի կարող ունենալ: Իսկ Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոն բանակին կոչ է արել համախմբվել և ապաստամբել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի և ԱՄՆ-ի պահանջների դեմ:
Խուան Գուայդոն 2019 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հովանավորությամբ իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ: Շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Ուրուգվայը, դատապարտեցին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների այդ քայլն ընդգծելով Վենեսուելայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, պատժամիջոցներ կիրառելով և Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին աջակցելով, փորձում են տապալել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող այդ երկրի օրինական կառավարությանը: Սակայն Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ի տիրակալությանը դեմ մի շարք երկրներ, լրջորեն դեմ են հանդես եկել այդ կողմնորոշմանը: Մոսկվան զգուշացրել է, որ Վենեսուելայի դեմ ռազմական ուժի կիրառումը աղետալի հետևանքներ կարող է ունենալ: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ Կարակասի նկատմամբ իր ուղեգիծն ընդունելի այլընտրանք ունի»:
Ներկայումս միջազգային առճակատում է ձևավորվել Վենեսուելայի ապագայի վերաբերյալ: Այս առճակատումը վերաբերում է ոչ միայն Վենեսուելայի ապագային, այլ միջազգային համակարգին և նրա հետագա կառուցվածքին: