Մամուլի տեսություն 09.03.2019
Շաբաթ օրվա մամուլի խորագրերից՝ - Միջազգային հանրությունը բողոքում է սաուդյան ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտման դեմ - Իրանի դատական իշխանության նոր ղեկավարի ընտրության արձագանքները
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Ալե-սաուդական ռեժիմի դեմ համաշխարհային միասնական ճակատի ձևավորումը
Համադրված դիրքորոշում ընդունելով, միջազգային հանրությունը մեծ քայլեր է արել Ալե-սաուդական ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտման դեմ պայքարի ուղղությամբ: Միջազգային հանրությունը քննադատել է սաուդցի կին ակտիվիստների ձերբակալուլթունը և պահանջել է սաուդցի քննադատ Ջեմալ Խաշողչիի սպանության գործի հետ կապված քննություններին Ռիադի համագործակցությունը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը խստորեն քննադատել է Արաբիային և մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Հայտնում ենք մեր մտահոգությունները ՝ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ակտիվիստների ձերբակալումների կապակցությամբ»:
«Ջավան» օրաթերթ
Սպուտնիկ «Եթե Թել Ավիվը խոցի իրանական նավթատարներն ապա նույնիսկ մեկ լիտր վառելիք չի հասնելու Իսրայել»
«Սպուտնիկ» ռուսական գործակալության հաղորդմամբ, Նեթանյահուն սպառնացել է, որ Իսրայելը խոցելու է Իրանի նավթը մաքսանենգող նավթատարները: Իհարկե պարզ չէ, թե Իրանի նավթի մաքսանենգում ասելով, նա ի՞նչ է ի նկատի ունեցել»:
«Ըստ միջազգային գործող օրենքների, Իրանն իրավունք ունի նավթ արտահանել և եթե ԱՄՆ-ը խախտել է միջազգային իրավունքները և իր կողմից Իրանի նավթի համար օրենքներ է սահմանել, դա չի նշանակում, որ ամերիկյան որոշումները համատարած են ողջ աշխարհում, որտեղ չեն ընդգրկվում ԱՄՆ-ը և Իսրայելը».-հաղորդում է ռուսական գործակալությունը:
Սպուտնիկը շարունակում է.«Փաստորեն իրանական նավթի մաքսանենգում հասկացություն գոյություն չունի և Իրանի նավթի արտահանումն օրինական բնույթ է կրում: Այստեղ ԱՄՆ-ն է ոտքի տակ դրել ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումները»:
«Քեյհան» օրաթերթ
Կրկնապատկվել է Իրանի հետ ԱՄՆ-ի առևտուրը , իսկ Եվրոպային արգելվում է Թեհրանի հետ առևտրի մեջ մտնել
ԱՄՆ կառավարությունը ճնշում է ասիական ու եվրոպական երկրներին ՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու համար , իսկ մյուս կողմից ֆինանսական հատուկ մեխանիզմում Գերմանիայի ներկայացուցիչ Միգուել Բերգերը տեղեկացնում է Իրանի հետ ԱՄՆ-ի առևտրական ծավալների կրկնակի աճի մասին:
Միգուելը, ով նաև Գերմանիայի ԱԳ նախարարի օգնականն է, Թուիթերում գրել է.«2018 թ.-ին Իրանի հետ ԱՄՆ-ի առևտրի ծավալները երկու անգամ ավելացել են՝ հասնելով վերջին տասը տարիների բարձրագույն մակարդակին»:
«Համդելի» օրաթերթ
Բրիտանիան դիվանագիտական պաշտպանություն է տրամադրում Իրանում հետախուզման մեջ գտնվող անձին հանդեպ
Բրիտանիայում Իրանի դեսպանն իրավական հիմքերից զուրկ է որակել այդ որոշումը
Իրանի և Բրիտանիայի միջև դիվանագիտական տարաձայնությունների պատճառներից մեկը ՝ Նազանին Զաղերի Ռեյթաքլիֆի կալանավորումն այդ երկրի ԱԳՆ-ի նոր որոշման պատճառով, նոր մեկնաբանությունների առիթ է տվել: Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ իր երկիրը իրանական ծագումով բրիտանացուն դիվանագիտական պաշտպանության տակ է առնելու՝ օրենքից պաշտպանվելու համար: Դիվանագիտական պաշտպանությունը միջազգային օրենքների շրջանակում, սահմանափակում է հյուրընկալ երկրին ձերբակալութունների ու դատական հետապնդումների հարցում: Փորձագետները կարևորել են սովորաբար դեսպանատների պաշտոնյաներին շնորհվող «Դիվանագիտական անձեռնմխելիության» և «Դիվանագիտական պաշտպանության» միջև տարբերությունները:
«Խորասան» օրաթերթ
Ութ հրամանագրեր ՝ դատական փոփոխության համար
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, Հոջաթոլէսլամ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին նշանակել է Իրանի դատական համակարգի ղեկավար:
«Քեյհան» օրաթերթ
Ռոհանի .«ԱՄՆ-ը պետք է վերադառնա ՀԳՀԾ և խոստովանի իր սխալը»
meganews.am
Նոր հնարավորություն Սփյուռքի համար. տնտեսական հեղափոխության նոր շահաբաժինը
Հեղինակ՝ Արամ Ամատունի
Նախօրեին վարչապետ Փաշինյանը, մասնակցելով դիվանագետի օրվա առիթով կազմակերպված ընդունելությանը, հայտարարել էր, որ մեր դիվանագետները ունեն տնտեսական հեղափոխությանը մասնակցելու բացառիկ հնարավորություն: Նկատի է առնվում այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեծացվում է տնտեսական բաղադրիչը, և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալվելու է ներդրումների ուղղությամբ աշխատանք Հայաստանում օտարերկրյա կապիտալի ներգրավում ապահովելու համար: Այդ խնդիրներն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների, դեսպանների առաջ դնում են գործնականում բոլոր պետությունները, և այդ իմաստով Հայաստանի որոշումը ամենևին նոր չէ: Նոր չէ նաև ընդհանրապես պրակտիկայի իմաստով՝ հենց մեր քաղաքականության տեսանկյունից:
Արտաքին գործարարությունում մի քանի տարի առաջ նույնիսկ հատուկ փոխնախարարի հաստիք բացվեց, որը զբաղեցնում էր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը: Եվ ինչ տնտեսական էֆեկտ ունեցավ այդ հաստիքը, դժվար է ասել, ըստ էության նա չունեցավ աշխատելու հնարավորություն, մոտ մեկ տարի անց եղավ թավշյա հեղափոխությունը: Սակայն աներկբա է նաև, որ աշխատանքի հիմնական ծանրությունը պետք է լինի դեսպանների, դիվանագետների, ոչ թե փոխնախարարի ուսին, և թերևս ճիշտ էր մամուլը, որ այդ ժամանակ գրում էր, թե պաշտոնը ստեղծվել է հենց ուղղակի Ռոբերտ Հարությունյանին տեղավորելու համար, քանի որ նա գործազուրկ էր մնացել այն բանից հետո, երբ ԵՏՄ հանձնաժողովում երկրները երեք ներկայացուցչի փոխարեն ունեցան երկուսի հնարավորություն: Իսկ ունե՞նք մենք դիվանագիտական կորպուս, որն ունակ է իրականացնելու նոր առաքելությունն արդեն թավշյա հեղափոխության պայմաններում: Ընդ որում, սա ոչ միայն դիվանագիտական կորպուսի նախկինից եկած կազմին և դրա ձևավորման, մեղմ ասած, հակադիվանագիտական սկզբունքներին առնչվող հարց չէ:
Ներկայումս Երևանը հայտարարել է, որ անցնում է դեսպանների նշանակման այսպես ասած՝ զուտ մասնագիտական, այսինքն՝ կադրային դիվանագիտության սկզբունքին: Ակնհայտ է, որ սրանից զատ, իհարկե, կա ուղղակի տնտեսական բանակցության կարողությունների խնդիր նաև, այն իմաստով, որ մեր դիվանագետները պետք է կարողանան հարաբերվել բիզնեսի հետ: Ավելին, այդ առումով նույնիսկ նախկինում հնարավորությունները գուցե ավելի շատ էին, որովհետև դիվանագիտական պաշտոններ զբաղեցնում էին նաև բիզնեսմենները, որոնք, սակայն, ոչ թե պետության, այլ սեփական տնտեսական շահերն էին սպասարկում: Այսօր մեր դիվանագիտության մեջ տնտեսական նպատակների բաղադրիչն ավելացնելով, մեր դիվանագետների մասնագիտական կարողություններում պետք է ավելացնենք նաև տնտեսական բնույթի հարաբերության կարողությունը: Ունիվերսալ առումով սա, անշուշտ, նրանք ունեն, սակայն եթե կա հստակ նպատակադրում, ապա պետք է լինի թերևս նաև հատուկ հմտությունների զարգացում: Մյուս կողմից, իհարկե, այս հարցը հնարավոր է լուծել այսպես ասած՝ տնտեսական կցորդների միջոցով, ավելի նեղ մասնագիտական հմտություններին ապավինելով: Սա մի կողմից լրացուցիչ ծախս է պետության վրա, մյուս կողմից, սակայն, հնարավոր է էֆեկտիվությունը հաշվարկել հստակ չափումներով, առավել ևս, որ այդ մեխանիզմը կարող է գործի դրվել թիրախավորված երկրների դեպքում, ոչ թե համատարած: Եվ առավել ևս, որ այստեղ թերևս այն ուղղությունն է, որտեղ մեծ հնարավորություն կա օգտագործել հենց Սփյուռքի ներուժը: Այդ իմաստով, ներկայիս իրավիճակն ու նպատակադրումը ոչ միայն դիվանագետների համար է տնտեսական հեղափոխությանը մասնակցելու հնարավորություն, այլ նաև Սփյուռքի այն կադրերի, որոնք տնտեսվարող, ներդրող չեն, սակայն տնտեսության մասնագետներ են և կարող են հիանալի աշխատել ներդրողների հետ, իրենց երկրներում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: