Մամուլի տեսություն 12.06.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108315-Մամուլի_տեսություն_12.06.2019
Այսօր իրանական մամուլի առաջին էջերն անդրադարձել են Սինզո Աբեի Թեհրան կատարած այցին: Որոշ լուրերի համաձայն Աբեն ժամանել է Թեհրան՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդության նպատակով: Որոշ ճապոնացի պաշտոնյաներ սակայն, հերքում են այդ լուրերը
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունիս 12, 2019 09:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.06.2019

Այսօր իրանական մամուլի առաջին էջերն անդրադարձել են Սինզո Աբեի Թեհրան կատարած այցին: Որոշ լուրերի համաձայն Աբեն ժամանել է Թեհրան՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդության նպատակով: Որոշ ճապոնացի պաշտոնյաներ սակայն, հերքում են այդ լուրերը

«Մարդոմսալարի» օրաթերթ

Շինզո Աբեն միջնորդության նպատակով չի գալիս

Ճապոնիայի կառավարության մի պաշտոնյա հայտարարել է, որ այդ երկրի վարչապետ Շինզո Աբեի այցը Թեհրան, ներկա ժամանակատվածում «Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդություն անելու նպատակով չէ»:

Թեհրանում Ճապոնիայի դեսպանատանը կայացած մամլո ասուլիսում, այս պաշտոնյան հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետի այցի նպատակը Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերին աջակցելն է:

Նա հավելել է որ Շինզո Աբեն նպատակ չունի միջնորդի դեր կատարել Իրանի ու ԱՄՆ-ի միջև:

 

«Քեյհան» օրաթերթ

Եթե ԱՄՆ-ն չմտածված քայլ կատարի, Միջին Արևելքն ամերիկացի զինվորների համար կվերածվի ճահճի

Լո Բլոգ կայքը հրապարակել է The Five College ինստիտոտի համաշխարհային խաղաղության ու անվտանգության բաժնի ղեկավար Մայքլ Քլարի հոդվածը, որում վերջինս գրել է, որ Իրաքում և Աֆղանստանում պատերազմների արդյունքում ամերիկյան զորքերի թուլության հետևանքով, այդ երկիրը չի կարող նոր պատերազմ սկսել:

Հոդվածում Քլարը գրել է. «Վաշինգտոնը հասկացել է, որ նման քայլը ամերիկացի զինվորներին կքաշի ճահճի մեջ»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի պատերազմատենչ հայտարարություններին, հոդվածագիրը գրել է. «Չնայած այդ երկրի զինված ուժերը խիստ թուլացել են ահաբեկիչների դեմ տարած պատերազմում, սակայն ԱՄՆ-ն փորձում է պայքարել Չիանստանի ուՌուսաստանի դեմ»:

 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Թրամփը սպառնացել է Չինաստանի նախագահին

Չորեքշաբթի օրը, Դոնալդ Թրամփն անդրադառնալով Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնության հավանականությանն ասել է, որ եթե Չինաստանի նախագահը իրեն հանդիպելու նպատակով չմասանակցի G20 համաժողովին, նույն օրը կհաստատի չինական ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքը:

CNBC ցանցին տված հարցազրույցում, Թրամփը հայտարարել է, որ ասիական այդ խոշոր երկիրը կանգնած է ազգային արժույթի արժեզրկման խնդրի առջև և ստիպված է այդ կարուստը փոխհատուցելու համար, կոնկրետ քայլեր կատարել: Նա հավելել է, որ ազգային արժույթի արժեզրկումը կարող է դժվար խաղի համար հարմար դաշտ ձևավորել:

Պեկինի հետ համաձայնության հավանականության մասին, ԱՄՆ նախագահն ասել է. «Ես համոզված եմ, որ չինացիները առևտրային համաձայնագիր կստորագրեն ԱՄՆ-ի հետ, քանի որ ունեն դրա կարիքը»:

 

«Համշահրի» օրաթերթ

Հաջորդ ուրբաթ, Բիշկեկում հանդիպելու են Պուտինը և Ռոհանին

Կրեմլը հայտարարել է, որ Իրանի և ՌԴ նախագահները հանդիպելու են հունի 14-ին Բիշկեկում կայանալիք նիստի շրջանակներում և նրանց քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է ՀԳՀԾ-ն:  

Հանդիպումը կայանալու է Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ կողմերը զրուցելու են գլոբալ խնդիրների, այդ թվում՝ Սիրայի զարգացումների և Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ կայացած համաձայնության շուրջ:

 

armenpress.am

Կատարի գործարարները ՀՀ նախագահի հրավերով կուսումնասիրեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Կատարի գործարարները Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով նախատեսում են հաջորդ տարի այցելել Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով www.gulf-times-ը, այս մասին ասել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Մոհամեդ բին Ահմեդ ալ-Օբաիդլին:

Մոհամեդ բին Ահմեդ ալ-Օբաիդլին, ով «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նշել է, որ ՀՀ նախագահը շահագրգռված է իր երկրում նոր ներդրումներ ներգրավելու հարցում: «Հայաստանի նախագահը Կատարի գործարարներին կոչ արեց ուսումնասիրել իր երկրի ներդրումային հնարավորությունները»,- ասել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել են հայկական և կատարական մասնավոր և գործարար ոլորտների միջև համագործակցությունն ամրապնդելու հետ կապված հարցեր:

Մոհամեդ բին Ահմեդ ալ-Օբաիդլին ընդգծել է, որ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Կատարի և Հայաստանի միջև սերտ հարաբերությունները և ընդգծել է բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի և տնտեսության ոլորտում այդ հարաբերություններն ամրապնդելու իր ցանկությունը:

Կատարի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ներդրումային միջավայրը գրավիչ է: «Մենք քննարկել ենք նաև Կատարի և Հայաստանի մասնավոր սեկտորների միջև համագործակցության ասպեկտները՝ հատկապես սննդամթերքի անվտանգության ուղղությամբ»,- ասել է ալ-Օբաիդլին:

 

 

armenpress.am

Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասաց հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանում տեղի ունեցած հայտնի ներքաղաքական փոփոխություններից մեկ տարի հետո մեր հարաբերություններում պահպանվել է շարունակականությունը, սա երևի ամենակարևորն է: Դրանք կայուն զարգանում են, մնում են բարձր մակարդակի վրա և կրում են ռազմավարական գործընկերության բնույթ: Միևնույն ժամանակ այդ հարաբերությունները զարգանում են և ադապտացվում նոր խնդիրներին, նոր իրականություններին ու պահանջմունքներին: Պարբերականորեն տեղի են ունենում շփումներ բարձր մակարդակներում: Եթե խոսենք անցած կես տարվա մասին, մեր վերջին մամուլի ասուլիսից հետո տեղի են ունեցել հանդիպումներ երկու ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև, դեկտեմբերի 27-ին Մոսկվայում, և վերջերս՝ հունիսի 6-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Հունվարի 25-ին Մոսկվայում և ապրիլի 29-30-ին տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի միջև, ով ժամանել է Երևան ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու»,- ասաց դեսպանը:

Կոպիրկինը նշեց, որ կայուն և շարունակական են նաև միջկառավարական ու միջխորհրդարանական հարաբերությունները:

«Շատ կարևոր է, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առանց երկարաձգման հարաբերություններ հաստատվեցին երկու երկրների խորհրդարանների միջև՝ շարունակելով շատ կարևոր միջխորհրդարանական փոխգործակցության ավանդույթը»,- նշեց Կոպիրկինը:

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով՝ հայերն իմաստուն ժողովուրդ են, որոնք կարող են լուծել երկրի առջև առկա խնդիրները, իսկ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի կողքին:

 

PanARMENIAN.Net

Վերաքննիչը քննում է Քոչարյանի գործով բողոքը. Դատարանի մոտ կողմ և դեմ ցույց է

 Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատարանի դիմաց հավաքվել են Քոչարյանի կողմ և դեմ ակցիաների մասնակիցները:

Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

Նախկին նախագահի ընդդիմախոսները պահանջում են կալանավորել նրան, իսկ աջակիցները՝ վերացնել հարուցված քրեական գործը, հայտնում է Aysor.am-ը:

Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող բողոքների քննությանը ներկա է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա հետ միասին դատարան է ներկայացել նաև ֆրանսիացի իր պաշտպանը։

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր վերաքննիչ բողոքում Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը:

Նույն պահանջը Վերաքննիչ դատարանին ներկայացրել են նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը և Վահե Գրիգորյանը:

ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ էր ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու, գործով մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դեմ ՀՀ դատախազության բողոքները։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է Քոչարյանին ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

 

tert.am

Նախկին իշխանություններից որոշ չինովնիկներ Կոնդում տարածքներ են սեփականացրել առանց որևէ խնդրի. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր Կոնդի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով նոր հանձնաժողովի ստեղծում ու իրենց տարածքների չափագրում:

«Մենք ոչ մեկին չենք ուզում լսել, մեզ պետք է վարչապետ կամ փոխվարչապետ... ու քաղաքապետն էլ անպայման ներկա լինի»,-նշում էին բնակիչները և ավելացնում, որ 19 տարի է պայքարում են:

«Նախկին իշխանություններից որոշ չինովնիկներ մեր Կոնդում հանրային տարածքներ են սեփականացրել առանց որևէ խնդրի, իսկ մենք մեր տները չենք կարողանում: Մենք չենք պատրաստվում փող տանք, որ մեր եղածը առնենք»,-ասաց մեկ այլ բնակիչ:

Ակցիայի մասնակիցները փոխանցեցին վարչապետին ուղղված  նամակ, որտեղ նշել էին. «Քանի որ նոր ժամանակներում կատարված իրադարձությունները հույս ներշնչեցին բնակիչներիս՝ վերականգնելու օրինականությունը, հարցերի կապակցությամբ դիմեցինք քաղաքապետարան, սակայն բավարար պատասխան չստացանք: Հիմա դիմում ենք, որ վարչապետը միջամտի»:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ 2004 թվականից պայքարում են, որ խնդիրը լուծվի, ըստ նրանց` նախկինում հրահանգել են, որ թերի չափագրում կատարվի:

Կոնդի բնակիչներից Նաիրա Երեմյանը նշեց, որ իրենց ընտրած իշխանությունն է և ցանկանում են, որ վարչապետը օգնի. առաջարկում են ստեղծել հանձնաժողով և հարցին լուծում տալ: «Այն ժամանակվա ստեղծած խնդիրները լուծումներ ունեն, չեմ հասկանում ինչո՞ւ ենք նրանք վախենում այդ խնդիրներին լուծումներ տալուց: Մենք հեշտ ճանապարհներ ունենք առաջարկելու»,-ասաց նա:

Այսպիսով՝ նրանք պահանջում են նորից չափագրում և սեփականության վկայականների վերանայում:

Կառավարության նամակների և դիմումների, քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ակցիայի մասնակիցներին հրավիրեց ներս` քննարկելու խնդիրը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կոնդի բնակիչները ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։

Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: