ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ընդդեմ Միացյալ Նահանգների
Սիոնիստական ռեժիմին աջակցելու շրջանակում Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումն օրինական ճանաչելու ԱՄՆ-ի նոր քայլն արժանացել է միջազգային հանրության քննադատությանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամներ, նոյեմբերի 20-ին հրապարակել են հաղորդագրություն, որում խստորեն քննադատել են Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցումն օրինական ճանաչելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Հաղորդագրության մեջ ԱԽ անդամ 14 երկրներ ընդգծել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքատիպ ավանների կառուցումը միջազգային իրավունքի խախտում է: Այդ հաղորդագրությունը ցույց է տալիս, որ չնայած Վաշինգտոնի ցանկությանը, միջազգային հանրությունը դեմ է Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երեքշաբթի օրն արձագանքելով օկուպացված տարածքներում սիոնիստների կողմից քաղաքատիպ ավանների կառուցման վերաբերյալ կայացված ԱՄՆ-ի նոր որոշմանը, հայտարարել է.«Կազմակերպությունն անօրինական է համարում Պաղեստինի բռնագրավված տարածքներում Իսրայելի քաղաքատիպ ավանների կառուցումը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության վերջին քայլին ուղղված Անվտանգության խորհրդի անդամների, նույնիսկ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցների միասնական դիրքորոշումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը աշխարհում օրըստօրե մեկուսանում է և նրա փափուկ ուժն անկում է ապրում: ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ՝ Կարեն Փիրսն ԱԽ-ում ունեցած ելույթում ասել է.«Միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքատիպ ավանների կառուցման բոլոր աշխատանքներն անօրինական են և հակասում են ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2234 բանաձևին, որում ընդգծված է երկու երկրի կազմավորման և կայուն խաղաղության հեռանկարը:
Նոյեմբերի 18-ին, վերահաստատելով իր աջակցությունը Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացման նկատմամբ, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս չի համարում, որ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի գոյությունը հակասում է միջազգային իրավունքին:
Նշելով, որ Վարշինգտոնը փոխել է իր մոտեցումը Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման վերաբերյալ, Պոմպեոն հայտարարել է, որ այդ ավանների կառուցումը միջազգային իրավունքի խախտում չի համարվում:
Սիոնիստական ռեժիմը մշտապես ուշադրություն չի դարձրել ՄԱԿ-ի ընդունած բանաձևերին, հատկապես թիվ 242 բանաձևին և չնայած միջազգային հանրության պահանջին, շարունակում է Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքատիպ ավաններ կառուցել, դրանք սիոնիստներով բնակեցնելու համար: ԱՄՆ-ը այս հարցում աջակցում է Իսրայելին:
ՄԱԿ-ի ԱԽ-ը 2016 թ. դեկտեմբերի 23-ին ընդունեց թիվ 2334 բանաձևը, որով Իսրայելին կոչ արեց անհապաղ դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցումը պաղեստինյան օկուպացված տարածքներում: Սիոնիստական ռեժիմն այդ ավանները կառուցելով, մտադիր է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական և ժողովրդագրական կառուցվածքը, որպեսզի ի վերջո կարողանա դրանք լիովին կցել գրավյալ Պաղեստինի տարածքներին:
Ամեն դեպքում, սիոնիստների այդ քայլի նկատմամբ միջազգային հանրության ընդդիմությունը հանգեցրել է նրան, որ Իսրայելն օրըստօրե մեկուսանում է և շատ երկրներ դատապարտում են նրա անմարդկային ու անօրինական քայլերը: Իսկ ԱՄՆ-ը մեկուսացել է ՄԱԿ-ի ԱԽ-ում սիոնիստների այդ քայլը պաշտպանելու պատճառով: