Մամուլի տեսություն 25.04.2020
Պատմության ընթացքում առաջին քիմիական հարձակման մասին վկայությունների համաձայն, Վիկտորիա թագուհու օրոք բրիտանացիները ցարական Ռուսաստանի զինվորների դեմ ծծմբի գազ են կիրառել:
«Քեյհան»
Աշխարհը ողջունում է կորոնա վիրուսի դեմ պայքարում Իրանի փորձառությունները
Իրանի ԱՆ-ի հաղորդմամբ աշխարհի տարբեր երկրների առողջապահության նախարարների ամսնակցությամբ վիդեոկոնֆերանսից հետո Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին նշել է. «ԱՀԿ-ի 6 տարածաշրջաններից ընտրվել էր մի երկիր իր փորձառությունը ներկայացնելու համար: Արևելյան Միջերկրականի երկրներից ընտրվել էր ԻԻՀ-ն»:
Նամաքին հավելել է. «Օրական վարակվողների թիվը նվազեցրել ենք 40 տոկոսով և միջազգային մասշտաբով պատժամիջոցների դժվար պայմաններում, սա մեծ ձեռքբերում ԻԻՀ-ի համար»:
«Խորասան»
Աշխարհում առաջին քիմիական հարձակում իրականացնողը՝ Բրիտանիայի թագուհին թե՞ Գերմանիայի կայսրը
Հակառակ գերմանացիների նկատմամբ կասկածներին, Վիկտորիա թագուհու օրոք բրիտանացիները Ցարական Ռուսաստանի զինվորների դեմ ծծմբի գազ են կիրառել:
Սովորաբար պատմական քննարկումների ընթացքում, երբ խոսքը վերաբերում է քիմիական զենքերի ստեղծնմանն ու կիրառմանը, մեղադրանքների սլաքները ուղղվում են դեպի գերմանացիների կողմը: Հայտնի է, որ առաջին աշխարհամարտի ընթացքում նրանք 1915թ. ապրիլի 25-ին, նրանք Բելգիայի Նիպպեր քաղաքի մոտակայքում օգտագործել են Քոլորին գազը:
«Կենսաբանական զենքեր» գրքի հեղինակ Էրիկ Քրոդին ասում է. «Բրիտանացիները 19-րդ դարի երկրորդ կեսին սկսել էին կիրառել քիմիական գազ: Ժամանակակից պատերազմների պատմության ընթացքում նրանք առաջին անգամ որոշեցին Ղրիմի ռազմաճակատում ռուս զինվորներին թունավորելու համար կիրառել ծծմբի գազ:
«Քեյհան»
Los Angeles Times. «Կորոնավիրուսը ցույց տվեց, որ հասել է ԱՄՆ-ի մասնատման ժամանակը»
Ամերիկյան Los Angeles Times օրաթերթն այս կապակցությամբ մի վերլուծական հոդվածում գրել է, որ ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ հասել է այս երկրի մասնատման ժամանակը: Գրառման սկզբում անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ի տարբեր լրատվական ցանցերից այս երկրում կորոնավիրուսի տարածման մասին հրապարակվող հակասական լուրերին, ասված է. «Մենք անդառնալի կերպով բաժան-բաժան ենք եղել: Հասել է ժամը, որ մենք էլ չխոսենք միասնության մասին և կատարենք միակ տրամաբանական ու խելացի քայլը»:
«Մարդոմսալարի»
Թեհրանի ֆոնդային շուկայի պատմական շաբաթը
Թեհրանի ֆոնդային շուկայի վիճակը այս շաբաթ չեր տարբերվում նախորդ չորս ամիսներից: Միայն աճող ռիթմն ավելի արագացավ: Այսպիսով, ընդհանուր ինդեքսը 15 տոկոս ցատկով տարվա սկզբից ֆոնդային շուկայի արդյունավետությունը այս կարճ ժամանակահատվածում հասավ 45 տոկոսի, որ երկուսն էլ պատմական ռեկորդներ են Թեհրանի ֆոնդային շուկայի համար:
armenpress.am
ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և իրենց զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կոնգրեսականների տեսաուղերձները հրապարակել է Ամերիկայի հայկական համագումարի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։
Հայոց ցեղասպանության առիթով տեսաուղերձներ են հղել կոնգրեսականները Ջոն Սարբեյնսը, Ռաջա Կրիշնամուրտին, Թուլսի Գաբբարդը, Աննա Էշուն, Դոն Բեյերը, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Շպայերը և ուրիշներ։
Նրանք իրենց տեսաուղերձներուն նշել են, որ միշտ պետք է հիշել 105 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն նահատակներին։
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:
ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունվել 2019թ. դեկտեմբերի 12-ին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձևն ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 30-ին։
armenpress.am
Մնացականյանը ներկայացրել է Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության մոտեցումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Մնացականյանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի, և այդ մոտեցմամբ էլ մենք մոտենալու ենք հարաբերություններին։ Բացի նրանից, որ մենք ապրում ենք այդ ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են նաև այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա և՛ փակված սահմանն է, և՛ անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար հանդիսանում են սպառնալիք, և մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը. սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։ Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար»,- ասել է Մնացականյանը։
Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմի հայտարարությանը, որում նախագահի խոսնակն անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին։
«Այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետև շատ լավ գիտենք պատմությունը: Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ»,- նշել է նախարարը։
2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. « Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:
2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
armenpress.am
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ- մարտավարական իրադրությանը
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց»,- նշված է հայտարարությունում։
Նախարարությունը հավելում է, որ բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, ‹‹ORBITER›› տիպի անօդաչու թռչող սարքը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի Հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար: -- ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն:
news.am
Թրամփը նախատեսում է հրաժարվել կորոնավիրուսի թեմայով ամենօրյա ճեպազրույցներից. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հրաժարվել կորոնավիրուսի թեմայով ամենօրյա մամուլի ասուլիսներից, գրում է Axios-ը` վկայակոչելով աղբյուրները, որոնք ծանոթ են այս թեմայի վերաբերյալ ներքին քննարկումներին:
Նա կարող է դադարել ամեն օր հայտնվելուց և կրճատել իր ելույթների տեւողությունը: Այս պրակտիկան կարող է կսկսվել ուրբաթ օրվանից: Պարբերականը գրում է, որ հանրության առջեւ այդքան հաճախ հայտնվելը դադարեցնելու մասին առաջարկով հանդես են եկել Թրամփի խորհրդականները:
Նրանք հայտարարել են, որ եթերը գերհագեցած է նրանով եւ դա մասամբ պատճառն է այն բանի, թե ինչու, ըստ հարցումների, նրա շանսերը Բայդենի նկատմամբ այդքան էլ լավ տեսք չունեն:
«Ես ասացի նրան, որ դա չի օգնում: Ավագները (խորհրդատուները) վախենում են: Եվ այն տեսարանը, թե ինչպես է նա կռվում մամուլի հետ, այն չէ, ինչ մարդիկ ուզում են տեսնել»,- ասել է նրա խորհրդականներից մեկը:
Ընդ որում, նշվում է, որ Թրամփն ինքը կողմ է ամենօրյա ճեպազրույցների պրակտիկային` հայտարարելով, որ դա նպաստում է իր վարկանիշի բարձրացմանը:
tert.am
«Հավատս չի գալիս, որ նման բան եմ ասում». Բայդենը Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունից հետո ԱՄՆ բնակիչներին կոչ է արել սպիտակեցնող լվացքի հեղուկ չխմել
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին կոչ է արել սպիտակեցնող լվացքի հեղուկ չխմել։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Հավատս չի գալիս, որ նման բան եմ ասում, բայց խնդրում եմ սպիտակեցնող լվացքի հեղուկ չխմել»,-զգուշացրել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ սպիտակեցնող լվացքի հեղուկը 5 րոպեում կարող է սպանել կորոնավիրուսը: Նա հավելել էր, որ COVID-19 վիրուսը կարող է վերանալ արևի ճառագայթների տակ՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
armenpress.am
82-ամյա Արտուշ Միրզոյանին վարչապետի հանձնարարությամբ ուղեկցել են Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, ուղեկցել են Ծիծեռնակաբերդի բարձունք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կեսգիշերնանց գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է Հակոբյանը։
Արտուշ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել «Ոգեկոչման գիշեր» համերգային ծրագրի ընթացքում, ինչն էլ հեռարձակվել է ուղիղ եթերով։
Ապրիլի 24-ին «Ազատություն»-ը Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մուտքի մոտ զրուցել էր 82-ամյա Արտուշ Միրզոյանի հետ, որը, տեղյակ չլինելով սահմանափակումների մասին, եկել էր իր հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանները Միրզոյանին չէին թույլատրել բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչը սոցցանցերում բազմաթիվ քննարկումների առիթ էր դարձել։
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։