Մամուլի տեսություն 02.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120060-Մամուլի_տեսություն_02.05.2020
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների դեմ բողոքողները զինյալ ապստամբություն են կազմակերպել և գրավել են նահանգային Կոնգրեսի շենքի նախասրահը:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 02, 2020 09:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.05.2020

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների դեմ բողոքողները զինյալ ապստամբություն են կազմակերպել և գրավել են նահանգային Կոնգրեսի շենքի նախասրահը:

«Քեյհան»

Մերկելը բացահայտել է Արևմուտքի նոր տրամաբանությունը «Ով պաշտոնապես չճանաչի, ահաբեկիչ է»

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Գերմանիայի կառավարության ու այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի որոշումն ավելի շատ բխում է Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի շահերից և գործելու է ի վնաս Գերմանիայի շահերի: Գերմանիան տարիներ է ինչ ջանք էր գործադրում ինչ որ կերպ պահպանել Հեզբոլլահի հետ իր հարաբերությունները, սակայն հանկարծ շեղվեց այդ ուղղությունից:

Գերմանիայի կառավարությունը անակնկալ կերպով Լիբանանի Հեզբոլլահի անունը ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Ռոյթերսի, CNN-ի ու այլ ԶԼՄ-ների հաղորդմամբ, կառավարության այս քայի հետ միաժամանակ, Գերմանիայի ոսստիկանությունը հինգշաբթի օրը հարձակվել է մուսուլմանների մզկիթների, բնակարանների ու մշակութային կենտրոնների վրա, որպեսզի ձերբակալի Հեզբոլլահի կողմնակիցներին: Հաղորդումների համաձայն, Գերմանիայում կա Հեզբոլլահի շուրջ հազար 50 անդամ:

 

«Ջավան»

Ամերիկացիների զինյալ ապստամբությունն ուղղված կարանտինի դեմ

Հինգշաբթի օրը, տասնյակ ամերիկացի բողոքարարներ, հանրահավաք կազմակերպելով, Միչիգանի դեմոկրատական նահանգապետ Գրեչեն Վայթմերին կոչ են արել չեղարկել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար սահմանված սահմանափակումները: Նրանք մտել են Միչիգանի նահանգային Կոնգրեսի նախասրահ և փորձել են մտնել դահլիճ: Դիմակներ կրող նահանգային ոստիկանության աշխատակիցները կանխել են առանց դիմակների ընդդիմադիրների մուտքը: CNN-ի հաղորդմամբ, բաղոքարարները տեղական ինքնակառավարման մարմնի դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել և Միչիգանի նահանգապետին նմանեցրել են Հիտլերին: Միչիգանի նահանգային սենատի պատգամավոր Դայնա Փոլհանքին հրապարակել է 4 բողոքարարներից մի լուսանկար, որոնցից մեկը զինված է եղել: Փոլհանէին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Զինված անձինք կանգնել են իմ գլխավերևում ու գոռում են»:

 

«Արմանե Մելլի»

Ուսուցիչների մեծ առաքելությունը ընդունակությունների զարգացնելն է

 Իրանի մեծարգո առաջնորդը իր ուղերձում դպրոցների, համալսարանների և կրոնական կենտրոնների ուսուցիչներին շնորհավորել է ուսուցչի օրվա կապակցությամբ, նշելով, որ ուսուցիչների  առաքելությունը մանուկներին, պատանիներին ու երիտասարդներին իսլամական ու հեղափոխական արժեքների ուղղությամբ կրթել ու դաստիարակելն է՝ կրոնական արդար հասարակություն ստեղծելու նպատակով: Այաթոլլա Խամենեին նշել է. «Երիտասարդ սերունդը, որ դաստիարակվում է այս ուղղությամբ, այնպիսի մեծ հարստություն է, որ ուրիշ ոչ մի արժեքավոր երևույթ դրա հետ հավասար չէ»:

 

 «Շահրվանդ»

Կորոնավիրուսը ոչնչացրեց  աղքատության նվազեցմանն ուղղված երկու տասնամյակ տարված ջանքերը

Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ 1998-ից ի վեր առաջին անգամ,  աշխարհումա ղքատության մակարդակը մեծ ծավալներով կաճի: Մինչև տարվա ավարտը աշխարհի բնակչության 8 տոկսը, այսինքն՝ կես միլիարդ մարդ, հավանաբար կհայտնվի  աղքատության մակարդակից ցածր գծի վրա: Այս ամենը մեծ մասամբ տեղի կունենա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

armenpress.am

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով Արցախում է  գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:

Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:

 

news.am

Մենք առնվազն մինչև 2022 թվականը ճգնաժամային իրավիճակում ենք գտնվելու. Անդրանիկ Թեւանյան

Մենք առնվազն մինչև 2022 թվականը ճգնաժամային իրավիճակում ենք գտնվելու կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական առումներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

«Մեր երկրի առաջ ծառացած հիմնական մարտահրավերները՝

1․ Արցախի խնդիր, բանակցային գործընթաց, պատերազմական սցենար,

2․ կորոնավիրուսային ճգնաժամ,

3․ սոցիալ–տնտեսական ճգնաժամ,

4․ արտաքին քաղաքական ճգնաժամ (հատկապես հայ–ռուսական ուղղությամբ),

5․ հասարական–քաղաքական մթնոլորտի գերթունավորում,

6․ պետական կառավարման ցածր որակ (ներառյալ՝ կադրային խնդիրներ),

7․ դատաիրավական ճգնաժամ։

Սրանք այն հիմնական կետերն են, որոնց ուղղությամբ լրջագույն աշխատանք պետք է իրականացնել, քանզի ավերակների առաջ ենք կանգնած։

Մենք առնվազն մինչև 2022 թվականը ճգնաժամային իրավիճակում ենք գտնվելու կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական առումներով։ Իսկ դա հանրագումարում անվտանգային հետևանքների է բերելու։

 

armenpress.am

Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության, որի արդյունքում  կորոշվի՝  ինչ վիրահատություն կատարել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։

«Վիրահատությունը կլինի մի քանի օրից, չեմ կարող հստակ օր ասել, մինչև որ հետազոտությունները, կոնսերվատիվ դեղորայքային բուժումը, նախավիրահատական պատրաստությունն ավարտվեն»,- նշեց Չարչյանը։

Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական հերթական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։

 

panorama.am

«Մոլագար Ալիևը բռնաբարում է իր զոհ-ժողովրդին». ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ

ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար, դեսպան Արիֆ Մամեդովը սկանդալային գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին համեմատելով մոլագարի հետ, որը բռնաբարում է իր զոհ-ժողովրդին:

Նա մասնավորապես գրել է. «Տուժող-մարդիկ գտնվում են մոլագարի ձեռքում, մի դղյակում, որը պատրաստվում է քանդվել: Մի մոլագար ամբարտավանորեն բռնաբարում է տուժած ժողովրդին` հաց ու ջուր տալով, այժմ նա լռության համար ավելացրել է 190 ադրբեջանական մանաթ։

Տուժողը հասկանում է ամեն ինչ, բայց չի կարող որոշել: Զոհը նույնիսկ սովոր է մոլագարին և չի ցանկանում կորցնել իր 190 մանաթը։

Վախեցած մոլագարն էլ, գիտակցելով, որ ինքը պետք է պատասխան տա հանցագործությունների համար, իր համար ստեղծում է մի «կոկիկ» ընդդիմություն, որն ինչ-որ կերպ կարող է պաշտպանել իրեն: Եվ նրանք փորձում են համոզել մարդկանց, որ մոլագարն այդքան էլ վատ մոլագար չէ։

Մեր՝ իրական ընդդիմության խնդիրն է համոզել մարդկանց պարզապես հեռացնել ժանգոտ կողպեքը և դուրս գալ փտածությունից և գարշանքից, որում մոլագարն իրենց պահում է»,- գրել է Արիֆ Մամեդովը։

 

tert.am

Երեկ մահացած պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով ԱՆ

Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ:

Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին:

 

panorama.am

106-ամյա ֆրանսուհին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը

106-ամյա ֆրանսուհին կարողացել է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

Ըստ աղբյուրի, ծերանոցում բնակվող Էլեն Լեֆեվրի մոտ ապրիլի 15-ին ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն. նա ջերմել է և թուլություն զգացել։ Կնոջը հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել, նա  մեկուսացվել է իր սենյակում։

Ինչպես նշում է աղբյուրը, այս պահին կինն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը անհանգստանալու տեղիք չի տալիս։

Կինը հարազատներ չունի: Նա, 200 այլ ծերերի հետ միասին, ապրում է Իվելինի շրջանի ծերանոցներից մեկում։

 

panarmenian.net

Կիմ Չեն Ընը վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրությանը

Ապրիլի 30-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 20 օրվա մեջ առաջին անգամ հանրային վայրում է հայտնվել ու մասնակցել գործարանի բացման, հյուսիսկորեական լրատվամիջոցներին հղումով հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրատվամիջոցները նշել են, որ Ընն անձամբ է կտրել հանդիսավոր արարողության ժապավենը։

«Այնուհետև նա ջերմորեն թափահարել է ձեռքը՝ ի պատասխան ամբոխի և շինարարների, որոնք էնուզիազմով «ուռա» էին գոչում»,- գրել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Հյուսիսկորեացի առաջնորդը հանրության մեջ չէր հայտնվել ապրիլի 12-ից։ Այն բանից հետո, երբ հրավկորեական Daily NK լրատվամիջոցը գրել էր, թե Կիմ Չեն Ընը վիրահատությունից հետո բուժման կուրս է անցնում, մի շարք լրատվամիջոցներ և սոցցանցերի օգտատերեր լուր էին տարածել, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջությունը վտանգի տակ է, հրապարակումներ եղան նաև նրա մահվան մասին։

Այդ նույն ժամանակահատվածում Հրվ․ Կորեայի իշխանությունները հայտնեցին, որ իրենց տվյալներով՝ Կիմ Չեն Ընը ողջ ու առողջ է։