Մամուլի տեսություն 15.05.2020
Իսրայելի նոր կառավարությունում պաշտոնների շուրջ առկա տարաձայնությունների պատճառով, երդմնակալության արարողությունը հետաձգվել է:
Ինչո՞ւ նորից հետաձգվեց Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողությունը
Նախարարների պաշտոնների բաշխման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողությունը հետաձգվել է մինչև կիրակի օրը:
Թել Ավիվի պատասխանատուների կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի երդման արարողությունը, որը նախկինում ևս մեկ անգամ հետաձգվել էր, կրկին հետաձգվել է մինչև կիրակի:
Պատճառը կառավարության որոշ նախարարների միջև առկա տարաձայնություններն են:
Համաձայն «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի առաջնորդ Բեննի Գանցի հետ ձեռք բերված նախնական համաձայնության, Նեթանյահուն 18 ամսով պետք է ստանձնի նոր կառավարության ղեկավարի պաշտոնը, իսկ այդ ընթացքում Բեննի Գանցը կստանձնի պատերազմի նախարարի պաշտոնը:
Համշահրի օրաթերթ
Սաուդյան Արաբիան 1000 հրթիռ է գնում
Բոինգ ընկերությունը հատարարել է, որ Սաուդյան Արաբիային վաճառել է հազար հրթիռ:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բոինգը Սաուդյան Արաբիային վաճառելու է ավելի քան 1000 երկինք-երկիր հրթիռներ:
Ըստ Պենտագոնի հայտարարության, Բոինգի հետ կնքված երկու պայմանագրերից մեկի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը արդիականացնելու է Սաուդյան Արաբիայի SLAM ER հրթիռները: 1,972 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը նախատեսում է, որ Boeing- ը 650 նոր հրթիռներ առաքի Սաուդյան Արաբիային:
Ջամե ջամ օրաթերթ
Բին Սալմանը Իրաքի վարչապետին կոչ է արել միջնորդել Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում
Middle East Eye-ը, հղում անելով «տեղյակ աղբյուրների» գրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Իրաքի վարչապետին կոչ է արել միջնորդել Ռիադի և Իրանի միջև:
Կայքը գրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, Մուստաֆա ալ Քազեմին իր առաջին հեռախոսազանգը ստացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգից, որն Իրաքի վարչապետին կոչ է արել միջնորդել Ռիադի ու Թեհրանի միջև:
Իրան օրաթերթ
Կիմ Չեն Ընը նորից անհետացել է
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին անհետացել է:
The New York Post- ը գրել է. «Կիմ Չեն Ընը արդեն 12 օր չի հայտնվել հանրության առջև»:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ռոբերթ Օ՛Բրայանը հայտարարել է. «Միգուցե նա կտրում է գործարանի ժապավենը, սակայն մենք չենք կարող վստահ լինել, որ այդ լուսանկարներն իրական են»:
Մայիսի 1-ին, աշխատողների միջոազգային օրվա կապակցությամբ, Կիմ Չեն Ընը ներկա էր գտնվել քիմիական գործարանի բացման արարողությանը և անձամբ կտրել ժապավենը: Ավելի վաղ նրա առողջական վիճակի մասին տարածված լուրերին, նկարներում նա առողջ տեսք ուներ:
armenpress.am
Ռուսաստանցիների 41 տոկոսը չի պատրաստվում սովորությունները փոխել ինքնամեկուսացումից հետո
Ռուսաստանում անցկացված հարցման համաձայն, ռուսաստանցիներին ավելի քան 40 տոկոսն ինքնամեկուսացումից հետո պլանավորում է վերադառնալ բնականոն կյանքի, մոտ 94 տոկոսը կշարունակի այցելել ռեստորաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանցիների 40 տոկոսից ավելին չի պատրաստվում փոխել իր ամենօրյա սովորությունները՝ կապված հիգիենայի, սոցիալական հեռավորություն պահպանելու հետ: Փորձագետների տյալներով, ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը կշարունակի այցելել ռեստորաններ: Հարցվածների միայն 6 տոկոսն է նշել, որ նախապատվությունը կտա տուն առաքելուն: Ընդ որում, առցանց հարցման մասնակիցների 99 տոկոսը նշել է, որ չի ընտրի ռեստորաններ, որտեղ կլինի փաթեթավորված սնունդ»,-ասված է ուսումանսիրության մեջ:
Հարցումն անցակցվել է 2020 թվականի մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում:
armenpress.am
Ստիպված չենք լինի ձգել գոտիները. Լատվիայի վարչապետը խոսել է երկրում գործազրկության մասին
Այս անգամ Լատվիան ստիպված չի լինի ձգել գոտիները: Անդրադառնալով գործազրկության հարցերին՝ այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշն իր կուսակիցների հետ առցանց քննարկման ժամանակ:
«2008 թվականին մենք հնարավորություն չենք ունեցել գումար վերցնելու ֆինանսական շուկայից, և ստիպված ենք եղել դիմել Եվրահանձնաժողովին ու Արժույթի միջազգային հիմնադրամին, որոնք դրեցին խիստ պահանջներ վարկերի համար»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով, ներկայում Լատվիայում շուրջ 50 հազար մարդ ստացել է ֆինանսական օգնություն ու չի դարձել գործազուրկ: Նա տեղեկացրել է, որ երկրում գործազրկության ցուցանիշը բարձրացել է 2 տոկոսով՝ դառնալով 8.2 տոկոս: Ընդհանուր առմամբ, Լատվիայում համավարակի հետևանքով աշխատանքից զրկվել է 16 հազար մարդ:
Լատվիայի վարչապետը վստահ է, որ պետական պարտքի աճը վատ ազդեցություն չի թողնի երկրի տնտեսության վրա:
armenpress.am
Ավստրիան պլանավորում է կինոթատրոնները բացել հուլիսի 1-ից
Ավստրիայում կինոթատրոնների բացումը պլանավորվում է հուլիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Նրա խոսքով, մայիսի 29-ից կթույլատրվեն մշակութային միջոցառումներն առավելագույնը 100 հոգու, հուլիսի 1-ից՝ 250 հոգու մասնակցությամբ:
Միջոցառումները պետք է անցկացվեն մի շարք պահանջներ ապահովելու դեպքում՝ պաշտպանիչ դիմակների կրում, նվազագույն մեկ մետր սոցիալական հեռավորության պահպանում: Նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին արդեն կարող են միջոցառումներ անցկացնել մինչև 500 հոգու մասնակցությամբ, կրկին անվտանգության կանոնները պահելով:
Ավստրիան ապրիլի 14-ից սկսել է մեղմել սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով:
panarmenian.net
2 հոգի՝ 20 քմ խանութում․ Բացօթյա տեղում դիմակ կարելի է չկրել, բայց պարտադիր է ունենալ
20 քառակուսի մետր տարածքով խանութներում չեն կարող 2 հոգուց ավելի մարդ գտնվել, հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարարի Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով Պարետատան կողմից արտակարգ դրության ժամկետի երկրարաձգման նոր պայմանները։
Սիմոնյանն ասել է, որ տնից դուրս գալուց քաղաքացին է պետք պարտադիր ունենա պաշտպանիչ միջոցներ, սակայն, եթե զբոսնում է բաց տարածքում և իր կողքին մարդ չկա, կարող է չկրել: Դրանց առկայությունը պարտադիր է շփվելիս և խանութներ մտնելու համար:
Փոխնախարարը նշել է, որ մայիսի 18-ից հանվելու են մի շարք ոլորտներում առկա սահմանափակումները, սակայն սահամանափակված կլինի հյուրանոցային և այլ բնակատեղերի տրամադրման գործունեությունը՝ բացառությումբ այն տնտեսվարողների, որոնք կկիրառեն հյուրերի հաշվառման ռեգիստր։ Հանգստյան տների գործունեությունը սահմանափակված չի լինի:
Վարոս Սիմոնյանը հայտնել է, որ հանվել է նաև հանրային սննդի օբյեկտների գործունեության այն սահմանափակումը, ըստ որի վերջիններս կարող էին միայն բացօթյա գործունեություն ծավալել:
Ըստ նրա՝ պարետի որոշմամբ հաստատվել է 12 հավելված, որոնցում հստակ սահմանված են յուրաքանչյուր գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ կանոնները և դրանց պահպանման նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվելու:
«Բոլոր չարգելված գործունեության տեսակները, չսահմանափակված գործունեության տեսակները թույլատրվելու է իրականացնել միայն այն դեպքում, ամբողջովին կատարվեն հավելվածներով սահմանված կանոները»,- հայտարարել է փոխնախարարը և տնտեսվարողներին խորհուրդ տվել մայիսի 18-ից չսկսել գործունեությունը, եթե չեն կարողանա ապահովել այդ կանոնների կատարումը:
Սիմոնյանը նշել է, որ հանրային սննդի օբյեկտներում բարձր ջերմությունով և այլ ախտանիշներով հաճախորդների չեն սպասարկի և նրանց վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի առողջապահության նախարարության թեժ գծին:
ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։
panarmenian.net
Բեզոսը կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ
Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով սպասվող ճգնաժամին, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, կարող է աշխարհի առաջին տրիլիոնատերը դառնալ։
Վերջին 5 տարում Բեզոսի կարողությունը միջինում աճել է 34%-ով, գրում է Incrussia.ru-ն։
Բեզոսի կարողությունն անընդմեջ աճում է։ Ըստ կանխատեսումների` 2026-ին, երբ նա կլինի 62 տարեկան, այն կհասնի տրիլիոնի։ Կարանտինի պայմաններում Amazon-ի պահանջարկը կտրուկ աճել է։ Ընկերության եկամուտը 1 եռամսյակում կազմել է $75,5 մլրդ։
2020-ի ապրիլին Բեզոսը, շատ տարիներ անց, վերադարձավ Amazon-ի ամենօրյա կառավարման՝ պանդեմիայի պատճառով առաջած պահանջարկի կտրուկ աճի պայմաններում։ Մինչ համավարակը նա քիչ էր լինում Սիեթլի կենտրոնակայանում։ Այդ ընթացքում Amazon-ը չեղարկեց զեղչերն ու փոխեց կայքը՝ ավելի քիչ վաճառելու համար, քանի որ չէր կարողանում ապահովել բոլոր պատվերները։ Մարտի վերջին ընկերությունը 175,000 նոր աշխատակից է վարձել։ Բեզոսն աշխատանքի է հրավիրել բոլորին, ում ազատել էին ռեստորաններից և բարերից։