Մամուլի տեսություն 20.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i121952-Մամուլի_տեսություն_20.06.2020
Իրանական մամուլն այսօր անդրադարձել է Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի միջնորդությամբ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի վավերացումանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 15:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.06.2020

Իրանական մամուլն այսօր անդրադարձել է Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի միջնորդությամբ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի վավերացումանը:

«Քեյհան»

Բոլթոնի աղմկահարույց  հայտարարություններն ու  Թրամփի շփոթահար վիճակը. ԱՄՆ-ի նախագահը դիմել է Չինաստանին

 Երեքշաբթի օրը կհրատարակվի  ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական  Բոլթոնի «Սենյակ, որտեղ պատահեց» գիրքը: Գիրքը, դեռևս չհրատարակված, մեծ աղմուկ է առաջացրել ԱՄՆ-ի քաղաքական ու լրատվական շրջանակներին և   Թրամփի համար, ով առճակատվում է բազում մեծ ու փոքր ճգնաժամերի,   վերածվել է նոր ճգնաժամի: Հղում անելով գրքին, Վաշինգտոն փոստը գրել է.«Անցյալ տարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպման ժամանակ, Թրամփը նախագահական ընտրություններում հաղթելու համար դիմել էր նրան: Թրամփը Ծինփինին ասել էր, որ Չինաստանն ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքներ գնելով. կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա»:

 

«Խորասան»

Եվրոպան լրացրեց Թրամփի հիմարությունը

Ինչպես և կանխատեսվում էր, ի վերջո ՄԱԳԱՏԷ-ն տեղի տվեց Սիոնիստական ռեժիմի ահնիմն մեղադրանքներին և  Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի միջնորդությամբ, ՄԱԳԱՏԷ-ի քննիչների հետ չհամագործակցելու պատրվակով, վավերացրեց 2012թ. ի վեր հակաիրանական առաջին բանաձևը, որը վերաբերում է 16-17 տարի առաջ Իրանի միջուկային գործունեությանը: Բանաձև, որն Իրանին կոչ է անում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների համար ապահովել միջուկային երկու օբյեկտների հասանելիությունը: Պահանջը հիմնված է 17 տարի առաջվա իրադարձությունների վրա: Հատկանշական է, որ  ՀԳՀԾ-ի և  կառավարիչների խորհրդի 2015թ. բանաձևի համաձայն, Իրանի միջուկային գործունեության անցյալի հետ կապված վիճելի թեմաները 2015թ. նոյեմբերին կառավարիչների խորհրդի անդամների համաձայնությամբ լուծվել են և գործակալությունը չպետք է հետքայլ անի:

 

«Էբթեքար»

Յուրաքանչյուր 12 րոպե կորոնավիրուսը սպանում է մի իրանցու

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացության տեմպերը շատ արագ աճում են և յուրաքանչյուր 12 րոպե մի իրանցի մահանում է կորոնավիրուսի վարակից:

 

«Արման ՄԵլի»

Ամերիկյան մի սցենարի 2 կողմերը

Թե Դոնալդ Թրամփը և թե Կոնգրեսի հանրապետականները մի քաղաքական կուսակցության անդամ են: ԱՄՆ-ի քաղաքական կառուցվածքը չի կարող թույլ տալ, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ արտաքին քաղաքականության ոլորտում զգայուն հարցերի ինչպես Իրանի խնդրի վերահսկման շուրջ ձևավորվեն անհամապատասխան մոտեցումներ: Անկասկած այս ընթացքում, Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումից և  Իրանի դեմ կոնգրեսի հանրապետականների կոմիտեի կողմից պատժամիջոցային փաթեթի ներկայացումից հետո, Թրամփի կողմից ԻԻՀ-ի հետ լուրջ բանակցություններ սկսելու ցանկության մասին հայտարարությունը մի սցենարի երկու կողմերն են, որոնց նպատակն է ավելացնել ճնշումն Իրանի վրա և Թեհրանին ստիպել քայլել ԱՄՆ-ի կանխորոշած ճանապարհով:

 

armenpress.am

Մենք պետք է անենք ամեն ինչ, որ Արցախը կայանա որպես հզոր պետություն Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մենք պետք է անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև՝ ժողովրդագրության իմաստով»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նա նշել է, որ ժողովրդագրությունն այսօր կարևոր գործոն է ողջ աշխարհում՝ հիմք հանդիսանալով անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։

Հանրապետության նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։ Այդ ուղղությամբ պետք է կատարվեն գործնական քայլեր:

Մյուս կարևոր խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է պարենի անվտանգության հարցը։ Նրա խոսքով՝ Արցախն ունի բոլոր հնարավորություններն՝ ակտիվորեն զբաղվելու պարենի արտադրությամբ։ «Եթե այսօր ունենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ, որոնք ցավագին են, մարդկային կյանքեր են խլում, վաղն ունենալու ենք տնտեսական խնդիրներ։ Տնտեսական խնդիրներից զատ՝ ունենալու ենք նաև պարենի անվտանգության խնդիր։ Աշխարհում պարենի անվտանգության իմաստով ինքնաբավ պետություններ համարյա չկան»,-ասել է նա։

Ընդգծելով տնտեսության, ժողովրդագրության և պարենի անվտանգության ոլորտների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանը խոսել է այդ ուղղություններով ազգային, պետական ծրագիր ունենալու մասին։ «Սա չի վերաբերում միայն Արցախին։ Մեր ուշադրությունը պետք է Հայաստանի ամբողջ տարածքին լինի,-ընդգծել է նախագահը։ -Մենք կոնցեպտուալ փոփոխության կարիք ունենք, մեր վերաբերմունքը պետք է փոխենք»։

 

armenpress.am

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի առնչությամբ հայկական կողմի ներկայացրած պայմանագրային փոփոխությունների մասին առաջարկությունը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի շահագրգիռ տնտեսվարող ընկերությունների և փորձագետների կողմից տեխնիկատնտեսական և իրավական հարցերում համաձայնեցումներից և դիրքորոշումների հստակեցումից հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների ղեկավարությունների մակարդակով կազմակերպել հեռավար բանակցությունների անցկացում՝ վերջնական լուծումներ ձեռք բերելու նպատակով:

 

armenpress.am

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հիշեցնում է, որ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնք կայանալու են Մոսկվայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց խմբակցության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել մասնակցել:

«Ամբողջ աշխարհում և ամբողջ աշխարհի ղեկավարներն այս խնդրի հետ այսօր առնչվում են: Եվ տեսնում եք, որ միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել, այլ նաև շատ ու շատ երկրների»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց՝ կորոնավիրուսի առումով ամեն օր Հայաստանում բան է փոխվում, և լիահույս են, որ վաղը  թվերի անկում կլինի, և լուծում կգտնվի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը, ելնելով դրանից՝ որոշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իր այցից:

 

panorama.am

Ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար անհրաժեշտ գրավը

7or.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Սահմանվել է աննախադեպ բարձր՝ 2 միլիարդ դրամ (ավելի քան 4 միլիոն դոլար) գրավ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։

Քոչարյանի ազատության համար գրավի վճարմանը մասնակցել են բազմաթիվ այլ գործարարներ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ համապատասխան հաշվեհամարին փոխանցումներ կատարած ՀՀ քաղաքացիներ»։

 

panarmenian.net

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են. Հանգստյան օրերի խիստ սահմանափակումներն արդյունքը չեն տվել

Ադրբեջանում հանգստյան օրերի կարանտինային խիստ ռեժիմը ցանկալի արդյունքերի չի բերել, հայտարարել է հիվանդությունների վերհսկման և կանխարգելման բաժնի ղեկավար Յագութ Գարաևան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Հունիսի 14-15-ին Ադրբեջանի մի շարք խոշոր քաղաքներում խիստ կարանտին էր հայտարարվել, մարդկանց արգելված էր տնից դուրս գալ։

Նա նշել է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կտրուկ ավելացել է, շատացել են նաև ակտիվ հիվանդներն ու մահերը։ Ըստ նրա՝ այդ պատճառով է, որ կրկին խիստ արգելքների են վերադարձել։ Գարաևան հայտնել է նաև, որ հիվանդության մուտացիա և երիտասարդների մոտ բարդացումներ կան։

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի ևս 438 դեպք է հաստատվել, վարակակիրների ընդհանուր թիվը 11,767 է, բուժվել է 6325, մահացել՝ 143-ը։

 

panarmenian.net

Շաբաթն առաջնագծում Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

Հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է մոտ 85 անգամ, որի արդյունքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և խ իրականացրել իրենց առջև դրված խնդիրները, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: