ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով հանրաքվե անելու ժամկետի խոսույթն անընդունելի է․ Փաշինյան
Եվրամիությանն անդամակցե՞լ, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում․ այս հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանն առնվազն պետք է դիմած լինի ԵՄ-ին անդամագրվելու հարցով։ Այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հուլիսի 27-ին կայացել է ՀՀ և ՌԴ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում ի հայտ եկած խնդիրների շուրջ։ Կրեմլը հայտարարել է, որ հանդիպմանը շեշտվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձ եղե՞լ է այն հարցին, թե որն է հանրաքվե անցկացնելու վերջնաժամկետը, Փաշինյանն անընդունելի համարեց նման մոտեցումը։
«Հանրաքվեի վերջնաժամկետների հետ կապված խոսույթն ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշում կայացնում։ Մենք պետք է որոշենք՝ երբ հանրաքվե անենք, երբ չանենք։ Ես ասացի՝ ինչ պայմաններում էդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ, հետևաբար էդ մասով խոսույթը տեղին չէ»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։