Մամուլի տեսություն 22.06.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122015-Մամուլի_տեսություն_22.06.2020
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ այն տեղի է ունեցել» անվանումը կրող գիրքը վաճառքի կհանվի հունիսի 23-ից: Կանխատեսվում է, որ դեռ լույս չտեսած և սկանդալի կենտրոնում հայտնված ու Թրամփի դեմ ուղղված այդ գիրքն ազդի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2020 13:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.06.2020

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ այն տեղի է ունեցել» անվանումը կրող գիրքը վաճառքի կհանվի հունիսի 23-ից: Կանխատեսվում է, որ դեռ լույս չտեսած և սկանդալի կենտրոնում հայտնված ու Թրամփի դեմ ուղղված այդ գիրքն ազդի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վրա:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Թրամփ.«Պատրաստ եմ արագ համաձայնության գալ Իրանի հետ»

Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում կայացած նախընտրական հավաքի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  պատրաստ է արագ համաձայնության գալ Իրանի հետ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկար դադարից հետո Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում կայացած նախընտրական հավաքի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Ելույթի ընթացքում նա հայտարարել է, որ եթե ինքը պարտվի ընտրություններում, իր երկիրը կհայտնվի ծանր վիճակում:

Քննադատելով  Հիլարի Քլինթոնի  գործունեությունը՝  Հարավային Կորեայի հետ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ, Թրամփը պնդել է, որ Չինաստանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն պայմանավորված է Բայդենի քնկոտ գործունեությամբ, և սա  ամենավատ տնտեսական գործարքն է ԱՄՆ-ի  պատմության մեջ:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանում գործարկվել է գրիչ-ներարկիչների տեսքով  ինսուլինի արտադրության առաջին հոսքագիծը

Գրիչ-ներարկիչների տեսքով  ինսուլինի արտադրության առաջին հոսքագծի օնլայն շնորհանդեսի ժամանակ,  Իրանի նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալն ասել է. «Ինսուլինն  այն դեղագործական արտադրանքներից է, որի համար պահանջվում է  մեծ քանակությամբ արտարժույթ,  և այսօր Իրանում գրիչ-ներարկիչների տեսքով  ինսուլինի արտադրության առաջին հոսքագծի գործարկումը մեծ քայլ է»: 

 

« Էընթեմադ» օրաթերթ

Իրանը Բոլթոնի հուշերում

Ջոն Բոլթոնն անցած շաբաթ ABC News-ին տված հարցազրույցում հակիրճ ներկայացնելով ԱՄՆ նախագահի վերաբերյալ իր գրքի բովանդակությունը, ասել է.«Ես չեմ կարծում, որ Թրամփն այս պաշտոնի համար հարմար թեկնածու է և  բավարար արժանիքներ ունի նախագահի պաշտոնն ստանձնելու համար»:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականն անցած տարի ամռանը հեռացվեց  պաշտոնից, և այսօր մոտ 9 ամիս անց, իր վրեժն է լուծում նախագահից: 

«Սենյակը, որտեղ այն տեղի է ունեցել» անվանումը կրող  գրքում, Բոլթոնը  նախագահ Թրամփին նկարագրում է որպես մի պաշտոնյա, որի կայացրած որոշումների գլխավոր նպատակը նախագահի պաշտոնում վերընտրվելն է: Նա իր գրքում քննադատել է Դոնալդ Թրամփի նախագահության բոլոր կողմերը: Թրամփը հայտարարել է .«Գիրքը կազմված է ստերի ու կեղծ պատմությունների հիման վրա»:

Թրամփի փաստաբանները հայց են ներկայացրել Բոլթոնի դեմ՝ ազգային անվտանգությունը վտանգի տակ դնելու համար: Բոլթոնն այդ գրքում Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն աճուրդի դնելու մեջ: 

 

«Շարղ» օրաթերթ

Պուտինը չի ծիծաղում 

Արդյոք Կրեմլը գոհ է Միացյալ Նահանգներում տիրող անկարգություններից:Պուտինը չի ծիծաղում:

Ուրիշների անկման համար ուրախանալը քաղաքական քարոզչության էական մասն է: Շատերը հավանաբար համոզված են, որ ռուսական պետական ​​լրատվամիջոցները մեծ հաճույքով են դիտում Միացյալ Նահանգներում ընթացող ամենալուրջ անկարգությունները:

Ռուսաստանի պետական ​​լրատվամիջոցները,  հեռարձակել են  «Սևամորթների կյանքը կարևոր է» թեմայով հաղորդում, որը նույնիսկ կարելի է ասել, որ հակասում է այս հարցում Կրեմլի մոտեցմանը:

 

Armenpress.am

ԵՄ-ն բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը

 Եվրոպական Միությունը բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլիուսի և վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի կողմից համապարփակ բարեփոխումների հաջող իրականացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, նոր խթաններ կստեղծի Եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու և հաջորդ տասնամյակում Հայաստանի և ԵՄ-ի կողմից ձեռնարկվելիք հաջորդ քայլերի համար: Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների իրականացմանը։ Եվրոպական Միությունը բարեփոխումների առանցքային գործընկերն է և խոշորագույն դոնորը Հայաստանում: ԵՄ-ն իր ամենամյա միջին օգնությունը 40 միլիոն եվրոյից ավելացրել է մինչև 65 միլիոն եվրո:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նշելով, որ այն վերաճում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և ռազմավարական առումով ամրապնդված գործընկերության:

 

Armenpress.am

ՀՀ-ում ՍԴ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ. ԵԽ քարտուղար

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերը սատարող հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ։

«Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում լուծել Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտոնական խնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նա նկատել է, որ իր կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացում Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը, ինչպես նաև ընդունել է իր կողմից հանրաքվե նախաձեռնելու մասին որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը։

«Ավելին, նկատի ունենալով գործող նորմերի ազդեցությունը Սահմանադրական դատարանի կազմի վրա, Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների ամբողջական իրագործումը լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Եվ որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչև այդ ժամկետը, իսկ այն դատավորները, որոնք արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը, պետք է կարողանան օգտվեն նոր անցումային ժամանակից, որի տևողությունը պետք է որոշեն հայկական իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել ափսոսանք հայտնել, որ իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում նման անցումային ժամկետ։ Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սահուն կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները»,- ընդգծել է Գլխավոր քարտուղարը։

 

 

Tert.am

Ռուսաստանը հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունի․ Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքերը

Ռուսաստանն իր հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» ֆիլմի համար Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցի ժամանակ հնչած մի շարք հայտարարություններ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ոչ, Ռուսաստանը որևէ տարածքային պահանջ չունի հարևանների նկատմամբ»,- նշել է Պեսկովը և հավելել, որ Պուտինը չի ծրագրում տարածքային որևէ հարց բարձրացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք հունիսի 24-ին Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին են մասնակցելու։

«Ոչ, այդ հարցերն օրակարգում չեն»,- նշել է նա։

Նախօրեին «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմի հատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ «չի կռվել, այլ տարակարծություններ ունի», և հավելել է, որ «ուկրաինացի ժողովուրդն ինչպես նախկինում, այժմ էլ շարունակում է իրենց համար եղբայր ժողովուրդ մնալ և դարեր շարունակ այդպես էլ լինելու է»։

   

1in.am

Քրդերը հակաթուրքական ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպել 3 եվրոպական քաղաքներում

 

Գերմանիայում և Ֆրանսիայում բնակվող քրդերը և տեղի բնակիչները հակաթուրքական ցույցեր են կազմակերպել։

Գերմանական Օսնաբրյուք և Գիեսեն քաղաքներում կազմակերպված երթերով ու հանրահավաքներով ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի՝ Իրաքի Հարավային Քուրդիստան նահանգի դեմ կազմակերպած ռազմական արշավների առթիվ։

Ցույցերին բացի քրդերից մասնակցել են նաև գերմանացիներ։ Ցուցարարները կոչ են արել միջազգային հանրությանը՝ անտարբեր չմնալ Թուրքիայի նախաձեռնած հարձակումների և կոտորածների նկատմամբ։ Բողոքի ակցիաներին աջակցել են նաև տեղի քրդական հասարակական կազմակերպությունները։

Թուրքիայի հարձակողական գործողությունները դատապարտող նմանատիպ միջոցառում է տեղի ունեցել նաև Ֆրանսիայի Ռենն քաղաքում։ Քրդական կազմակերպությունները այստեղ էլ մարդաշատ երթ են կազմակերպել։ Երթին ներկա գտնված ֆրանսիացիները ծափողջյուններով աջակցել են միջոցառման մասնակիցներին։

 

News.am

Թրամփի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը կլքի իր պաշտոնը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Քեւին Հասեթը ամռանը կլքի ԱՄՆ վարչակազմը, հայտնում է Axios պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները:

Հասեթը խորհրդականի պաշտոնին վերադարձել էր աշնանը՝  կորոնավիրուսի համավարակի կապակցոթույամբ վատթարացող տնտեսական իրավիճակի ֆոնին: Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ գործազրկությունն ԱՄՆ-ում կարող է հասնել Մեծ դեպրեսիայի ժամանակների մակարդակին, եւ կողմ էր հանդես գալիս գործազրկության դեմ պայքարին ուղղված ծախսերի ավելացմանը:

Նշվում է, որ Հասեթը խորհրդատվական ծառայություններ է մատուցում անփոխհատույց հիմունքներով, նրա պաշտոնավարումը միշտ պլանավորվում էր որպես ժամանակավոր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: