Մամուլի տեսություն 23.08.2020
Իրանահայ անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը խոսել է աշուրայական մշակույթի նկատմամբ իր հետաքրքրության մասին: Նա ասել է. «Հնարավոր չէ իրանցի լինել ու անտարրբեր մնալ աշուրայական մշակույթի նկատմամբ»:
«Իրան»
«Ձգանի մեխանիզմի» ակտիվացմամբ ՀԳՀԾ-ից Իրանի ավտոմատ դուրս գալու նախագծի մանրամասները
Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ներկայացրել են հրատապության երկրորդ աստիճանի նախագիծ, որով առաջարկվում է «ձգանի մեխանիզմի» ակտիվացման ու ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման դեպքում Իրանը ավտոմատ դուրս գա ՀԳՀԾ-ից: Այս նախագիծը ստորագրվել է 49 պատգամավորների կողմից ու հանձնվել խորհրդարանի ղեկավար կազմին, որպեսզի առավել քննարկման համար ուղարկվի համապատասխան հանձնաժողովին՝ Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովին:
«Քեյհան»
Թուրքիան փակել է Սիրիայի հյուսիսային շրջանի խմելի ջուրը
Սիրիայի կարմիր մահիկը միջազային կառույցներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայի կողմից «Ալ-Հասաքա» շրջանի ավելի քան մեկ մլն. բնակիչների վրա խմելի ջուրը փակելու քայլի դեմ:
Սիրիայի Կարմիր մահիկը դիմել է միջազգային կողմերի օգնությանը: Սիրիայի քաղաքացիական այս կառույցը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Ալ-Հասաքա շրջանի ավելի քան մեկ մլն. բնակչությունը ապրում է դժվար պայմաններում՝ Թուրքիայի ու նրա վարձկանների կողմից այս շրջանի խմելի ջուրը փակելու քայլի պատճառով: Թուրքիայի այս քայլը դեմ է միջազգային ու մարդասիրական օրենքներին: Թուրքիան կանխարգելում է Կարմիր մահիկի թիմերի անվտանգ հասանելիությունը «Ուլուքի» ջրամատակարարման կենտրոնին՝ սարքավորումները նորոգելու ու խաղաղ քաղաքացիներին ջրամատակարարման ու խմելի ջրի հասանելության հարցով վստահությունը ձեռք բերելու համար»:
«Խորասան»
«Աշուրայի նախորդ գիշերը»
Աշուրա սիմֆոնիայի հեղինակը իրանահայ կոմպոզիտոր ու դիրիժոր Լորիս Ճգնավորյանն է: Այս ստեղծագործությունը ավարտին հասցնելուց հետո կայացած զրույցի ընթացքում Ճգնավորյանը խոսել է աշուրայական մշակույթի նկատմամբ իր հետաքրքրության մասին, հավելեով.«Փողերի ու թմբուկների միջոցով լսվող երաժշտությունը միշտ դրական է ազդում ինձ վրա: Պիտի ասեմ, որ հնարավոր չէ իրանցի լինել ու անտարբեր մնալ աշուրայի հսկայական մշակույթի նկատմամբ: Աշուրան մի քանի մեծ դասեր ունի և ինքը մեծ ողբերգություն է»: Շիաների երրորդ իմամը՝ Իմամ Հոսեյնը դաժանորեն նահատակվել է աշուրայի օրը:
«Էթեմադ»
Ընդդիմադիրներին լիկվիդացնելու Պուտինի ծանոթ միջոցը
Ալեքսեյ Նավալնին բազմիցս ձերբակալվել է Մոսկվայի կառավարության դեմ հակապետական ցույցեր կազմակերպելու համար, սակայն այս անգամ իր ընտրական քարոզարշավից վերադառնալիս հայտնվել է կոմայի մեջ: Ալեքսեյ Նավալնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահայտնի ընդդիմադիրը, որ մտադիր էր մի անգամ ևս, ռուս ցարի դեմ, այս երկրի Դումայի տեղական ընտրություններում սկսել իր քարոզարշավը, այժմ կյանքի ու մահվան կռիվ է տալիս:
Այս բլոգերի անունը հայտնի դարձավ ՌԴ-ում կոռուպցիայի հարցով հետաքննություններից հետո: Նա հրապարակել է փաստաթղթեր կապված ժամանկի վարչապետ և ՌԴ-ի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, ինչի պատճառով էլ նրա դեմ թշնամությունները սրվեցին: Նա հայտարարել է, որ հունիս ամսին անցկացված հանրաքվեն, որ Պուտինի թույլ է տալիս ավելի քան երկու շրջան մնալ իշխանության ղեկին, հեղաշրջում էր:
armenpress.am
Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը 30 տարեկան է
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։
Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»,- հայտարարվում է ՀՀ անկախության մասին հռչակագրում:
Այն բաղկացած է 12 կետից: Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի արդյունքում ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:
aravot.am
Եթե ուզում ենք, որ մեր տեսակը, լեզուն, մշակույթը, հավաքական կերպարն ու ինքնությունը հավերժացնենք, ուրեմն պետք է իմանանք անկախության գինը․ Արտակ Զաքարյան
ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր լրանում է ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը։ Հայաստանի ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ մասին ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ միասին, Հանրապետության հիմնարար երկու փաստաթղթերից մեկն է։ Սիրելի հայրենակից, մեր պատմությունը՝ անկախության, պետականության, ինքնիշխանության կորուստների, բաժանումների ու դրա կտորների շուրջ վերականգնումների ունիկալ հավաքածու է։ Իսկ գիտե՞ս, թե ինչու է այդպես. որովհետև մեր մեջ է մեր ներքին թշնամին, դավաճանն ու օտարամոլը։ Մինչև մենք չսովորենք զատել, մեր նվիրյալներին՝ մեր իսկ դավաճաններից, մեր անկախ պետականության շահերի իրական պաշտպաններին՝ կեղծ փարիսեցիներից, մեր մասին մտածող ու մեզ համար գործող զավակներին՝ մեր անունից խոսող, ու գեղեցիկ խոսքերով խաբող՝ մեր ներսի օտարամոլ սրիկայից, մենք չենք կարող լիարժեք անկախություն տնօրինել։ Անկախությունը տրված չէ բոլոր ազգերին, այն իր մեջ Աստվածային բնույթ ունի։ Եթե ուզում ենք, որ մեր տեսակը, լեզուն, մշակույթը, հավաքական կերպարն ու ինքնությունը հավերժացնենք, ուրեմն պետք է իմանանք անկախության գինը։ Իսկ եթե անկախություն գոչելով, ընտանիքներս առած պետք է վազենք Ռուսաստան, Ամերիկա կամ Եվրոպա հիմնավորվելու՝ ուրեմն ինքնախաբեությամբ ենք զբաղված ու Հայրենիքի իսկական տերերին քննադատելու իրավունք չունենք։ Նրանք գնացողների պես չեն, ավելի ազնիվ ու արդար են։
news.am
Որեւէ հիվանդություն չի ունեցել. երեկ մահացած ժամկետային զինծառայողը ՌԴ-ից էր եկել ծառայության մեկնելու
Երեկ հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող 19-ամյա Խաչիկ Բաղդասարյանը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր, ՌԴ-ից էր եկել ծառայության անցնելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը:
Հարցին, թե զինծառայողը մինչ բանակ մեկնելը ունեցել է որեւէ հիվանդություն, նա ասաց, որ առողջ երեխա է եղել, որեւէ հիվանդություն չի ունեցել:
Գյուղապետը նշեց, որ ՌԴ-ից արդեն ժամանել են մահացած զինծառայողի ծնողները եւ քույրը. «Խաչիկը տան միակ տղան էր»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
news.am
Ռուսաստանում ստեղծել են «հակակովիդային» անցագրային համակարգ
«Շվաբե» հոլդինգը (ներառված է Ռոստեխ-ում) պատրաստվում է թողարկել մոդիֆիկացված «հակակովիդային» ջերմադիտակներ դեմքերը ճանաչելու եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու գործառույթով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Շվաբեն» կստեղծի ինտելեկտուալ սարքավորում անցակետերում մարդկանց վերահսկման եւ անցագրի թույլտվություն տալու համար կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Նորույթն իր մեջ ներառում է ջերմադիտակ, աշխատատեղ հատուկ ծրագրային ապահովմամբ եւ բացարձակ սեւ մարմին կորպուս չափագրելու համար։ Նաեւ համալիրն ունի հնարավորություն ինտեգրել վերահսկողության համակարգն ու կառավարել օբյեկտի հասանելիությունը, եւ համալրված է էկրանով ստացված տեղեկատվությունը վիզուալացնելու համար»,-ասել են «Շվաբե»-ում։
Նոր համակարգը ստացել է «Զորկի» անվանումը։
tert.am
«ԱՄՆ-ն փորձում է իր վրայից հանել բոլոր միջազգային պարտավորությունները». Լավրով
ԱՄՆ իշխանությունների գործողությունները խոսում են այն մասին, որ այդ երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից հանի բոլոր միջազգային բազմակողմ պարտավորությունները: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria․ru-ն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նման դիրքորոշման մասին խոսում են արտատարածքային պատժամիջոցները։
«Երբ ԱՄՆ-ն որոշում է, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում, քանի որ չափազանց շատ է վաճառում ԱՄՆ-ին, բայց շատ քիչ է գնում, ամերիկացիները սահմանափակումներ են մտցնում ՉԺՀ-ից ներկրումների համար։ Երբ Միացյալ Նահանգները որոշում է, որ Իրանը, թեև կատարում է այն ամենը, ինչի մասին պայմանավորվել են ԳՀՀԾ շրջանակներում, այնուամենայնիվ վատ է իրեն պահում (մյուսները այդպես չեն կարծում), ապա պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ»,-հավելել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ դա որոշակի առումով վերաբերում է նաև Վենեսուելային։ Ինչպես նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, երբ ԱՄՆ-ն կարծում է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն «արժանի է պատժի», նրանք պատժամիջոցներ են հայտարարում նրա դեմ:
«Իսկ հետո աշխարհի մյուս պետություններին հայտարարում են չհամարձակվել առևտուր անել այն պետությունների հետ, որոնց ԱՄՆ-ն ցանկանում է մեկուսացնել»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ նախարարը։
tert.am
«Դոնալդը դաժան մարդ է»․ Թրամփի ավագ քույրը վերջինիս «անսկզբունքային և ստախոս» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ քույրը՝ Մերիեն Թրամփ Բերրին, իր եղբորը դաժան, անսկզբունքային և ստախոս մարդ է անվանել, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով նախագահի քրոջ և եղբոր դստեր՝ Մերի Թրամփի միջև խոսակցությունների ձայնագրությունները։
Նախագահի ավագ քույրը՝ Մերիենն Թրամփ Բերրին, որը իրավագիտության դոկտորի աստիճան ունի և զբաղեցրել է դաշնային դատավորի պաշտոնը, Մերի Թրամփի հետ զրույցում ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը «սկզբունքներից զուրկ մարդ է»։
«Նրա գրողի տարած թվիթերյան գրառումներն ու ստերը, Աստվա՛ծ իմ»,- 2018-ին ասել է Մերիեն Թրամփ Բերրին՝ քննադատերով եղբոր՝ Մեքսիկայի հետ սահմանին երեխաներին իրենց ծնողներից բաժանելու իշխանությունների վարած քաղաքականությունը։
Մերիենը նաև դժգոհել է, որ «Թրամփն ընդհանրապես ոչինչ չի կարդում»՝ խոսելով տարբեր գերատեսչությունների զեկույցների մասին, որոնք նախագահի սեղանին են հայտնվում։
Բացի այդ, ինչպես գրում է թերթը, Թրամփի ավագ քույրը վերջինիս դաժան մարդ է անվանել։
«Դոնալդը դաժան մարդ է»- ասել է նա:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» վերնագրով գիրք է հեղինակել, որում երկրի ղեկավարի վերաբերյալ տհաճ բացահայտումներ ու պնդումներ են ներկայացված։
Simon & Schuster հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։
Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։
Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։