Մամուլի տեսություն. 28.09.2020
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող թեժ մարտերը լայն արձագանք են գտել իրանական մամուլում:
«Քեյհան» օրաթերթ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի կրակը թեժացել է
Ղարաբաղյան հարցով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև պատերազմի կրակը թեժացել է: Ընթացող մարտերում կողմերը կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ են պատճառել միմյանց: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ որ խոցել է Ադրբեջանի չորս ուղղաթիռ և երկու անօդաչու սարք:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի սահմանամերձ ավանների դիրքերը ականանետային հարձակումների թիրախ են դարձել Հայաստանի զինված ուժերի կողմից: Հարձակման հետևանքով զոհվել են զինվորականներ և խաղաղ բնակիչներ:
Երեկ Իրանի իսլամական հանրապետությունը և Ռուսաստանը Բաքվին ու Երևանին կոչ են արել անհապաղ դադարեցնել բախումները:
«Էըթեմադ» օրաթերթ
Իրանի դեմ ռազմական տարբերակը դրված է սեղանին
Սիոնիստական Մաարիվ թերթը հաղորդել է,որ միջազգային շրջանակներում միջագային հանրության կողմից Վաշինգտոնի ցանկություններին ընթացք չտրվելու և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պարտության ստվերի ներքո Սպիտակ Տունը վերստին ռազմական տարբերակը դրել է սեղանին:
Հոդվածագիրը, ում թերթն անվանել է ռազմական հարցերի վերլուծաբան, վերջում նշել է.«Որքան դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի հաղթելու հավանականությունը մեծանա, և որքան Թրամփի կողմնակիցների շարքերում հուսահատություն տիրի, այնքան մեծ կլինի Պարսից ծոցի ափամերձ հատվածում իրանական հենակետերի վրա հարձակման վտանգը: ( Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները մի քանի օր առաջ ավիակիր էր ուղարկել այդ տարածք): Մյուս կողմից ՝ այդ գործողության մեջ Իսրայելի համագործակցության հավանականությունը ավելի է մեծանալու:
«Համշահրի» օրաթերթ
Ամերիկացի հայտնի լրագրող. «Ես իրոք վախենում եմ. Մարդիկ պետք է պատրաստ լինեն, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ կլինի»
«ԱՄՆ-ը քաղաքացիական պատերազմի շեմին է», - CNN- ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի հայտնի լրագրող Թոմաս Ֆրիդմանը: Նա ասել է. «Ես իրոք վախենում եմ; Քանի որ ես պատրաստվում եմ ավարտել լրագրողական կարիերաս, երբ, հավանաբար, քաղաքացիական պատերազմի ականատեսը կլինեմ Միացյալ Նահանգներում»:
«Իրան» օրաթերթ
Բելառուսը զգուշացրել է միջամտությունների ու պատժամիջոցների հակառակ արդյունք ունենալու կապակցությամբ
Բելառուսի ԱԳ նախարարը խոսքն ուղղելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային, զգուշացրել է այդ երկրում անարխիա առաջացնելու փորձերի կապակցությամբ, ասելով. «Արտաքին պատժամիջոցներն ու Մինսկի ներքին գործերին միջամտելը հակառակ արդյունք են ունենալու»:
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ասել է.«Մեծ ցավով մենք ականատես ենք լինում հանուն իրենց շահերի հետապնդման, ՄԱԿ-ի պլատֆորմը, այդ թվում ՝ Անվտանգության խորհուրդը չարաշահելու ուղղությամբ որոշ երկրների ջանքերի ավելացմանը: Խոսքը վերաբերում է որոշ արևմտյան երկրներին, որոնք կենտրոնացած են Բելառուսի իրավիճակի վրա»:
«Հոռետեսական արտահայտություններ են արվել մեր մի խումբ արևմտյան գործընկերների կողմից բելառուսների ինքնիշխանության և բարեկեցության համար նրանց ենթադրյալ մտահոգությունների վերաբերյալ: Փաստորեն, դրանք ոչ այլ ինչ են, քան մեր երկրում անարխիա առաջացնելու փորձ, որպեսզի Բելառուսը կորցնի իր երկար տարիների բարգավաճումը»,- ասել է ռուս դիվանագետը:
News.am
ԵԽ-ն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը շուտով որոշում կկայացնի Բաքվի հետ հակամարտության հարցով Երեւանի հայցի վերաբերյալ
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շուտով որոշում կկայացնի միջանկյալ միջոցներ ձեռնարկելու Երեւանի հայցի վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը:
«ՄԻԵԴ-ը Հայաստանից հայց է ստացել միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ` դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն»,- ասել է նա: «Ես դեռ չեմ կարող ասել, թե երբ կկայացվի այս դիմումի որոշումը, բայց ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- ընդգծել է Հոլթգենը:
ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն, կողմերից մեկի պահանջով դատարանը «կողմերին կարող է մատնանշել ցանկացած նախնական միջոց, որն անհրաժեշտ կհամարի»:
Կիրակի օրը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երեւանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` խնդրելով ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ` կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ: Ժամանակավոր կամ ապահովող միջոցները արգելում են պատասխանողին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են անուղղելի եւ միեւնույն ժամանակ էական վնաս վնաս պատճառել դիմումատուին կամ քաղաքացիների պաշտպանված շահերին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։
Armenpress.am
Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ԼՂ շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունները
Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Յոշիդա Տոմոյուկին:
«Ճապոնիան լրջորեն մտահոգված է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցող զինված դիմակայության կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահվան: Ճապոնիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ցուցաբերել առավելագույն զսպվածություն վերսկսել երկխոսությունը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումը կարևորագույն նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- նշել է Տոմոյուկին:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հավելել է, որ Ճապոնիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:
«Ճապոնիան լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանը և հույս հայտնում, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում տեղի կունենա»,- ասել է Յոշիդա Տոմոյուկին:
Panarmenian.net
Էրդողանը ԵԱՀԿ ՄԽ-ին մեղադրում է անգործության համար
Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան լուծեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց խնդիրները, ապա ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը Հայաստանի հետ կապված խնդիրներ չեն ունենա: Այդ մասին հայտնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Նրա կարծիքով, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան ոչինչ չեն անում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: «Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը չէին ունենա այսօրվա խնդիրները, եթե վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին»,- ընդգծեց Թուրքիայի վարչապետը, հաղորդում է TRT ալիքը:
Armenpress.am
Սիրիացի վարձկանները Ադրբեջանում խառնաշփոթ են առաջացրել. ահազանգում են ադրբեջանական ԶԼՄ-ները
Ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում տեղակայված սիրիացի զինյալները իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար, նրանց միջև բախումներ են սկսվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ շրջանառվող այս լուրի մասին հաղորդել է նաև ադրբեջանական Free Azerbaijan կայքը:
Կայքը հիշեցրել է, որ ինչպես ավելի վաղ հայտնել է, սիրիացի զինյալները ժամանել են Ադրբեջան՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար և տեղակայվել են սահմանամերձ գյուղերում:
«Սիրիացի զինյալները խառնաշփոթ են առաջացրել: Տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև արդեն երկու օր է բախումներ են տեղի ունենում: Մերձավոր Արևելքից եկած զինյալները վատ են վերաբերվում գյուղացիներին, մասնավորապես, նրանք վիրավորում են, սպառնում, կանանց թույլ չեն տալիս տանից դուրս գալ՝ առանց հիջաբի: Բացի այդ, «հյուրերը» հարձակվում, թալանում են տեղի խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել և օգտագործել: Այլ խոսքով ասած՝ զինյալները շարիաթի օրենքն են կիրառում»,-հայտնել է լրատվամիջոցը:
Ավելի լուրջ ու լայնամասշտաբ բախումներից խուսափելու համար գործին միջամտել է ռազմական ոստիկանությունը, որը բռնի ուժով ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը ժամանակավորապես շտկել: Տեղի ադրբեջանցի գյուղաբնակները ընդգծել են, որ տագնապալին այն է, որ նրանք ստիպված են դիմակայել սիրիացի զինյալներին, ովքեր կռվում են հենց ադրբեջանցիների կողմից: