Մամուլի տեսություն 09.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126586-Մամուլի_տեսություն_09.10.2020
Ճանճը դարձել է Հարիս-Փենս բանավեճի առաջին դեմքը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 09, 2020 11:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.10.2020

Ճանճը դարձել է Հարիս-Փենս բանավեճի առաջին դեմքը:

Էթեմադ օրաթերթ

Ճանճը դարձել է Հարիս-Փենս հեռուստաբանավեճի կենտրոնում

Փոխանակ քննարկելու  նախագահական ընտրությունների թեկնածուների  քաղաքական ծրագրերը, սոցցանցերի օգտատերերը խոսում են ճանճի մասին, որը հեռուստաբանավեճի ժամանակ նստել է  Մայք Փենսի գլխին, այն պահինբ, երբ նա խոսում էր ռասայական խնդիրներ մասին:

Թվիթերի օգտատերերը սկսել են քննարկել ճանճին և նրանցից որոշներն անգամ նշել են, որ հեռուստաբանավեճի  «իրական հաղթողը» ճանճն էր:

Ինչպես գրել են որոշ օգտատերեր, ճանճը առնվազն երկու րոպե նստած է մնացել փոխնախագահ Փենսի գլխին  և նա շարունակել էր խոսել ՝ անտեղյակ լինելով, որ իր գլխի ճանճը գրավել է ամբողջ ուշադրությունը: 

 

 

Համշահրի  օրաթերթ

14 օր  կարանտին Սպիտակ տան անվտանգության երկու աշխատակիցների համար

Դոնալդ Թրամփի ՝ հիվանդանոցից դուրս գալու և երկրպագուների հետ հանդիպելու մի քանի րոպե տևած շոուն ավարտվել է անվտանգության երկու աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակվելով: 

Չնայած Սպիտակ տան պաշտոնյաները ասում են, որ Թրամփին դուրս գալ թույլ են տըվել Walter Reed ռազմական հիվանդանոցի բժիշկները, սակայն Մերիլենդի օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր անձ, ով շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ, պետք է առնվազն երկու շաբաթ կարանտինի մեջ մնա:

Մեքենայի մեջ  արված պատկերներում երևում է, որ Թրամփը դիմակ է կրում, սակայն   անվտանգության աշխատակիցների մեքենայում գտնվելու հանգամանքը մեծացրել է նրանց վարակվելու հավանականությունը:

 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Բորել. Եվրոպան կշարունակի Իրանի զենքի էմբարգոն

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ ԵՄ-ն պահպանելու է Իրանի զենքի  էմբարգոն:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում ասել է. «Ինձ միշտ անհանգստացրել է Իրանում տիրող իրավիճակը»:

Ելույթի սկզբում Ջոզեֆ Բորելը կեղծ մեղադրանքներ է ներկայացրել Իրանի դեմ ՝ մի շարք հանցագործների մահապատժի և լրտեսների ձերբակալության համար և նշել, որ մեկ անգամ ևս կոչ է անում Իրանի իշխանություններին հրաժարվել նման  քաղաքականությունից:

 

Իրան օրաթերթ

Ասադի արձագանքն իրեն սպանելու ԱՄՆ մտադրությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իրեն սպանելու մտադրություն է ունեցել, հդատապարտել է քաղաքական գործիչներին սպանելու ԱՄՆ-ի քաղաքականությունը և ընդգծել միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ այդ երկրին հանցագործությունների համար պատժելու և դրանք կանխելու համար:

Sputnik– ին տված հարցազրույցում Ասադը հավելել է. «Սպանությունն ԱՄն-ի քաղաքականության մի մասն է և այդ երկիրը տասնամյակներ շարունակ զբաղվել է սպանությամբ ու դա նորություն չէ»:

 

armenpress.am

Մոսկովյան քննարկումների ֆոնին Ֆրանսիայում ԼՂ հակամարտության գոտու հրադադարի հույս են հայտնում

 Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 9-ին ծրագրված հանդիպման ֆոնին Ֆրանսիայում հույս ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շուտափույթ հրադադար կհաստատվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցները:

«Ֆրանսպրես»-ը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախագահական պալատից ստացված տեղեկությունների համաձայն՝ հրադադարը կարող է հաստատվել հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ 10-ի առավոտյան՝ թեև իրավիճակը տեղում «շարունակում է մնալ փխրուն»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ քննարկման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և զրուցակցին տեղեկացրել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

 

armenpress.am

Հավատարիմ ենք խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղության գործընթացը. Փաշինյան

 Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը սկսել է լայնածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանի զորքերը, որոնց աջակցում է Թուրքիան, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: «Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած: Մեր անվտանգությունը, ազատությունն ու անկախությունը վտանգված են: Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ: Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Ամենաշատը տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է: Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ  այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:  Փաշինյանը շեշտեց, որ չնայած բոլոր ջանքերին,  հակառակորդը չկարողացավ հասնել նշանակալի հաջողության: «Մեր ժողովուրդն ավելի միասնական է, քան երբևէ և վճռական է պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը: Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին մի քանի օրվա հայտարարությունների»,-ասաց վարչապետն ու հավելեց՝  դա Հայաստանի համար ճակատագրական թեմա է, և ինքը, անկասկած, կցանկանար ԵԱՏՄ երկրների իր կոլեգաների հետ կիսել տեղեկատվություն այն դրամատիկ իրադարձությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում անհանգիստ տարածաշրջանում:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպումն արդեն կայացել է: Դրան մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

 

armenpress.am

Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա

  Հայաստանը համավարակի պայմաններում շեշտում է ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը, մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ երկրների տնտեսությունների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանն իր ելույթում:

Փաշինյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը և երկրների միջև ինտեգրման խորացման ուղղությամբ աշխատանքը ՀՀ կառավարության կարևորագույն գերակայություններն են: Հայաստանը հետայսու ևս կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ հասնելու միության կողմից սահմանված նպատակներին, չնայած Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին: «Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական նախագծի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, շատ կարևոր փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը: Համավարակի պայմաններում մենք շեշտում ենք ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայն ներդնումը կարող է ընդլայնել ընկերությունների կարողություններն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: ՀՀ կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Փաշինյանը նկատեց, որ իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը: «Եվ վերջինը: Մենք, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումների, այնպես էլ ինովացիոն գրավչության ավելացմանը, ակտիվության և Միության մրցունակության և գիտաարտադրական ներուժի բարձրացմանը»,-եզրափակեց վարչապետը:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպումն արդեն կայացել է: Դրան մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: