Մամուլի տեսություն 12.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126736-Մամուլի_տեսություն_12.10.2020
Տասնյակ կոշտ պատժամիջոցները, որոնք սրել են Հյուսիսային Կորեայի ժողովրդի իրավիճակը՝ ամբողջովին զրկելով նրան Աստծո պարգևած բարիքներից, պատճառ չեն դարձել, որ Փխենյանը նվաստացուցիչ քայլի գնալով, ընտրություն կատարի «հրթիռի ու ապրուստի» միջև:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 14:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.10.2020

Տասնյակ կոշտ պատժամիջոցները, որոնք սրել են Հյուսիսային Կորեայի ժողովրդի իրավիճակը՝ ամբողջովին զրկելով նրան Աստծո պարգևած բարիքներից, պատճառ չեն դարձել, որ Փխենյանը նվաստացուցիչ քայլի գնալով, ընտրություն կատարի «հրթիռի ու ապրուստի» միջև:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանական երգի խորհրդանիշը՝ աշխարհի լավագույն 50 ձայների շարքում

Որպես իրանական ավանդական երաժշտության խորհրդանիշ Մոհամմադ Ռեզա Շաջարյանի  մահը լայն արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում:

New York Times- ը, Le Monde- ը, Reuters- ը,NPR-ը,Guardian- ը.CNN-ը,Associated Press- ը, Bloomberg- ը,Global Magazine- ը և  հարյուրավոր տեսողական ու տպագիր լրատվամիջոցներ անդրադարձել են դասական երաժշտության մեջ Շաջարյանի ներդրած ավանդին, համաշխարհային ժառանգության մեջ նրա դերակատարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նրան շնորհված մրցանակներին և նրա անունը, որպես իրանական երգի խորհրդանիշ աշխարհի լավագույն 50 ձայների շարքում ներառվելուն: Լրատվամիջոցներից յուրաքանչյուրը Շաջարյանի մասին հրատարակած մենագրություններում, իր լսարանին ներկայացրել է նրա անհատականության տարբեր կողմերը, մի բան, որ միջազգային լրատվամիջոցներում հազվադեպ է պատահել իրանցի արվեստագետների պարագայում:

 

«Ջավան» օրաթերթ

Կորեայի նոր հրթիռը Բայդենին ևս պատրաստել է բանակցությունների համար

Տասնյակ կոշտ պատժամիջոցները, որոնք սրել են Հյուսիսային Կորեայի ժողովրդի իրավիճակը՝ ամբողջովին զրկելով նրան Աստծո պարգևած բարիքներից, պատճառ չեն դարձել,որ  Փխենյանը նվաստացուցիչ քայլի գնալով  «հրթիռի ու ապրուստի» միջև ընտրություն կատարի: Ի դեպ, Փխենյանի վարչակազմը քաջ գիտակցում է, որ եթե ամերիկացիները երբևէ նստեն բանակցության սեղանի շուրջ,  Թրամփի կամ որևէ այլ մեկի միջոցով, ապա դա տեղի կունենա այն հրթիռների վախից, որոնք կարող են թիրախավորել ԱՄՆ-ի տարածքը, ոչ թե  Փխենյանին վստահելու կամ «ժպիտ դիվանագիտության» արդյունքում:

 

«Քեյհան» օրաթերթ

Առաջիկա շաբաթների ընթացքում կլինեն լավ լուրեր կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութի մասին

Իրանի Առողջապահության նախարար Սաիդ Նամաքին ասել է.«Ես լավ լուր ունեմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին և միջազգային հարաբերությունների գլխավոր  տնօրենին հանձնարարել եմ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացնել Իրանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ոլորտում ձեռքբերումների մասին: Այսպիսով, մենք աշխարհին կտեղեկացնենք  որպես ազգային մեծ շարժում՝ պատվաստանյութի առաջընթացի մասին»:

 

«Էըթեմադ» օրաթերթ

Աննախադեպ երևույթ.  Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել ժողովրդից

Շաբաթ երեկոյան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը  անցկացնելով մեծ ռազմական շքերթ հերթական անգամ գրավել է աշխարհի ուշադրությունը: Բանվորական կուսակցության 75-ամյակի առթիվ տեղի է ունեցել  խոշոր զորահանդես: Շքերթի ժամանակ ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը և այլ ռազմական տեխնիկա:

Զորահանդեսի ժամանակ ունեցած ելույթում,  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն արցունքներ թափելով ներողություն է խնդրել այն բանի համար, որ չի կարողացել առաջնորդել երկիրը դժվարին ժամանակներում:

«Մեր ժողովուրդը երկնքի նման բարձր և ծովի նման խորը վստահություն է դրել ինձ վրա, բայց ես ոչ միշտ եմ կարողացել բավարար չափով արդարացնել այդ վստահությունը: Ես իսկապես ցավում եմ դրա համար: Իմ ջանքերն ու անկեղծությունը բավարար չեն եղել, որպեսզի մեր ժողովրդին ազատեն իրենց կյանքի դժվարություններից»,- ասել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը:

Կիմը,  որին ժամանակին ԱՄՆ նախագահը նկարագրել էր որպես իր երկրի գլխավոր թշնամին ՝ հրթիռային մարդը, հետագայում անվանվեց Դոնալդ Թրամփի ամենամոտ «սերը» աշխարհի առաջնորդների շրջանում:

 

Armenpress.am

Արման Դիլանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

 

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները ՍԴ  նախագահ են ընտրել դատավոր Արման Դիլանյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նախորդ ընտրություններում առաջադրվել էր ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, ով, սակայն, չէր ընտրվել:

 

Armenpress.am

Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտումը

 

Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՏԱՍՍ-ը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով»,- նշել է ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ֆրանսիան ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն:«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:

 

 

News.am

Telegraph. ԵՄ երկրները պատրաստվում են Brexit-ի` առանց առեւտրային համաձայնագրի սցենարին

Եվրամիության անդամ երկրները ձախողման են նախապատրաստվում Բրիտանիայի հետ առեւտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում, որը կկարգավորեր Լոնդոնի եւ Բրյուսելի հարաբերությունները Brexit-ի անցումային շրջանի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Daily Telegraph-ը:

Պարբերականի բարձրաստիճան դիվանագիտական ​​աղբյուրը կարծում է, որ կողմերը, փոխադարձ  անզիջողականության պատճառով, կարող են չհամաձայնեցնել գործարքը մինչ կնքման վերջնաժամկետը (հոկտեմբերի 15), իսկ դա իր հերթին «քաոսի ժամանակաշրջանով» է սպառնում ապագայում: Ընդ որում, ԵՄ երկրներից մեկի դիվանագետը չի բացառել առեւտրային բանակցությունների վերսկսման հնարավորությունն ապագայում: «Որեւէ հիմք չկա ասելու, որ գործարքի բացակայության պատճառով բանակցություններ այլեւս երբեք չեն կարող լինել»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, թերթի մեկ այլ եվրոպական աղբյուր պնդում է, որ ապագայում համաձայնագրի բացակայության դեպքում Բրյուսելի հետ առեւտրային բանակցությունների վերսկսում չի կարող լինել: Փոխարենը,  Բրիտանիան ստիպված կլինի երկկողմ համաձայնագրեր կնքել առանձին անդամ երկրների հետ` տնտեսական հետեւանքները մեղմելու համար:

Միացյալ Թագավորությունը եւ Եվրամիությունն ավելի վաղ խոստովանել էին, որ գործարքի շուրջ բանակցությունները դժվար են ընթանում,  Brexit-ի անցումային շրջանի ավարտին մինչեւ տարվա վերջ ավելի քիչ ժամանակ է մնացել: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը որպես համաձայնության հասնելու վերջնաժամկետ սահմանել էր հոկտեմբերի 15-ը (այդ օրը Բրյուսելում նախատեսված է ԵՄ գագաթնաժողովը): Նրա խոսքով` հոկտեմբերի կեսերից հետո բանակցությունները շարունակելու իմաստ այլեւս չկա:

 

News.am

Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) ռուսական համայնքի ղեկավարն եմ, դիմում եմ Ձեզ ինչպես իմ, այնպես էլ իմ հայրենակիցների անունից, ովքեր գոյության խոր արմատներ ունեն այս հողի վրա (ես մեծացրել եմ որդիներիս, թոռներ եմ մեծացնում): Ես աղաչում եմ Ձեզ շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը, որը նենգորեն  սանձազերծվեց  մեր դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից: Ավելին, չնայած սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանագրին, Ադրբեջանը շարունակում է անդադար ռազմական գործողությունները ոչ միայն շփման գծում, այլ նաեւ անօդաչուներով կասետային ռումբերի կիրառմամբ  թիրախային ռմբակոծություններ է իրականացնում Ստեփանակերտում, Շուշիում եւ այլ հայկական քաղաքների եւ գյուղերի դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների եւ կենսագործունեության այլ օբյեկտների ուղղությամբ: Մահանում են խաղաղ բնակչությունը, այդ թվում` երեխաներ եւ ծերեր, երեք ռուս լրագրող ծանր վիրավորվել է:

Այսօր մենք ռուսական համայնքում մոտ 1500 հոգի ենք: Կարող էինք եւ ավելի շատ լինել, եթե չլիներ ​​ԽՍՀՄ-ի չարաբաստիկ փլուզումը: Այդ ժամանակ շատերը մեկնեցին Ռուսաստան` աշխատանք փնտրելու եւ իրենց հայրենիք Արցախում մնացած ընտանիքները պահելու համար: Այսօր, երբ շրջափակման մեջ է ոչ միայն Արցախը, այլեւ` ամբողջ Հայաստանը, երբ ադրբեջանական թնդանոթներից եւ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերից կրկին հարվածում են քաղաքներին եւ գյուղերին, երբ ահաբեկիչ զինյալները կտրում են խաղաղ բնակիչների գլուխները եւ հրկիզում նրանց տները, վտանգը կախված է ոչ միայն Արցախի, այլեւ, ինչպես ասում են քաղաքական գործիչները, Կովկասի գլխին: Սա սարսափելի վտանգ է նաեւ այստեղ ապրող ռուս ժողովրդի համար: Ո՛չ, մենք չենք պատրաստվում լքել մեր տները, փախչել` մեր հարազատներին եւ հայ ընկերներին դեմ առ դեմ թողնելով ատելի թշնամու հետ, որը չի խնայում ո՛չ տարեցներին, ո՛չ էլ երեխաներին: Նաեւ` այն պատճառով, որ մեր մեջ կան անօգնական մարդիկ` հաշմանդամ եւ թույլ: 1940 թվականին ծնված մեր հայրենակից Նինա Կուզովան պարալիզացված պառկած է հարեւան տան նկուղներից մեկում. բժշկական ցուցումների համաձայն նրան Երեւան տեղափոխելու ոչ մի հնարավորություն չկա:

Համոզված եմ, որ Դուք` հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ լավ գիտեք, իսկ դա հայտնի է ամբողջ աշխարհում (ինչպես պարզվում է` Ալիեւից եւ Էրդողանից բացի), որ Ղարաբաղը  հնուց հայկական հող է: Ռուսները հայտնվել են Ղարաբաղում (Արցախում) ռուսական զորքերի կողմից դրա ազատագրման պահից սկսած ղարաբաղյան մելիքների (իշխանների)` Պետրոս Մեծին ուղղված քրիստոնյա հայ ժողովրդին պարսկական ճնշումներից պաշտպանելու համար խնդրանքով: 1861 թվականին Ալեքսանդր Երկրորդ ռուսական ցարը ներկա էր Ստեփանակերտ քաղաքում Տիրոջ Պայծառակերպության ռուսական ուղղափառ եկեղեցու օծմանը: Այդ մասին վկայում են Շուշիի ռուսական գերեզմանոցները:

Ալիեւի եւ Էրդողանի պնդումները, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, կատարյալ սուտ են, ինչպես նաեւ` այն փաստը, որ Ղարաբաղի հայերը ագրեսոր եւ բռնազավթիչ են: Այո, 1992-1994 թվականներին Արցախի սակավաթիվ ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանելով մեր կյանքի եւ ազատության իրավունքը, անվտանգության գոտի ստեղծեցին մեզ համար 30 տարով: Իմ խորին համոզմամբ` այդ հողերը կարող են վերադարձվել միայն հայկական Լեռնային Ղարաբաղի անկախ եւ անվտանգ ճանաչման միջոցով:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք` Արցախում ապրող ռուս ժողովուրդը, ով այս երկիրը նաեւ իր հայրենիքն է համարում, չենք հավատում Ադրբեջանի նախագահի կեղծ խոսքերին, որը համաշխարհային հանրությանը հավաստիացնում է Արցախի ինչ-որ անհարատեւ ինքնավարության մեջ Ադրբեջանի կազմում: Մենք վախենալու բան ունենք: Մենք հայերի հետ միասին արդեն վերապրել ենք 20 հազար հայերի կոտորածը 1920-ի մարտին Շուշիում, 1988-ի Սումգայիթը, ապա` Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան եւ այլ ողբերգությունները, քանի որ այդ ժամանակ ռուսները եւս վտարվեցին եւ սպանվեցին: Առավել եւս, որ այժմ մեր դեմ պատերազմին միացել են նաեւ Ռուսաստանում արգելված արմատական ​​իսլամիստական ​​կազմակերպությունների ահաբեկիչները:

Գիտեմ, որ վերջերս ռուս զինվորականները ոչնչացրեցին Ադրբեջանի` Ղարաբաղի դեմ պատերազմի համար ահաբեկիչների պատրաստման կենտրոնները Սիրիայում: Սակայն ահաբեկիչներն արդեն կռվում են Ղարաբաղում: Ադրբեջանն ահաբեկիչների օջախ է դարձել: Նրանք պետք է ոչնչացվեն դեռ Ադրբեջանում, քանի որ դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար: Արցախն այսօր դիմակայում է այդ սարսափելի սպառնալիքին:Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մի տվեք Ադրբեջանին եւ Թուրքիային անել իրենց սեւ գործը` Ցեղասպանությունը, ոչնչացնել մեզ` Արցախի քրիստոնյաներիս` հանուն պանթուրքիստական ​​գաղափարով հիվանդ իրենց անողոք իսլամիստական ​​արմատականության: Հուսով եմ, որ իմ նամակը Ձեր կողմից որպես SOS ազդանշան կընկալվի:

Ամեն ժամ վճռական քայլերի ենք սպասում մեր հարազատ Ռուսաստանից, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանին ստիպելուն խաղաղություն ապահովել եւ արդարացիորեն լուծել ընդհանուր ղարաբաղյան խնդիրը»: