Մամուլի տեսություն 19.10.2020
The Economist պարբերականը կանխատեսել է, որ Իրանում տնտեսությունը գալիք տարում բացասական աճից կանցնի դրական աճի:
Խորասան օրաթերթ
Չինաստանի տնտեսությունը կորոնավիրուսային պայմաններում դրական աճ է արձանագրելու
Արժույթի Միջազգային Հիմնադրամը հայտարարել է, որ Չինաստանը միակ խոշոր տնտեսությունն է, որը չնայած կորոնավիրուսի պանդեմիային, դրական աճ է արձանագրելու: ՖԱՐՍ լրատվական գործակալությունը հղում անելով «Ռաշա թուդեյ» հեռուստաալիքին հաղորդել է, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարության՝ աշխարհի շատ տնտեսություններ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեծապես տուժել են, իսկ Չինաստանը միակ խոշոր տնտեսությունն է լինելու, որ կարող է դուրս գալ ճգնաժամից և դրական աճ ունենալ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է.«Չնայած բազմաթիվ տնտեսական աշխատանքների վերսկսմանը և սահմանափակումների վերացմանը, այս տարի սպասվում է, որ համաշխարհային տնտեսությունը կգրանցի 4.4 տոկոս բացասական աճ»:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանի տնտեսությունը գալիք տարի բացասական աճից կանցնի դրական աճի
The Economist պարբերականը անդրադարձել է Իրանի բանկային պատժամիջոցների ազդեցություններին և կանխատեսել է, որ Իրանի տնտեսությունը գալիք տարում բացասական աճից կանցնի երկու տոկոս դրական աճի:
Քննարկելով Իրանի տնտեսության վրա ԱՄՆ-ի բանկային նոր պատժամիջոցների հետևանքները, պարբերականը գրել է. «Թե պատժամիջոցները և թե կորոնավիրուսը Իրանի տնտեսությանը սպառնացող գործոններ են, ուստի ակնկալում ենք, որ Իրանն այս տարի 18 տոկոս բացասական աճ կարձանագրի: 2018 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց ի վեր, բանկերի ու ֆինանսական հիմնարկությունների մեծ մասը ենթարկվել են ԱՄՆ-ի պատժամիջոցներին և դադարեցվել է Իրանի ֆինանսական բաժնի հասանելիությունը Swift ֆինանսական փոխանակումների համակարգին:
Նշելով, որ Իրանի վերաբերյալ նախկին հաշվարկը ոչ մի փոփոխություն չի կրել, The Economist պարբերականը կանխատեսել է, որ այս տարի Իրանի տնտեսության բացասական աճը կկազմի 12 տոկոս, իսկ գալիք տարի դրական աճը կհասնի երկու տոկոսի:
Էբթեքար օրաթերթ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված հրադադարը չպահպանվեց. Հակամարտ կողմերը միմյանց մեղադրում են Ղարաբաղում պատերազմը վերսկսելու մեջ
Ադրբեջանի հանրապետությունը շաբաթ երեկոյան հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է, որ այդ երկիրը և Հայաստանը հոկտեմբերի 18-ին Ղարաբաղում հումանիտար հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: Չնայած հրադադարի հաստատմանը, լրատվամիջոցները հաղորդում են Ղարաբաղի վրա իրականացված հարձակման մասին:
Իրան օրաթերթ
Սպիտակ տան պաշտոնյայի գաղտնի այցը Սիրիա
The Wall Street Journal օրաթերթը կիրակի օրը հաղորդել է, որ Սպիտակ տան պաշտոնյան մեկնել է Դամասկոս՝ Սիրիայում ձերբակալված երկու ամերիկացիների ազատ արձակման նպատակով այդ երկրի կառավարության հետ գաղտնի հանդիպումներ ունենալու համար:
Արտերկրում ամերիկացի ձերբակալվածների հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր գերակայություններից է:
Armenpress.am
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել բանաձև, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների և գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են օրինակ «Ալ-Քաիդա»-ն, ISIS-ը և այլ կազմակերպություններ: Բանաձևը կոչ է անում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար:
Բանաձևում նշվում է նաև, որ Թուրքիան ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, նախկինում քաղաքական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, այսօր էլ ապահովում է անմիջական ռազմական օգնություն: Նշվում է նաև, որ Թուրքիան փակ է պահում սահմանը Հայաստանի հետ, մի երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Թուրքիան բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի դեմ:
Բանաձևում նաև հիշատակվում է այն մասին, որ ըստ հրապարակումների՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի դեմ է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնցից շատերը կապված են «Ալ-Քաիդա»-ի և ISIS-ի հետ: Նշվում է նաև մարտերում Թուրքիայի F-16-երի ներգրավվածության մասին, որոնք օգտագործվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ:
Բանաձևվում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն անհապաղ հրադադարի կոչ է արել, մինչդեռ Թուրքիան հակառակվում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանի շարունակական ագրեսիային: Նշված է նաև այն մասին, որ Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության համակարգ է օգտագործվել Միացյալ Նահանգների արտադրության F-16 կործանիչների դեմ:
1in.am
Լավրովը ԼՂ գոտում հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմների շուտափույթ համաձայնեցման հույս է հայտնել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել առաջիկա օրերին համաձայնեցված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմները: Այս մասին Լավրովը հայտարարել է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:
«Որպեսզի հրադադարն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմների ներդրումը: Մենք դրանում համոզվել ենք երկու փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք թույլ չտվեցին փոխել իրավիճակը գետնի վրա: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առաջին հերթին մեր պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակահատվածում կհամաձայնեցվի նման մեխանիզմը», -հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
1in.am
ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան, ցուցարարների պահանջները լսելով, խոստացել է զեկույց ուղարկել Վաշինգտոն
Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան տվել է իր արդյունքը. դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն խոստացել է ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը:
Դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչներ Արսեն Վարդանյանի, Անահիտ Բախշյանի և Արմինե Մելքոնյանի հետ:
Հանդիպումից հետո նրանք ներկայացրել են տպավորություններն առ այն, որ դեսպանությունում տեղյակ են ամեն ինչին: «Հասկանալի էր, որ նրանք գիտեին նաև, որ ադրբեջանական բանակի կազմում հայերի դեմ կռվում են Թուրքիայի կողմից ուղարկված վարձու ահաբեկիչներ»,- ասաց Արմինե Մելքոյանն ու հավելեց, որ դեսպանատան պշտոնյան ողջունել է նաև, որ Հայաստանում կարող են այսպես խաղաղ ձևով հարցի լուծում պահանջել:
«Եվս մեկ անգամ պետական մակարդակով հաստատվեց, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ այս պատերազմին միացել են նաև ահաբեկիչներ»,- նշեց Արսեն Վարդանյանը;
Դեսպանատան պաշտոնյան նշել է, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ԱԳՆ-ի հետ, և պարբերաբար տեղեկատվություն են ուղարկում Վաշինգտոն: Վարդանյանի խոսքով՝ պաշտոնյան խոստացել է իրենց ներկայացրած պահանջների հիման վրա անմիջապես համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն:
Անահիտ Բախշյանը հիշեցրել է, որ այդ ահաբեկիչները նույն ահաբեկիչներն են, որոնք Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ին իրականացրել էին ահաբեկչություն, նույն ահաբեկիչներն են, որոնք անկայունություն են տարածում աշխարհով մեկ: «Ասվեց, որ Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ ավերվել են: Խոսեցինք նաև այն մասին, որ Գյանջայի օդանավակայանը պայթեցվել է մեզ պաշտպանելու համար, քանի որ այնտեղից ռումբերը թափվում էին Արցախի վրա»,-ասաց Բախշյանը:
Դեսպանատան պաշտոնյայի հետ հանդիպած քաղաքացիները ներկայացրել են ողջ իրադրությունը, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի, սիրիացի վարձկանների գործած վայրագրությունները՝ ցույց տալով ապացույցները, կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը, հստակ գնահատականներ տալ, դադարեցնել ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային: Պաշտոնյան իր խորը վշտակցությունն է հայտնել ցուցարարների ներկայացուցիչներին:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ սպասում են կոնկրետ գործողությունների:
Armenpress.am
Հայաստանի ՊՆ-ն հերքում է ՀՀ կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն», - գրել է Ստեփանյանը։