Մամուլի տեսություն 02.11.2020
Ընդամենը մեկ օր է մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Մեծ խաղադրույքներ են կատարվել այդ ընտրությունների վրա: Շատ բարդ իրավիճակ է տիրում այդ երկրում: Կորոնավիրուսը տարածվում է ահագնացող տեմպերով: Շարունակվում են հակառասիստական բողոքի ակցիաները և սպասվում են բարդ ընտրություններ, ցնցումներ և հետցնցումներ:
«Մարդոմսալարի» օրաթերթ
ԱՄՆ-ի մեծագույն խաղադրույքն է կատարվել ընտրությունների վրա
Մեկ օր է մնացել ԱՄՆ-ի 2020 թվականի ընտրություններին: Չնայած այդ երկրում կորոնավիրուսը տարածվում է ահագնացող տեմպերով, Թրամփը նախընտրական մարաթոնի վերջնական փուլերում փորձում է իր տարածությունը նվազեցնել առաջատար Ջո Բայդենից: Ֆլորիդայի համալսարանում «ԱՄՆ ընտրությունների ծրագրի» տվյալներով՝ ավելի քան 90 միլիոն ամերիկացիներ մասնակցել են քվեարկությանը, ինչը ցույց է տալիս, որ ենթահող է պատրաստվել վերջին հարյուրամյակի ընտրություններին ամենաբարձր մասնակցության համար:
ԱՄՆ-ի այս տարվա ընտրությունների վրա ամենաշատ խաղադրույքն է կատարվել: Թվում է որ խաղադրույք կատարող ընկերությունները համոզված են ,որ Բայդենն է հաղթելու: Չնայած նրանք չորս տարի առաջ էլ կարծում էին ,որ դեմոկրատական Հիլարթի Քլինթոնն է հաղթելու:
«Քեյհան»օրաթերթ
Թրամփի նախընտրական հանրահավաքների հետևանքով,կորոնավիրուսը 700 հոգու կյանք է խլել
Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության դեպարտամենտի հետազոտողները հայտարարել են, որ առնվազն 700 մարդ, ովքեր հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը մասնակցել են Թրամփի նախընտրական քարոզարշավին, մահացել են կորոնավիրուսից:
Թրամփի նախընտրական շտաբը վերոնշյալ ժամանակահատվածում ԱՄՆ-ի տարբեր շրջաններում 18 հանրահավաք է անցկացրել, որոնց ընթացքում մոտ 30 հազար մարդ վարակվել է COVID-19-ով:
«Աֆթաբե յազդ» օրաթերթ
Եվրամիությունն ավելի վատ ու ավելի փոքր է, քան Չինաստանը
«Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» խորագրով գրքում ներառված են Սպիտակ Տանը որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հուշերը: Նշենք որ Ջոն Բոլթոնը 18 ամիս վարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը:
Գրքում 167 անգամ խոսվել է Եվրոպայի մասին՝ տարբեր հարցերում Թրամփի հետ Եվրամիության լուրջ տարաձայնությունների կապակցությամբ: ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների նշանակությունը շատ պարզ է այդ միության անդամների համար: Թրամփը ԵՄ-ին դիտում է ոչ թե որպես դաշնակից կամ գործընկեր, այլ որպես մրցակից: ԵՄ-ը և Թրամփը տարբեր մոտեցումներ ունեն ազատ առևտրի վերաբերյալ: Այս տարբերությունն այնքան մեծ է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրներին մոտեցրել է առևտրային պատերազմին:
«Քեյհան» օրաթերթ
Հոջաթոլէսլամ Սեյեդ Ահմադ Խաթամին նշանակվել է Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի անդամ
Առողջական խնդիրների և ծերության պատճառով պահապան խորհրդի կազմից Այաթոլլա Յազդիի հրաժարվելուց հետո, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգոո առաջնորդ Այաթոլլա Խամենեին հոջաթոլէսլամ Սեյեդ Ահմադ Խաթամիին նշանակել է Պահապան խորհրդի անդամ:
Armenpress.am
Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում է 4.8 տոկոս տնտեսական աճ
Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021-ի համար այն գնահատված է 4.8 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը:
Այսպիսով 2020-ի համար նախկինում կանխատեսված 2.6 տոկոս անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս: Ակնհայտ է, որ այս ցուցանիշները տարբերվում են ԱԺ-ի կողմից հոկտեմբերին ընդունված օրենքից: Չի բացառվում նաև հաջորդ տարվա կանխատեսման վերանայում:
Պահանջարկի վերականգնմանը զուգահեռ, ենթադրվում է, որ գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշի ստորին շեմին: Արտաքին պահանջարկի կանխատեսումների վերանայումների ազդեցությունը 2020 թվականի տնտեսական աճի վրա գնահատվում է 0.9 տոկոսային կետ դրական մեծություն, իսկ 2021-ի համար՝ նույնքան բացասական: Նախարարի խոսքով՝ սա հանգեցրել է այս ցուցանիշի չեզոք ազդեցության գնահատման ՀՀ տնտեսության վրա:
Անդրադառնալով 2020-ի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով: Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, պահանջարկի նվազումն էլ պայմանավորված է եղել սպառման և ներդրումների կրճատմամբ:
Տարեսկզբից տնտեսությունում արձանագրվել էին անցյալ տարեվերջի լավատեսական սպասմանը համապատասխան զարգացումներ և աճի համեմատաբար բարձր տեմպեր էին նկատում, մինչդեռ մարտից դրանք կտրուկ դանդաղել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական ազդեցությամբ: Ամենից խորը տնտեսական անկումը գրանցվել է ապրիլին, դա որոշակիորեն մեղմվել է մայիսին՝ պայմանավորված որոշակի տնտեսական գործունեությունների սահմանափակումների վերացմամբ կամ մեղմամբ: Հուլիսին տնտեսական անկումը կրկին խորացել էր, սակայն օգոստոսին նկատվել է մեղմում:
1in.am
Ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը վարչակազմում զանգվածային վերադասավորումներ կիրականացնի. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երկրորդ ժամկետում վերընտրվելու դեպքում, նախատեսում է զանգվածային փոփոխություններ կատարել վարչակազմում: Աշխատանքից կարող են ազատվել հիմնականում առողջապահության և հետախուզության հետ կապված գերատեսչությունների ղեկավարները, կիրակի օրը հաղորդել է Politico պարբերականը:
Ըստ նրա աղբյուրների, հնարավոր է աշխատանքից հեռացվեն ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը, Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը, ինչպես նաև Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:
Ինչպես հայտնել են աղբյուրները, կադրային փոփոխությունները չեն ազդի ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, ինչպես նաև պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի վրա:
Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Ջադ Դիրը պարբերականին հայտնել է, որ վարչակազմն այս պահին մտադիր չէ հայտարարություններ անել կադրային փոփոխությունների վերաբերյալ:
1in.am
Բայդենը պատասխանել է Թրամփի՝ ընտրություններում իր հաղթանակի մասին վաղաժամ հայտարարելու ծրագրերին
Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախատեսում է վաղաժամ հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին:
Նա նշել է, որ ամերիկյան առաջնորդը չի կարողանա «գողանալ» ընտրությունները:
«Իմ պատասխանն այն է, որ նախագահը չի գողանա այս ընտրությունները», – ընդգծել է Բայդենը:
Նախկինում Axios- ը, վկայակոչելով երեք տեղեկացված աղբյուրներ, հաղորդել էր, որ Թրամփը մտադիր է հայտարարել իր հաղթանակի մասին ընտրությունների օրը՝ երեկոյան: Լրատվամիջոցները պարզաբանել են, որ քաղաքական գործիչը կարող է նման որոշում կայացնել, եթե իր հաղթանակը կամ հակառակորդի նկատմամբ մեծ առավելությունը գրանցվի Արիզոնա, Այովա, Ջորջիա, Օհայո, Հյուսիսային Կարոլինա, ինչպես նաև Տեխաս և Ֆլորիդա նահանգներում:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի, նոյեմբերի 3-ին:
Tert.am
«Ամերիկացիներին պետք է հարցնել՝ որտեղից են ստացել այդ առաջարկներն ու գաղափարները». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ-ում սկանդինավցի խաղաղապահներ մտցնելու գաղափարը
Մոսկվան ամբողջական տեղեկատվություն չունի Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու գաղափարի մասին, բայց ամեն դեպքում, բոլոր պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սկանդինավյան երկրների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ առաքելության հնարավոր ուղարկման շուրջ, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում `զինադադարի պահպանման համար: Նրա կարծիքով, Մինսկի խմբի համանախագահող երկրները, ներառյալ ԱՄՆ-ն կամ հարևան երկրները, չպետք է ներառվեն որևէ զինված խաղաղապահ ուժերի կազմում, Թուրքիայի խաղաղապահ դերն էլ ԱՄՆ-ի և Հայաստանի համար հարմար տարբերակ չէ:«Ամերիկացիներին պետք է հարցնել, թե որտեղից են ստացել այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցելուց հետո», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռուդենկոն:Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյո՞ք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս գաղափարից, փոխնախարարը նշել է, որ «մենք, ինչպես դուք, գիտենք, (միայն) այն, ինչ ասել է Օ'Բրայենը»:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։