Մամուլի տեսություն 19.11.2020
ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքի հետ կապված անորոշությունը շատ վտանգավոր օրեր է ստեղծել ԱՄՆ-ում:
Մարդոմսալարի
Վաշինգտոնում պահանջում են մեղմել հակաիրանական պատժամիջոցները
Դոնալդ Թրամփի վարչակազմին ուղղված նամակում, ամերիկացի մի խումբ օրենսդիրներ կոչ են արել մեղմել Իրանի և այլ երկրների դեմ սահմանված պատժամիջոցները:
Foreign Policy-ն գրել է, որ դեմոկրատ կոնգրեսականները դեմ են Թրամփի վարչակազմի՝ Իրանի և ԱՄՆ այլ մրցակիցների դեմ պատժամիջոցների ավելացման ծրագրին, կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և թույլ տալ, որ այդ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարի համար օժանդակություն տրամադրվի:
Քեյհան
ԱՄՆ-ին վտանգավոր օրեր են սպասվում
ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքի վերաբերյալ անորոշությունը շարունակվում է: Թե՛ Ջո Բայդենը, թե՛ Դոնալդ Թրամփը, շարունակում են պնդել, որ հաղթել են ընտրություններում: Երկու թեկնածուների կողմնակից միլիոնավոր քաղաքացիներ, իրենց հերթին պաշտպանում են այդ հայտարարությունները: Արդյունքում, ամերիկյան հասարակությունը խիստ երկբևեռ և մասնատված է: Եվ ըստ նախկին և ներկա պաշտոնյաների ու հայտնի տեսաբանների, ԱՄն-ին սպասվում են վտանգավոր օրեր:
«Հաջորդ 60 օրերը շատ վտանգավոր են լինելու Սպիտակ տանը Թրամփի ներկայության պատճառով», - ասել է ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը:
Էբթեքար
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն. Իրանի Նաթանզի միջուկային համալիրում որևէ անսովոր գործունեություն տեղի չի ունեցել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր տնօրենը հաստատել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները լիարժեք մուտք են գործել Իրանի երկու միջուկային համալիրներ, որոնք, նրա պնդմամբ, Իրանի կողմից հայտարարված չեն:
Չորեքշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցում, Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն այժմ պետք է կարողանա իրականացնել ստուգման աշխատանքները և Իրանի հետ համագործակցությամբ առաջ շարժվել:
Անդրադառնալով Իրանի տարածքում ուրանի մասնիկների առկայության մասին ՄԱԳԱՏԷ-ին ուղարկված զեկույցին, Գրոսսին Թեհրանին հորդորել է անհապաղ և լիարժեք բացատրություն ներկայացնել՝ երաշխիքային համաձայնագրերին Իրանի լիակատար հավատարմության վերաբերյալ ցանկացած մտահոգություն փարատելու համար:
Էթեմադ
ԻԼԻՊ-ը վերակազմավորվում է
Բացահայտվել են ԻԼԻՊ-ի վերակազմավորման նոր փաստեր
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը պարզել է, որ ԻԼԻՊ-ի ղեկավարների ընտանիքների մեծ թվով անդամների հաջողվել է խոշոր կաշառքի միջոցով փախնել ճամբարներից, որտեղ նրանց պահում էին:
Հայտարարության համաձայն, փախչողները ԻԼԻՊ-ի տարբեր ազգությունների առաջնորդների կիներն ու երեխաներն են: Նրանց հաջողվել է ճամբարներից փախչել՝ պահակներին կաշառելով: Հաղորդման մեջ նշված է, որ նրանք հասել են ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներ:
armenpress.am
COVID-19-ի դեմ Օքսֆորդի պատվաստանյութը լավ արդյունքներ է ցույց տվել տարեցների շրջանում
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որն ստեղծել են Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն, լավ արդյունքներ Է արձանագրել փորձարկումներին մասնակցած 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում: Այդ մասին ասվում Է Lancet-ի հրապարակման մեջ:
Տարեցների մոտ երիտասարդների համեմատությամբ ավելի հազվադեպ են եղել կողմնակի ազդեցությունները պատվաստումից, իսկ իմունային ռեակցիան նույնպիսին Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր կողմից ստացված տվյալները ցույց են տալիս, որ ChAdOx1 nCoV-19 պատվաստանյութն անվտանգ Է, եւ տարեցներն ավելի լավ են տարել, քան երիտասարդները»,-ասվում Է հրապարակման մեջ:
Ընդհանուր առմամբ խմբում պատվաստումից կողմնակի ազդեցությունները հիմնականում արտահայտվել են թույլ ձեւով, իսկ դրանց ուժեղ դրսեւորումները կապված չեն եղել պատվաստման հետ:
Պատվաստանյութի երկրորդ ներարկումից հետո կողմնակի ազդեցություններն ավելի հազվադեպ են դրսեւորվել: Հետազոտությունն անցկացվել Է 560 մարդուց բաղկացած խմբում, որոնցից 240-ը եղել են 69-ից բարձր տարիքի: Տարեցներին թույլ են տվել պատվաստում ստանալ այն դեպքում, եթե նրանք ծանր խրոնիկական հիվանդություններ չեն ունեցել, եւ եթե բժիշկները նրանց բավարար չափով ուժեղ են համարել:
Գիտնականներն ընդգծում են պատվաստանյութի այդ առանձնահատկության կարեւորությունը, քանի որ տարեց մարդիկ մտնում են կորոնավիրուսի գծով ռիսկի խմբում եւ հատուկ պաշտպանության կարիք ունեն: Պատվաստանյութի հետազոտության խմբի մասնակից դոկտոր Մահեշի Ռամասամին BBC-ին հայտարարել Է, որ գիտնականները գոհ են այդ արդյունքից, բայց այժմ մնացել Է պարզել, թե պատվաստանյութը որքանով Է պաշտպանում կորոնավիրուսից:
Նոր հետազոտության առաջին արդյունքները պետք Է հայտնվեն մի քանի շաբաթ անց: Փորձարկումների ընթացքում արդեն լավ արդյունք են ցույց են տվել ռուսաստանյան Sputnik V պատվաստանյութը, Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը եւ Moderna-ի պատվաստանյութը, հիշատակում Է ВВС-ն: Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել Է Օքսֆորդի պատվաստանյութի 100 մլն չափաբաժին, Pfizer-BioNTech-ի պատրաստուկի 40 մլն չափաբաժին եւ Moderna-ի պատվաստանյութի 5 մլն չափաբաժին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԵՄ-ն անհրաժեշտ է համարում վերսկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները
Եվրոպական Միությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը հակամարտության կարգավորման, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուղղությամբ»,- ասված է Բորելի հայտարարությունում:
Եվրոպական Միությունը մտադիր է հետևել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կատարմանը:
Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ հանել օտարերկրյա գրոհայիններին:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուսաստանցի խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուսաստանցի զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:
armenpress.am
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների թիվը զգալի աճել է
Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների թիվը զգալի աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց` նվիրատուների քանակը հազարապատիկ աճել է:
«Այս պաին հաշվել ու նվիրատուների ճիշտ թիվ ներկայացնել ուղղակի անհնար է: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ում առնվազն 260 հազար մարդ է մասնակցել այս պրոցեսներին, Հայաստանի մասով ևս առնվազն այդքան: Եթե Հայաստանի sms հաղորդագրություններն էլ հաշվենք, ապա դա նշանակում է, որ Հայաստանում չափահաս բնակչությունը գրեթե ամբողջությամբ ներգրավված է եղել այս դրամահավաքին: Այստեղ մի կարևոր փաստ, որ ոչ միայն Սփյուռքում հավաքագրվեցին գումարներ, այլ այս 170 մլն-ի շատ լուրջ հատվածը` 60-70 մլն դոլարը հավաքագրվել է Հայաստանում»,-ասաց նա:
Հայկակ Արշամյանը նշեց, որ այս դրամահավաքն ինքնին աննախադեպ է, սա համայն հայության հաջողությունն է: Հայությունն ամբողջովին նեգրավված է եղել այս գործում, դրա համար, Հայկակ Արշամյանի խոսքով, այն անվանեցին համահայկական շարժում: Պատերազմի օրերին համայն հայ ժողովուրդը համախմբվեց ուղղակի մեկ նպատակի շուրջ՝ օգնել Հայաստանին և Արցախին այս արհավիրքի ժամանակ:
«Հավաքագրված գումարից դեռ շատ լուրջ հատված ունենք մեր հաշիվներին: Մեր տեղական մարմինները, որոնք մինչև հիմա էլ շարունակում են դրահամավաքը, իրենց հաշիվներին էլ գումարներ ունեն: Առցանց նվիրատվությունները նույնպես շարունակվում են»,-ասաց նա:
Հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորեց ամսական նվիրատվությունների ձևաչափը: Նրա խոսքով, այդ դեպքում նվիրատվությունների հոսքը կանխատեսելի կլինի և դրա հիման վրա էլ կկազմվեն առաջիկա ծրագրերը:
«Երբ հայտարարեցինք ամսական նվիրատվությունների մասին, մեկ շաբաթ հետո 2 հազարից ավելի մարդ առցանց միացան ամսական նվիրատվություններին, ինչը շատ կարևոր է: Եթե ամսական նվիրատվություններ լինեն, ապա հիմնադրամը կունենա կանխատեսում, թե 5 ամիս, 10 ամիս հետո որքան գումար կունենա: Կկազմենք 5 մլն դոլարի ծրագիր, այլ ոչ թե 10 մլն-ի համար: Մեր ուժերը չենք գերագնահատի կամ չենք թերագնահատի»,-հավելեց նա:
panarmenian.net
Բունդեսթագը կոչ է արել արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը
Բունդեսթագը կոչ է արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլերի» գործունեությունը Գերմանիայի տարածքում։
Բունդեսթագը նոյեմբերի 18-ի հայտարարության մեջ ողջունել է Ֆրանսիայի կառավարության նմանատիպ որոշումը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեն նաև այլ պետություններ։
Նոյեմբերի 18-ին խորհրդարանն ընդունել է քրիստոնեական ՔԴՄ/ՔՍՄ, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և կանաչների համատեղ հայտարարությունը՝ հորդորելով կառավարությանը ուշադիր հետևել «Գորշ գայլերի» գործունեությանը և «վճռականորեն հակազդել նրանց իրավական կառավարության միջոցներով», գրում է Deutsche Welle-ն։
Փաստաթղթում նշվում է, որ «Գորշ գայլեր» շարժումը հենվում է ազգայնական և ռասիստական գաղափարախոսության վրա, թշնամաբար է տրամադրված ժողովրդավարությանը և խարխլում է ԳԴՀ ներքին անվտանգությունը։ Նշվում է նաև, որ «Գորշ գայլերը» կապեր ունեն թուրքական Ազգայնական շարժման կուսակցության հետ, որը Թուրքիայում ձևավորում է իշխող կոալիցիան Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցության հետ։
Գերմանիայում մոտ 11,000 «գորշ գայլ» կա։ Նոյեմբերին այդ կազմակերպությունն արգելվել է Ֆրանսիայում՝ «ատելության և խտրականության տարածման» և բռնության համար։