Մամուլի տեսություն 21.11.2020
Նահատակ Ռուդաքիի անունը կրող օվկիանոսային նավով ԻՀՊԿ-ի ծովուժի շարքերը համալրվելուց հետո, հեռավոր ջրատարածքներում մեկնարկել է Պահապանների կորպուսի ծովուժի առաքելությունը:
«Քեյհան»
Կորոնավիրուսը Չինաստանում լիովին հաղթահարվել է
Worldometer կայքի տվյալների համաձայն, մինչև երեկ երեկոյան աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել էր 57 մլն. 343 հազարը: Մահացածների թիվը հասել էր մեկ միլիոն 368 հազարի: Սակայն կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի ֆոնին, Չինաստանը, որն ունի միլիարդ 500 մլն. բնակչությունը, կարողացել է հաղթահարել վիրուսը: Երկրի առաջնորդը պաշտոնապես հայտարարել է, որ այդ երկրին հաջողվել է լիարժեք ոչնչացնել վիրուսը:
Կորոնավիրուսը տարածվել էր Չինաստանի Վուհան քաղաքից:
«Խորասան»
Հեռավոր ջրատարածքներում մեկնարկել է ԻՀՊԿ-ի առաքելությունը
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանարարի, երկրի ռազմական ու մի շարք բարձրաստիճան պաշտոնատարների մասնացությամբ անցկացվել է նահատակ Ռոդաքիի անունը կրող օվկիանոսային նավով ԻՀՊԿ-ի ծովուժի համալրման արարողությունը:
Բլումբերգն «Իրանը նոր նավով ձգտում է իր ներկայությունը հաստատել Պարսից Ծոցից առավել հեռու տարածքներում» վերնագրով հոդվածում անդրադարձել է այս իրադարձությանը, գրելով.«Օվկիանոսային նավի գործարկմամբ, Իրանն աշխարհին հղեց այն ուղերձը, որ ձգտում է մեծացնել իր ազդեցության շրջանակը»:
Անդրադառնալով այս նավի բազմաթիվ հնարավորություններին, այդ թվում ցամաք-ցամակք, ցամաք-օդ, տեսակի հրթիռներով հագեցվածությանը, մարտական էլէկտրոնային համակարգերի և հրթիռային համակարգերի առկայությանը, Շինհուա լրատվական գործակալությունը գրել է.«ԻՀՊԿ-ի նոր նավն ունի բոլոր հնարավորությունները ծովային տրանսպորտի կայուն անվտանգությունն ապահովելու և առևտրական ու ձկնորսական նավերին օգնելու համար»: Սպուտնիկ գործակալությունը նույնպես այս կապակցությամբ գրել է.«ԻՀՊԿ-ն ջուրն է իջեցրել զինանոցով հանդերձ լողացող քաղաք, որ կարող է առաքելություններ իրականացնել հեռավոր ջրատարածքներում»: «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը նույնպես անդրադարձել է այս նավի գործարկմանը, հրապարակելով «ԻՀՊԿ-ն ջուրն է իջեցրել օվկիանոսային նավ» վերնագրով հոդված:
«Ջավան»
Եվրոպային մտահոգել է Իրանում ցենտրիֆուգների՝ գազով լիցքավորումը
Նույն օրը, երբ ԵԽ-ի մի պատգամավոր IInstex ֆինանսական համակարգը անվանեց «ողբերգություն», որով միայն մի գործարք է իրականացվել, եվրոպացիները հայտարարություն են տարածել այն մասին, որ Իրանի միջուկային գործունեությունը մտահոգում է իրենց: հայտարարության մեջ ասված է. «Մենք լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի Իրանը կարողանա օրինական առևտուր իրականացնել Instex ֆինանսական մեխանիզմի զարգացման միջոցով»: Եվրոպան Իրանին կոչ է արել անհապաղ պետք է վերադառնալ նախնական վիճակին, որպեսզի «դեպի առաջ շարժվելու դիվանագիտական ելք» գտնվի:
«Էբթեքար»
Ինչպիսին կլինի Թրամփից հետո աշխարհի պոպուլիստների ճակատագիրը
Նախքան ԱՄՆ-ի նախագահ դառնալը, Թրամփի անունը ԶԼՄ-ներում մշտապես կապվում էր .«Դուք ազատված եք աշխատանքից» նախադասության հետ: Սակայն հիմամ վիճակը փոխվել է և այս անգամ ամերիկացիներն էին, որ 2020թ. նախագահական ընտրությունների ընթացքում նրան հեռացրին աշխատանքից: Անկասկած Թրամփի պարտությունը Եվրոպայում ու աշխարհի այլ վայրերում պոպուլիզմին հասցված մեծ հարված էր: Մի խնդիր, որ կարող է առաջիկա ամիսների ու տարիների ընթացքում լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ համաշխարհային պոպուլիզմի համար:
armenpress.am
Լավրովն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվ կլինի ԼՂ-ում մշակութային կոթողների պահպանման գործում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա մշակութային կոթողների պահպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ավելի ակտիվ կլինի, քան եղել է Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես երեկ մանրամասն զրուցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ՝ առաջարկելով ավելի ակտիվ զբաղվել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակութային, քաղաքակրթական կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ, ինչը շատ կարևոր ներդրում կլիներ ազգամիջյան հաշտության և այդ հինավուրց տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել մեծ ակտիվություն կցուցաբերի, քան դա տեղի է ունեցել Սիրիայում` առաջին հերթին Հալեպում և Պալմիրայում մշակութային կոթողների պահպանման հարցում: Ուղիղ ասենք, որ այնտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր գործընկերները ոչ այնքան ակտիվ առաջարկեցին իրենց ծառայությունները»,- ասաց Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշեց, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման համար անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ու կառույցների աջակցությունը:
«Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մենք հետաքրքրված ենք նրանում, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգերը: Դրա առնչությամբ ստացել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիմումը: Կա նույնատիպ դիմում նաև Փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի կողմից»,- նշեց Սերգեյ Լավրովը:
Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարական պատվիրակությունը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:
armenpress.am
Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել
Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle գերմանական մեդիաընկերությունը։
«Ձախ» կուսակցության կողմից պատրաստված և «Ո՛չ Թուրքիային զենք տալուն» վերնագրով առաջարկը նոյեմբերի 20-ին ուղարկվել է Դաշնային խորհուրդ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այն կմտնի խորհրդի օրակարգ քննարկման համար։ Կուսակցությունների ներկայացրած օրինագծում առաջարկվում է դադարեցնել բոլոր տիպի ռազմական տեխնիկաների, զենքի, պահեստամասերի արտահանումը դեպի Թուրքիա, ինչպես նաև չեղյալ հայտարարել նախկինում ընդունված արտահանման պայմանագրերը։
Կուսակցությունները նշում են, որ Անկարան ցանկանում է ունենալ ժամանակակից զենքի համակարգեր, նպատակ ունի կառուցել մեծ և անկախ ռազմական արդյունաբերություն, ինչպես նաև ընդլայնել հեռահար հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և սուզանավերի արտադրական հզորությունը: Նրանք նշում են, որ Թուրքիային չպետք է հնարավորություն տալ ռազմական տեսանկյունից այսքան հզորանալու, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում անկայունության մեծացման և ի վերջո ծանր հետևանքներ ունենալ եվրոպական պետությունների համար։
Deutsche Welle-ի հաղորդած տվյալների համաձայն, 2009-2018 թվականներին ռազմական արտադրանքի 33 արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, գերմանական ընկերությունները մոտ 12 միլիոն 800 հազար եվրո արժողությամբ ռազմական սարքավորումներ և պահեստամասեր են վաճառել Թուրքիային, որի արդյունքում նա կարողացել է ստեղծել անօդաչու թռչող սարքերի բավականին մեծ խմբաքանակ։ «Ձախ» կուսակցությունը նշում է, որ այս անօդաչուները (Bayraktar TB-2) օգտագործվելով Անկարայի կողմից Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ պատերազմի ընթացքում, ինչպես նաև մասնակցելով Իրաքում, Սիրիայում և Լիբիայում թուրքերի կողմից իրականացվող մարտական գործողություններին, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։ Կուսակցությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում ամռանը սկսած գազի որոնման աշխատանքները և այնտեղ ռազմանավերի տեղակայումը մեծ լարվածություն են առաջացրել Հունաստանի, Թուրքիայի և Կիպրոսի միջև, որը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի նկատմամբ ռազմական ճնշումների կիրառման անհրաժեշտությունը։
Կուսակցությունը նշում է, որ Հունաստանն արդեն առաջարկել էր Եվրամիությանը զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ, սակայն այդ առաջարկի նկատմամբ վետո էր կիրառվել Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մալթայի կողմից։
armenpress.am
Ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական նույն օրակարգով շարունակել են հանրահավաքները
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են հանրահավաքային գործընթացները՝ քաղաքական նույն օրակարգով:
Նոյեմբերի 21-ին ևս Ազատության հրապարակում նրանք պահանջել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրահավաքի ընթացքում Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը նշեց. «Այս օրերի ընթացքում փոխվում են նախարարներ, բայց որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը: Նիկոլ Փաշինյանի այդ փոփոխությունները չեն շեղում մեր ուշադրությունը մեր գլխավոր պահանջից, որ նա անպայման պետք է հեռանա»:
Հանրահավաքային ակցիաները քաղաքական ուժերը սկսել են նոյեմբերի 10-ից հետո, երբ ստորագրվեց պատերազմի դադարեցման եռակողմ՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը: Հայաստանի ներքաղաքական կյանքում դժգոհության ալիք են առաջացրել հայտարարությունում արտացոլված կետերը:
news.am
Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունները կարգավորող փաստաթղթեր են ստորագրել
Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
panorama.am
Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնում է, որ Բաքվում սկսվել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Բաքվում սկսվել է Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան՝ կից հրապարակելով լուսանկար՝ արված Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ղեկավարի ձեռքսեղմման պահին։
Երևան կատարած այցից հետո Բաքու են ժամանել ՌԴ արտգործնախարարը, են փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: Բաքու է այցելել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նա բանակցություններ վարել Ալիևի հետ: