Մեկնաբանություն. Ընտրական կոլեգիայի քվեարկությունը հաստատեց Բայդենի հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129733-Մեկնաբանություն._Ընտրական_կոլեգիայի_քվեարկությունը_հաստատեց_Բայդենի_հաղթանակը
Վերջապես ընտրական կոլեգիան վերջակետ դրեց  ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ շաբաթներ շարունակվող քաղաքական ու իրավական վեճերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2020 14:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ընտրական  կոլեգիայի քվեարկությունը հաստատեց Բայդենի հաղթանակը

Վերջապես ընտրական կոլեգիան վերջակետ դրեց  ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ շաբաթներ շարունակվող քաղաքական ու իրավական վեճերին։

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի  բոլոր 50 նահանգներում տեղի ունեցած քվեարկությունը  հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը։ Դեմոկրատական կուսակցության թեկնածո 78-ամյա Ջո Բայդենը այդպիսով ստացել է 306 ընտրական ձայն՝ ընդհանուր 538-ից: Նրան անհրաժեշտ էր 270 քվե։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է ընդամենը 232 քվե։ Այսպիսով Բայդենը լինելու է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։

Ընտրական կոլեգիայի քվեարկությունը սովորաբար համարվում է ձևական գործընթաց, թեպետ, ԱՄՆ-ի սահմանադրության համաձայն՝ հենց կոլեգիայի անդամներն են որոշում, թե հատկապես ով է զբաղեցնելու նախագահի աթոռը։ Բայց այս տարի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը հատուկ ուշադրությամբ էին հետևում: Այնուամենայնիվ Դոնալդ Թրամփը մինչ օրս չի ընդունել իր պարտությունը: Ընտրիական կոլեգիայի կողմից Բայդենի հաղթանակի հաստատվելուց հետո, ԱՄՆ նախագահը թվիթերյան մի քան գրառման մեջ հերթական անգամ պնդել է, որ քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքներով: Նա Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել փոխել ընտրությունների արդյունքները:

Գործող կարգի համաձայն՝ ընտրությունների արդյունքները հունվարի 6-ին պաշտոնապես պետք է վավերացնի Կոնգրեսը։

Կոնգրեսականներն իրավունք ունեն վիճարկելու քվեարկության արդյունքները յուրաքանչյուր նահանգում։ Բազմաթիվ մեկնաբաններ, սակայն, կարծում են, որ գործը դրան դժվար թե հասնի, և եթե նույնիսկ հասնի, ապա Թրամփի կողմնակիցները հազիվ թե հաջողության հասնեն, քանի որ դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և ամենայն հավանականությամբ կտապալեն ընտրությունների արդյունքները այս կամ այն նահանգում չեղարկելու ցանկացած փորձ։

Նույնիսկ մի շարք հանրապետականներ զայրացել են, որ Թրամփը կասկածի տակ է առել  նախագահական ընտրությունների արդյունքները:

Ներկայումս  ամերիկյան քաղաքական մթնոլորտում հիմնական հարցն այն է, թե արդյոք գործող նախագահն ու Հանրապետական ​​կուսակցության առաջնորդները կհաստատեն Բայդենի հաղթանակը, թե ոչ:

Իհարկե, նույնիսկ եթե Թրամփը  և հանրապետական ​​առաջնորդները չընդունեն Բայդենի հաղթանակը,  Բայդենն իր նախագահությունը կսկսի 2021 թվականի հունվարի 20-ին: Այնուամենայնիվ, եթե Բայդենի գործունեությունը մեկնարկելուց հետո, ընտրական լարվածությունը շարունակվի, ԱՄՆ հաջորդ կառավարությունը  կկանգնի բազմաթիվ խոչընդոտների առջև՝ այդ երկրի ճգնաժամերը հաղթահարելու համար: ԱՄՆ-ը ներկայումս ներքաշված է երեք խոշոր ճգնաժամերի մեջ, որոնք են՝ առողջության ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի բռնկման հետևանքով, կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը և, վերջապես, ինքնության ճգնաժամը, որն առաջացել է գունամորթների նկատմամբ ոստիկանության բռնությունների պատճառով: Կորոնավիրուսը վարակել է ավելի քան 16 միլիոն ամերիկացու և 300 000 մարդու հասցրել է մահվան: Կորոնավիրուսի հասցված տնտեսական վնասն աննախադեպ է: Տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ կորցրել են իրենց աշխատանքը և իրենց ապրուստը հայթայթում են կառավարության ֆինանսական նպաստով:

Հանրապետականների և դեմոկրատականների միջև ընտրական վեճերի շարունակումը կարող է թուլացնել ԱՄՆ -ի հաջորդ կառավարությանը՝ ամենահրատապ ծրագրերն իրականացնելու հարցում: Հրատապ ծրագրերի շարքում են՝ առաջիկա 100 օրերի ընթացքում  100 միլիոն ամերիկացու  պատվաստումը և ԱՄՆ-ում կորոնավիրուսից տուժած տնտեսության վերականգնման ու գործազրկության ապահովագրությունների համար կառավարության բյուջեների հատկացումը:

Առաջիկա շաբաթներին Սենատը պետք է որոշում կայացնի ԱՄՆ հաջորդ վարչակազմի մի քանի հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ բոլոր նախարարների վերաբերյալ:

Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ում մարդիկ շատ էլ հույս չունենան, որ  ընտրություններից շաբաթներ ու ամիսներ անց այդ երկրի քաղաքական դաշտում անդորր տիրի,ինչը կարող է ավելացնել առկա խնդիրներն ու ճգնաժամերը և ավելի վատթարացնել իրավիճակը Միացյալ Նահանգներում: