Մեկնաբանություն. Բայդենի երդմնակալության նախօրեին, աճում են անվտանգության հետ կապված մտահոգությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131213-Մեկնաբանություն._Բայդենի_երդմնակալության_նախօրեին_աճում_են_անվտանգության_հետ_կապված_մտահոգությունները
Երկու օր հետո, Վաշինգտոնում, Կոնգրեսի շենքի դիմաց, կայանալու է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը և անվտանգության հետ կապված մտահոգություններըն աճում են ժամ առ ժամ:
(last modified 2026-05-12T08:26:32+00:00 )
Հունվար 18, 2021 15:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի երդմնակալության նախօրեին, աճում են  անվտանգության հետ կապված մտահոգությունները

Երկու օր հետո, Վաշինգտոնում, Կոնգրեսի շենքի դիմաց, կայանալու է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը և անվտանգության հետ կապված մտահոգություններըն աճում են ժամ առ ժամ:

Անվտանգության միջոցառումների շրջանակում, հայտարարվեց, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի 25000 աշխատակիցների անվտանգության անցյալը, ովքեր  հունվարի 20-ին ապահովելու են Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունը: «Իշխանությունները տեղյակ են հնարավոր սպառնալիքի մասին»,- ասում է Պենտագոնի ռազմացամաքային ուժերում  քաղաքացիական պաշտոնյա Ռայան Մաք Քարթին: Նա նաև զորահրամանատարներին կոչ է արել զգոն լինել երդմնակալության արարողությանը նախորդող օրերին ցանկացած խնդրի նկատմամբ:

Մտահոգությունները թեժացան այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, որ ոստիկանության և Կոնգրեսի անվտանգության մի խումբ ուժեր, հունվարի 6-ին համագործակցել են հարձակվողների հետ: Իսկ մի քանի օր առաջ, անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում ձերբակալեցին մի զինված անձի, որը Նյու Մեքսիկո նահանգի կառավարության պաշտոնյա է և պատրաստվում էր Բայդենի երդմնակալության ժամանակ խախտել հանրային կարգը:  Այդ պատճառով, ԱՄՆ-ում ուշադրությունը սևեռվել է ոչ միայն աջ ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների, այլ նաև անվտանգության որոշ գործակալների վրա:

Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ում հասարակական-քաղաքական խորը ճեղքվածքը տարածվել է նաև երկրի ռազմական և անվտանգության ուժերի շրջանում:  ԱՄՆ-ի անցած տարվա նախագահական ընտրություններին քվեարկած 74 միլիոն ամերիկացիներից մի քանիսը եղել են ռազմական և անվտանգության աշխատակիցներ, և ենթադրվում է, որ նրանց մի մասը նախորդ վիճահարույց ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների շարքում է: Վերջին չորս տարիների ընթացքում Թրամփը և նրա դաշնակիցները փորձել են ներկայանալ որպես ռազմական և անվտանգության գործակալությունների հովանավորներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դեմոկրատական ​​մրցակցի իշխանության հասնելու դեպքում, ֆինանսական ճնշում է գործադրվելու անվտանգության ոլորտի աշխատակիցների և նրանց ընտանիքների վրա: Այդ պատճառով ամերիկացի վետերանների ու ոստիկանների արհմիություններն անցյալ տարվա նոյեմբերի ընտրություններում այն քվեարկողների շարքում էին, որոնք սատարում էին Թրամփին:

Իհարկե, ԱՄՆ նախորդ ընտրություններում ևս բանակայինները, վետերանները կամ ոստիկանության արհմիությունները հայնում էին իրենց դիրքորոշումը թեկնածուների նկատմամբ: Սակայն սոցիալական տարաձայնությունների և քաղաքական-գաղափարական բախումների սրվելուն զուգահեռ, այս տարանջատումն  ավելացավ: Այդ պատճառով, վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ի բարձրաստիճան ռազմական հրամանատարները բազմիցս շեշտել են բանակի չեզոքությունը և հայտարարել բանակայինների աջակցությունը ընտրությունների վերջնական արդյունքներին: Մի քանի օր առաջ, բանակի Միացյալ շտաբի պետը, ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարների հետ միասին, նոր նախագահի երդմնակալությունից առաջ աննախադեպ հայտարարությամբ հանդես գալով, Ջո Բայդենին անվանեցին ԶՈՒ-ի 46-րդ գերագույն գլխավոր հրամանատար, որպեսզի այդպիսով վերջ դնեն զինված ուժերի և հետախուզական ծառայությունների ներսում կասկածները նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ուժերի անվտանգության անցյալն ուսումնասիրելու որոշումը ցույց է տալիս, որ անցած տարվա ընտրությունների արդյունքների նկատմամբ ԱՄՆ-ի բանակի բարձրաստիճան հրամանատարների աջակցությունը չի երաշխավորի, որ զինված ուժերը կապահովեն Բայդենին իշխանությունը փոխանցելու գործընթացի անվտանգությունը: