Մեկնաբանություն. ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտն աճում է
ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակը վերջին զեկույցում հայտարարել է, որ 2021թ առաջին հինգ ամիսներին, Դաշնային բյուջեի դեֆիցիտը հասել է ավելի քան 1,48 տրիլիոն դոլարի, ինչը 423 միլիարդ դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Եկամուտներից ավելի մեծ ծախսերի պատճառով, երկրում առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գրանցված՝ բյուջեի ամենամեծ պակասուրդը: Տվյալների համաձայն, ֆինանսական ընթացիկ տարում դաշնային կառավարության ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 25 տոկոսով, այն դեպքում, երբ եկամուտներն աճել են ընդամենը 5 տոկոսով: 2020 ֆինանսական տարում, որն ավարտվեց սեպտեմբերի 30-ին, դաշնային բյուջեի դեֆիցիտը հասավ ռեկորդային 3 տրիլիոն դոլարի, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ ռեկորդը: Կանխատեսվում է, որ այս ֆինասնական տարվա ավարտին, պակասուրդը կհասնի ավելի քան 4 տրիլիոն դոլարի:
Նախատեսվում է, որ հինգշաբթի օրը, Բայդենի առաջարկած 1.9 տրիլիոն դոլարի ֆինանսական աջակցության փաթեթի հաստատումից հետո, նախագահը կստորագրի այս օրինագիծը: Այս փաթեթը, որով նախատեսված գումարը բաշխվելու է շուկայում՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով լճացման մեջ հայտնված տնտեսությունը վերակենդանացնելու նպատակով, մեծ ճնշում է կառավարության ֆինասնական համակարգի վրա:
Կորոնավիրուսի պանդեմիայի մեկնարկից և Թրամփի կառավարման ժամանակաշրջանից մինչ այժմ, շուկա է ներարկվել շուրջ 6 տրիլիոն դոլար, սակայն տնտեսությունը դեռևս անկման վիճակում է:
Բյուջեի դեֆիցիտի խնդիրը տարածվել է ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգների վրա: Կառավարությունը և նահանգային իշխանությունները հույս չունեն, որ երկամուտներն այդ թվում նաև հարկերն ավելացնելով, հնարավոր կլինի հաղթահարել ճգնաժամը:
Չնայած Սպիտակ տան և Կոնգրեսի դեմոկրատները կողմ են խոշոր բիզնեսի հարկերը բարձրացնելուն, բյուջեի դեֆիցիտն այնքան մեծ է, որ այն հնարավոր չէ լրացնել այս ճանապարհով: Բացի այդ, հարկերի ավելացումը կարող է լուրջ սոցիալ-քաղաքական հետևանքներ ունենալ դեմոկրատների համար և 2022 և 2024 թվականների ընտրություններում պարտության պատճառ դառնալ: ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվել է իր պատմության մեջ ամենխոշոր անկման վիճակում, և հարկերի բարձրացումը կարող է մեծ ճնշում գործադրել արդյունաբերության ոլորտի վրա, դառնալով գործազրկության աճի պատճառ:
Հետևաբար, բյուջեի դեֆիցիտը լրացնելու միակ ճանապարհը ներքին և արտաքին վարկային հաստատություններից հնարավորինս շատ վարկեր վերցնելն է, ինչն իր հերթին կավելացնի արդեն գոյություն ունեցող հսկայական պարտքը: Ներքին և արտաքին փոխառությունները մեծացնելուց բացի, դաշնային կառավարությունը շուկա կներարկի նոր թղթադրամներ, ինչն իր հերթին կհանգեցնի գնաճի: Բայց քանի որ դոլարն աշխարհի հիմնական արժույթն է, գնաճն ամերիկացիներին չի սպառնում և այն կզգան այլ երկրի քաղաքացիները: