Մեկնաբանություն. Ուկրաինայի արևելքում ճգնաժամը սաստկանում է. Վաշինգտոնն աջակցում է, Մոսկվան՝ նախազգուշացնում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137326-Մեկնաբանություն._Ուկրաինայի_արևելքում_ճգնաժամը_սաստկանում_է._Վաշինգտոնն_աջակցում_է_Մոսկվան_նախազգուշացնում
Ուկրաինայի արևելքում անջատականների կողմից չորս ուկրաինացի զինվորների սպանությունից մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ն խոստացավ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ դիմակայության ժամանակ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2021 18:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ուկրաինայի արևելքում ճգնաժամը սաստկանում է. Վաշինգտոնն աջակցում է, Մոսկվան՝ նախազգուշացնում

Ուկրաինայի արևելքում անջատականների կողմից չորս ուկրաինացի զինվորների սպանությունից մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ն խոստացավ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ դիմակայության ժամանակ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրն իր ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլբայի հետ հեռախոսազրույցում, ցավակցություն հայտնելով ուկրաինացի զինվորների մահվան կապակցությամբ, վերահաստատեց Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Վաշինգտոնի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարեց, որ Ռուսաստանը սպառնում է այդ երկրի անվտանգությանը և զորուժ է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով: Խոմչակը նշել է, որ Ռուսաստանը վերջին շաբաթներին մոտ 25 զինվորական ստորաբաժանում է տեղակայել Ուկրաինայի սահմանի մոտ, իր զորուժի թիվը հասցնելով 32 հազար յոթ հարյուրի: Նա հավելել է, որ ՌԴ բանակի հրամանատարները ղեկավարում են նաև Ուկրաինայի արևելքում տեղակայված 28 հազար անջատողականներին:

Ուկրաինացի պաշտոնյայի այս հայտարարությունն արժանացել է Ռուսաստանի բուռն արձագանքին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանն ամրապնդում է իր սահմանների անվտանգությունը՝  հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ակտիվությունը: Նա հավելել է, որ ռուսական բանակի ուժերը տեղաշարժվում են ՌԴ տարածքում և որևէ երկրի համար սպառնալիք չեն ներկայացնում: 

Ուկրաինայի արևելքում  լարվածությունն ավելի է  սրվել անջատականների ու բանակի ուժերի  միջև վերջին բախումների պատճառով: Վաշինգտոնը և Մոսկվան արձագանքել են իրավիճակին: Բայդենը, որի վարչակազմը վարում է բացահայտ հակառուսական քաղաքականություն, նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ուժեղացրել է իր դիրքորոշումը Մոսկվայի դեմ: Իսկ հիմա, Վաշինգտոնը փորձում է  օգտվել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններից, Կիևին ստիպելու ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Մոսկվայի նկատմամբ:

Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝  իր արևմտյան սահմաններին  ՆԱՏՕ-ի աճող ներկայությանն ու դրա հետևանքով առաջացած  սպառնալիքներին դիմակայելու համար, իսկ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորուժի թվի ավելացումն իրականացվել է հենց այդ նպատակով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մերժել է ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարցով  ցանկացած բանակցություն և զգուշացրել, որ Դոնբասում  պատերազմ սկսելու ցանկացած նոր փորձ, կարող է հանգեցնել Ուկրաինայի կործանմանը:Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանի քայլերն ուղղված են Ուկրաինայի արևելքում ետղակայված անջատականներին աջակցելուն և Կիևին նախազգուշացնելուն՝ զերծ մնալ նրանց դեմ ցանկացած ռազմական գործողությունից:

Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը կարելի է համարել Մինսկի համաձայնագրով Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատումից ի վեր Մոսկվայի կողմից Կիևին ուղղված ամենակոշտ նախազգուշացումը: Հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված է 2020թ հուլիսի 27-ից հակամարտության գոտուց ռազմական տեխնիկայի դուսրբերում, գերիների վերադարձ և սահմանադրական փոփոխությունների իրականացում:

Սակայն հրադադարի շարունակական խախտումը Ուկրաինայի ալևելյան շրջանների ականապատմամբ և   բանակի ու անջատականների միջև վերջին բախումները, սրել են Դոնբասում տիրող իրավիճակը և հնարավոր է, որ կողմերի միջև տեղի ունենան նոր բախումներ: Այս հանգամանքը և ռուսական ուժերի կողմից անջատականներին, իսկ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի բանակին աջակցությունը կարող են այս երկրի ճգնաժամն արագորեն վերածել միջազգային ճգնաժամի: