Մամուլի տեսություն 22.05.2021
Իսրայելի դեմ Գազայի հաղթանակը, Իրանում «Գազա» ԱԹՍ-ի շնորհանդեսը և Իրանի ընտրական լուրերը այսօր գլխավորել են իրանական օրաթերթերի գլխագրերը:
Քեյհան օրաթերթ
Պուտին. Կկոտրենք թշնամու ատամները
Անցած հինգշաբթի օրը Վլադիմիր Պուտինը հայտարարել է.«Կջարդենք ցանկացած երկրի ատամները, որը ցանկանա թուլացնել ՌԴ-ի ինքնիշխանությունը»: Պուտինը հավելել է.«Ամեն մեկն ուզում է մի կտոր պոկել մեզանից, սակայն ով կամենա դիմել նման քայլի, պետք է իմանա, որ մենք ատամները ջարդելու ենք, այնպես որ այլևս չկարողանա կռծոտել»:
ՌԴ-ի նախագահն ասել է, որ այս երկրի բանակի ընդլայնումն ու առաջադիմությունը այս ՌԴ-ի հաղթանակների երաշխիքն է և ոչ մի երկրի չպետք է պահանջելով նրա տարածքի մի մասը փորձի իր բախտը:
Խորասան օրաթերթ
Գազան՝ տարածաշրջանի նոր խաղացողը
Մի քանի տարի առաջ օկուպացված տարածքներում միայն Լիբանանի իսլամական դիմադրությունն էր, որ կարող էր որոշել Իսրայելի դերակատարության և միջամտության մակարդակը և ազդեցություն գործել Իսրայելի գործողությունների վրա: Հակառակ տարածված հաշվարկների՝ Սիրիայում ներքին ճգնաժամի մեկնարկը և այդ երկրում միջազգային ահաբեկչության սանձարձակությունը, ոչ միայն չնվազեցրեց Հեզբոլլահի դերակատարությունը, այլ օկուպացված տարածքների արևելյան շրջանում առաջացավ մի նոր խումբ, որ իրեն համարում է Պաղեստինի, հատկապես Գոլանի բարձունքների ազատագրման գաղափարախոսության մի մասը:
Այժմ առկա գեոպոլիտիկական ծանր վիճակը գլխացավանք է առաջացրել Թել-Ավիվի համար: 2021թ. մայիս ամսին Գազայի դեմ պատերազմը և դիմադրության ուժերի հակադարձ քայլը. փաստորեն Իսրայելը ռազմավարական պաշարման մեջ է գտնվում: Թել Ավիվը և հատկապես Նեթանյահուն երբեք չէին պատկերացնում, որ Գազայի ազդեցության մակարդակը այնքան բարձրանա, որ այս փոքր հատվածը նախապայմանների դնի սիոնիստների դեմ, պատերազմ հայտարարի ու հավատարիմ մնա իր սկզբունքներին:
Իրան օրաթերթ
Տեղի է ունեցել «Գազա» ԱԹՍ-ի և «9-դեյ» ՀՕՊ համակարգի շնորհանդեսը
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի ներկայությամբ տեղի է ունեցել ԱԹՍ-ների ու ՀՕՊ համակարգերի ոլորտում այս կառույցի երեք կարևոր ու ռազմավարական ձեռքբերումների շնորհանդեսը: Այս ձեռքբերումներից մեկը դիտարկման, մարտական, հայտնաբերման ու 35 ժամ թռիչքի տևողությամբ գերծանր «Գազա» ԱԹՍ-ն է:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Վատ լուրերին հետևե՞նք թե՝ լավ
Այսօրվա աշխարհում աղետալի լուրերը չափազանց շատ են: Այնպես որ օրական տասնակ վատ լուրեր են տարածվում և մեծ թվով մարդիկ կամա թե ակամա առնչվում են դրանց հետ:
Հասարակագետ և հետազոտող Ջաաֆար Բայը Աֆթաբե Յազդ օրաթերթին ասել է.«Կասկած չկա, որ մեր հասարակության անդամների համար վատ լուր լսելը դարձել է սովորական երևույթ: Երանի լրատվական ոլորտի խոշոր քաղաքականությունների մշակողները ավելի վաղ ուշադրությունը դարձրած լինեին այս խնդրին, քանի որ լուրերը ծայրաստիճան ուժեղ ազդեցություն են ունենում հասարակության հոգեկանի վրա: Գուցե մի քկնթարթում արձագանքները շատ չլինեն, սակայն այս լուրերը նստվածք են տալիս հասատակության ենթագիտակցության մեջ և թողնում են իրենց ավերիչ ազդեցությունը և դրա արդյունքում հասարակության մեջ մի տեսակ աստիճանական պսիխոզի ականատեսն ենք լինում: Այս հասարակությունը իր ենթագիտակցության մեջ նույնպես աճեցնում է թաքուն բռնություն:
armenpress.am
ՊՆ-ն հերքում է Սևանից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների գտնվելու և բարձունք գրավելու մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում:
«Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում, տարբեր բարձունքների վրա մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեցին ՊՆ-ից:
news.am
Ադրբեջանցիները փորձում են ստանալ Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ բարձրացնելու լեգիտիմ իրավունք․ Արգիշտի Կիվիրյան
Ադրբեջանցիները փորձում են չկատարել այն սխալները, որոնք կատարել էր հայկական կողմը հեռավոր 1994 թվականին։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«1994 թվականին, երբ հայկական կողմն ուներ բացարձակ առավելություն ադրբեջանական կողմի նկատմամբ, և Ադրբեջանը չուներ բանակ, հայկական կողմը գնաց հրադադարի, մինչդեռ մենք կարող էինք փորձել ստանալ ավելին, բայց մենք դա չարեցինք։ Հիմա Ադրբեջանը փորձում է այդ սխալը չկատարել։ Տեսնելով, թե ներկայումս ինչ վիճակում է հայկական կողմը՝ ջախջախված բանակ, ծանր հոգեբանական վիճակում գտնվող պետություն, խելապակաս իշխանություն։ Այս ամենի ֆոնին շատ լավ երևում է, թե ինչ սխալ ենք մենք գործել 1994 թվականին։ Այն ժամանակ էլ մենք ունեինք շատ խնդիրներ, բայց մենք շատ ավելի հզոր էինք, քան Ադրբեջանը։ Մենք կարող էինք ավելի ճնշել Ադրբեջանին, որ պոկեինք այնպիսի պայմանագրեր, որոնք ապագայում կբացառեին պատերազմը և այն ժամանակ ջախջախված Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը»,- ասաց նա։
Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ստանալ ավելին, քան ստացավ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որովհետև վստահ է, որ երբ Հայաստանը հզորանա վերականգնելու է կորցրածը։
«Դրա համար էլ փորձում են հայկական կողմից պոկել ավելին, քան պոկել են Արցախյան երկրորդ պատերազմում և այնպիսի փաստաթղթեր պոկել հայկական կողմից, որ իրեն թույլ կտա ապագայում լեգիտիմ կարգով լուծել Արցախի մնացյալ հատվածի հարցը։ Փաստաթղթով, որն ուզում են կորզել Հայաստանից, փաստացի իրենք կստանան, որ Հայաստանը կճանաչի ադրբեջանական տարածքները, իր համար կունենա Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ բարձրացնելու լեգիտիմ իրավունք։ Ինքն այդ փաստաթուղթը ստանալուց հետո կանի շատ սադրանքներ, օրինակ՝ կփորձի զորք մցնել Արցախի մնացյալ հատված»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։
Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գլխավոր խնդիրը մեկ օր շուտ բանակի վերականգնումն է մինչդեռ ներկայիս իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո այդ ուղղությամբ որևէ քայլ չեն արել։
panorama.am
Փարիզում բացվեց Ազնավուրի կիսանդրին
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր կերպով բացվեց նրա կիսանդրին: Արարողությանը մասնակցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, ինչպես նաև Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը: ԲԱցման արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվում էր Ազնավուրի հիմնադրամի ֆեյսբուքյան էջի միջոցով։
168.am
Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարց տալու համար
«Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
168.am
Ադրբեջանն ԱՄՆ-ում հայկական ազդեցությանը բալանս է ստեղծում. չունի համայնք, ունի փող. Սուրեն Սարգսյան
Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ընթացքում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը, նշեց, թե Միացյալ Նահանգները երբեք մեր տարածաշրջանի վերաբերյալ ռազմավարություն, առանձին մշակված քաղաքականություն չի ունեցել: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա միջազգայնագետի գնահատմամբ՝ դրանք զրոյական մակարդակի վրա են:
«Ակնհայտ է, որ մենք այս դեպքում պետք է ոչ թե Վրաստանի հետ համեմատվենք, որովհետև Վրաստանը Միացյալ Նահանգներին համարում է ռազմավարական դաշնակից, այլ պետք է համեմատենք գոնե Ադրբեջանի հետ: Ադրբեջանը շատ ակտիվ, բարձր մակարդակի շփումներ ունի Միացյալ Նահանգների հետ: Շատ ակտիվ հանդիպում են պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները, պետքարտուղարները՝ և՛ նախկին, և՛ ներկա, հանդիպում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ… Այսինքն՝ իրենց մոտ շատ ավելի խորը համագործակցություն կա, ու դա՝ այն դեպքում, որ իրենց նախադրյալները՝ հարաբերությունների կարգավորման, այդքան շատ չեն: Այսինքն՝ համայնք չունեն, համայնքը լոբբիստական կազմակերպություններ չունի…
Ադրբեջանը շատ ակտիվ փող է ծախսում Վաշինգտոնում, շատ ակտիվ աշխատանքներ է իրականացնում, շատ ակտիվ աշխատում է ակադեմիական շրջանակների հետ, գիտահետազոտական կենտրոնների հետ, առանձին անհատների հետ, առանձին քաղաքական գործիչների հետ, Կոնգրեսում բարեկամական խումբ է ձևավորում և սկսում է հզորացնել այդ բարեկամական խումբը Ներկայացուցիչների պալատում, ունի իրենց ազդեցության տակ գտնվող սենատորներ: Այսինքն՝ Ադրբեջանը հասկանում է, որ Միացյալ Նահանգներում հայկական ազդեցությանը բալանս պետք է ստեղծի, և դա փորձում է կոմպենսացնել փողով՝ չունի համայնք, ունի փող»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, թե Ադրբեջանի գործելաոճով ԱՄՆ-ում աշխատում է նաև Թուրքիան:
Սարգսյանի խոսքով՝ մրցակցությունը կա, սակայն մենք ունենք մի կարևոր առանձնահատկություն՝ ԱՄՆ-ում մեր կազմակերպված համայնքը: