Մեկնաբանություն. Իմամ Խոմեյնու գաղափարների ազդեցությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համակարգի վրա
Հունիսի 4-ին Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան 32-րդ տարելիցն է: Իմամի գաղափարները և նրա քայլերը մեծ ազդեցություն են թողել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համակարգի վրա:
Իմամ Խոմեյնին Իրանում որպես առաջնորդ հայտնվեց այն ժամանակ, երբ երկիրը դարձել էր Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի քաղաքականության իրականացնողը և վերածվել էր տարածաշրջանի ոստիկանի, արաբական երկրները թույլ ու անկարող էին Իսրայելի նկատմամբ պայքարում, իսկ տարածաշրջանի երկրների ժողովուրդների դերը և նրանց քաղաքական մասնակցությունը տարածաշրջանի հարցերին, այնքան էլ նշանակալի չէր:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համակարգի վրա Իմամ Խոմեյնու գաղափարների ազդեցությունը պետք է ուսումնասիրել այս երեք հարթություններից:
Իսլամական հեղափոխության հաղթանակով և Իմամ Խոմեյնու առաջնորդությամբ, երկրում վերջ դրվեց ոչ միայն «տարածաշրջանային ոստիկանի» խնդրին, այլ Իրանը դարձավ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենակարևոր երկիրը, դեմ հանդես գալով տարածաշրջանի ներքին խնդիրներին ԱՄՆ-ի միջամտությանը: Իսլամական հեղափոխության հաղթանակից գրեթե 43 տարի անց, տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրություններն ավելի են տարածվել: Իսկ տարածաշրջանի տարբեր երկրներից ամերիկյան զորուժը դուրս բերելու պահանջը վերածվել է հասարակական պահանջի, ինչը հանգուցյալ իմամի գաղափարների ազդեցության արդյունքն է:
Արևմտյան Ասիայի վրա Իմամի գաղափարների մյուս ազդեցությունը, տարածաշրջանում հակաիսրայելական Դիմադրության ճակատի ձևավորումն էր: Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ, Եգիպտոսն Իսրայելի հետ կնքել էր Քեմփ Դեյվիդի համաձայնագիրը, որով մեկնարկեց ռեժիմի հետ արաբական երկրների հաշտեցման գործընթացը, տարածվեց իսրայելական բանակի անպարտելիության առասպելը և Պաղեստինյան հարցի մարգինալացման գործընթացը:
Իմամ Խոմեյնին Իսրայելին անվանեց «քաղցկեղային գեղձ»: Նրա նախաձեռնությամբ, ռամազան ծոմապահության ամսվա վերջին ուրբաթ օրն անվանվեց «Ղոդսի համաշխարհային օր»: Այս քայլերը մեծ հարված հասցրին ռեժիմի հաշտեցման գործընթացին և Պաղեստինի հարցը վերադարձրին իսլամական աշխարհի զարգացումների կենտրոն: Միևնույն ժամանակ, Պաղեստինում և Լիբանանում Դիմադրության խմբերի ձևավորմամբ, սկսվեց Իսրայելի դեմ նպատակային և կառուցողական պայքարի գործընթացը, և այսօր «քարե ինթիֆադան» վերածվել է «հրթիռային ինթիֆադայի»:
Քաղաքագետ Աբդուլլահ Գանջին ասում է. «Ղոդսի համաշխարհային օրը սահմանվեց, որպեսզի մուսուլմանների առաջին Ղեբլեյի ճակատագիրը մոռացության չտրվի: Այդպիսով, Պաղեստինի հարցը դուրս եկավ հրեա-պաղեստինցի կամ արաբ-սիոնիզմ շրջանակից և վերածվեց իսլամ աշխարհ-Արևմուտք խնդրի»:
Իմամ Խոմեյնու հակաբռնատիրական ու հակասիոնիստական գաղափարների ազդեցությամբ, որոշ իսլամական երկրներում ձրավորվեցին Դիմադրության խմբեր, որոնք աստիճանաբար ուժեղանում են:
Մյուս կարևոր հարցն այն դերն է, որն իմամ Խոմեյնին տվել է ժողովրդին քաղաքականության մեջ: Նա միշտ կարևորում էր քաղաքականության մեջ ժողովրդի դերը և համոզված էր, որ ղեկավարները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, մինչդեռ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում նման գաղափարախոսություն գոյություն չուներ :
Շատ մտավորականներ կարծում են, որ արաբական աշխարհում մարդկանց դերը, որն ի հայտ եկավ հատկապես 2011 թվականից ի վեր արաբական հեղափոխությունների և ընդվզումների տեսքով, բխում էր Իրանի իսլամական հեղափոխությունից և հանգուցյալ իմամի գաղափարներից:
Ամփոփելով, պետք է ասել, որ իմամ Խոմեյնու գաղափարների ազդեցության շնորհիվ, Արևմտյան Ասիայում ձևավորվեց նոր կարգ, որի հիմնական նպատակն է տարածաշրջանում արտաքին միջամտությանը ընդդիմանալը, տարածաշրջանի անվտանգությունը սեփական ուժերով ապահովելը, Դիմադրության խմբերի ձևավորումը, այդ խմբերի ուժեղացումը: Բացի այդ, տարածաշրջանի երկրների ղեկավարները ստիպված էին ընդունել քաղաքականության մեջ իրենց երկրների ժողովուրդների դերակատարությունը: