Բախումներ չեն լինելու. Փաշինյանը՝ Մայր Աթոռի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.«Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու։ Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»։
Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների և հոգևորականների միջև քաշքշուկ էր սկսվել, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է իրավապահների հետ գնալ Քննչական կոմիտե, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր ու մտել Վեհարան։ Դրանից հետո Մայր Աթոռը պարզաբանեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրավապահների հետ գնալ, սակայն հավաքված աջակիցները դա թույլ չէին տվել։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածած հայտարարությամբ հայտնել է, որ հունիսի 27-ին, բարձր հանրային լարվածության և հնարավոր սրացումների կանխման նպատակով, իրավապահները ժամանակավորապես դուրս են եկել Մայր Աթոռի տարածքից։
ԱԱԾ-ն կոչ է արել Միքայել Աջապահյանին չթաքնվել, իսկ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելուց։
Մայր Աթոռի տարածքից իրավապահների հեռանալուց հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս մեկ անգամ փորձեց ավտոմեքենայով Երևան մեկնել՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նրա աջակիցներն այս անգամ էլ փակեցին ավտոմեքենայի ճանապարհը և թույլ չտվեցին հեռանալ տարածքից։ Սակայն որոշ ժամանակ անց մեքենա նստեց ու ճանապարհը շարունակեց մեքենայով։
Աջապահյանի ձերբակալման որոշումը կայացվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում, ըստ որի՝ նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեջ։
Քրեական վարույթը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնվել է հունիսի 17-ին, նրա հրապարակային հայտարարությունների հիման վրա, որոնցում, ըստ իրավապահների գնահատման, առկա են եղել ռազմական հեղաշրջման կոչեր։
armenpress.am