Մամուլի տեսություն- 14.10.2021
Իրանն ու Հայաստանը կառուցում են այլընտրանքային ճանապարհներ, որպեսզի իրանական բեռնատարները կարողանան ԵԱՏՄ երկրներ մեկնել՝ շրջանցելով Ադրբեջանը:
Քեյհան օրաթերթ
Հարավային Կովկասում տիրող լարվածությունը և առաջիկա հեռանկարը
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հարավային Կովկասի պատմությունը, հատկապես մինչև տասնութերորդ դար, եղել է երեք մեծ տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկարամյա մրցակցության վայր: Իսկ ներկայումս Ադրբեջանը, որն իսլամական աշխարհի երկրորդ շիա երկիրն է, դարձել է Թուրքիայի և Իսրայելի համար տարածաշրջանում իրենց ուժը ցուցադրելու վայր, ինչը կարող է ցավալի հետևանքներ ունենալ Ալիևի կառավարության համար, հաշվի առնելով Իրանու ու Ադրբեջանի կրոնական մերձավորության պատճառով: Ներկա իրավիճակը շատ նման է տասնութերորդ դարի իրավիճակին, նախքան տարածաշրջանում ռուսական տիրապետությունը:
Ջավան օրաթերթ
Երկնքի անվտանգություն՝ իրանական համակարգերով
«Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» հակաօդային պաշտպանության զորավարժությունների երկրորդ օրն Իրանի ռազմաօդային ուժերի «Մաջիդ» և ԻՀՊԿ «Դեզֆուլ» ռազմաօդային ուժերը հաջողությամբ ոչնչացրեկ են հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի կողմից նշանակված թիրախները:
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, զորավարժությունների շրջանակում հայտարարել է. «15 տարի առաջ մենք նման հնարավորություն չունեինք և ռադիոտեղորոշման, հրամանատարության, կառավարման համակարգերի և երկիր-օդ հրթիռային համակարգերի ոլորտներում կախված էինք աևտասահմանից: Մինչդեռ այսօր, փառք Աստծու, մենք բոլոր այս սարքավորումներն արտադրում ենք Իրանում»:
Խորասան օրաթերթ
Սկանդալ՝ ԻԼԻՊ-ի հետ Էրդողանի համագործակցության շուրջ
Ո՞վ է մոռացել Թուրքիայի կառավարության կողմից ԻԼԻՊ-ի մի քանի հազար ահաբեկիչների և «Ալ-Ղաիդայի» այլ ճյուղերի անդամների տեղափոխումն Ադրբեջան: Ահաբեկիչներ, ովքեր անցյալ տարի Կովկաս էին եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությամբ՝ եռնային Ղարաբաղի պատերազմուըմ Հայաստանի դեմ պայքարելու համար: Սա Թուրքիայի կառավարության վերջին համագործակցություններից է Սիրիայում կռվող ահաբեկիչների հետ: Թուրքիան ավելի վաղ նույնպես համագործակցել է ԻԼԻՊ-ի հետ: Այդ մասին բացահայտում արեց հայտնի լրագրող և «Ջոմհուրի» թերթի նախկին խմբագիր Ջnոն Դոնդարը, ինչի պատճառով նրան ազատազրկեցին 27 տարով: Դոնդարը առաջին թուրք լրագրողներից էր, ով 2015 թվականին հրապարակեց ապացույցներ և պատկերներ Թուրքիայի կառավարության կողմից Սիրիայում ահաբեկչական խմբերին, այդ թվում ՝ ԻԼԻՊ-ին, զենք և վառելիք վաճառելու վերաբերյալ:
Քեյհան օրաթերթ
Իրանական բեռնատարները ԵԱՏՄ երկրներ կհասնեն շրջանցելով Ադրբեջանը
Իրանի և Հայաստանի կառավարությունները պայմանավորվել են ՀՀ Տաթևի ճանապարհը օգտագործել որպես Գորիս-Կապան երթուղու այլընտրանքային ճանապարհ: Տաթևի ճանապարհը նախկինում նույնպես օգտագործվում էր և ավտոբուսներն ու բեռնատարները դրանով հասնում էին Հայաստան: Այնուամենայնիվ, այս ճանապարհն ունի կտրուկ թեքություններ և կիրճեր, որոնցով կցորդները չեն կարողանում անցնել, ինչպես նաև դրանով դժվար է անցնել անձրևի ժամանակ: Հետևաբար, երկու կառավարությունները պայմանավորվել են, որ այս ճանապարհը կվերակառուցվի և մինչև նոյեմբերի վերջ շահագործման կհանձնվի՝ որպես այլընտրանքային երթուղի բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս դեպքում իրանական բեռնատարները առանց խնդիրների կշարժվեն դեպի Հայաստան և ԵԱՏՄ երկրներ:
armenpress.am
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացության թիվը վերջին մեկ տարում նվազագույնի է հասել
Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով գրանցվող ամենշաբաթյա մահվան թվերը շարունակում են նվազել և այս պահին գտնվում են վերջին մեկ տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Այդուհանդերձ, նա նշել է, որ մահացության թիվն այս պահին էլ բարձր է՝ շաբաթական մոտ 50 հազար դեպք, իսկ իրական թիվը, ըստ Գեբրեյեսուսի, անկասկած շատ ավելի բարձր է:
«Մահացությունն իջնում է բոլոր տարածաշրջաններում՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ մի շարք երկրներ բախվում են հիվանդության ու մահվան նոր ալիքների հետ»,- ասել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ մահացության ամենամեծ թվերը գրանցվում են այն պետություններում, որտեղ պատվաստանյութերի հասանելիությունը քիչ է:
Այս պահի դրությամբ, ԱՀԿ տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է վարակման 238 մլն 229 հազար 951 դեպք, մահացել է՝ 4 մլն 859 հազար 277-ը:
armenpress.am
Արարատ Միրզոյանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-15-ը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ:
armenpress.am
Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:
Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էիր իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար պահանջել՝ հիմնավորելով, որ «իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն»։ Այնուհետև նրանք ձերբակալել էին իրանցի վարորդներին:
panarmenian.net
ՀՀ-ն Իրանում նոր դեսպան ունի
Հ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.Արսեն Ավագյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,-ասված է հրամանագրում։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
panarmenian.net
Չպատվաստվածներն ու չթեստավորվածները կարող են զրկվել ամենամյա ստաժից և արձակուրդից
Հայաստանում աշխատող քաղաքացիները կարող են կորցնել ամենամյա ստաժն ու արձակուրդը, եթե չպատվաստվեն կորոնավիրուսի դեմ կամ ՊՇՌ թեստ չհանձնեն աշխատանքի ներկայանալիս։ Այդ մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է աշխատանային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի բացակայության պատճառով գործատուն իրավունք է ստանում չթույլատրել աշխատողին անցնել աշխատանքի, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, գրում է «Փաստինֆոն»։
«30 օր աշխատանքի չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանալու լուծել աշխատանքային պայմանագիրը։ Պայմանագիրը կարող է լուծվել նաև, եթե աշխատողի բացակայությունները 1 տարվա ընթացքում կազմում են 50 և ավելի օր»։
Նախարարի տեղակալը նշել է նաև, թե առաջարկվող նախագծով ինչ այլ դժվարություններ կառաջանան աշխատողների համար։ «Ի՞նչ է կորցնում աշխատողը։ Այդ ժամանակահատվածը չի կուտակվելու ամենամյա արձակուրդ և դա չի համարվելու ստաժ»,- ասել է նախարարի տեղակալը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրել է, որ շուտով առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրի ԱԺ շենք չի թույլատրվի մտնել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այնուհետև հայտարարվեց, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ից։
panarmenian.net
Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն կա
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ բանակցույթունների վերսկսման հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն կա։
«Հանդիպումներ նախատեսվում են։ Գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է»,-ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ բանակցույթունների վերսկսումը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափում ենք տեսնում», - ասել է նա։
Նախարարն ասել է նաև, որ նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջան։
44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողացավ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ ունեցան։
Հանդիպումներից հետո ղարաբաղյան միջնորդների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»: