Մամուլի տեսություն 21.10.2021
Նախկին իրանցի դիվանագետն ասում է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով՝ Թրամփը գործնականում Իրանին հնարավորություն տվեց ուրանի հարստացումը հասցնել մինչև 60 տոկոս:
Քեյհան օրաթերթ
Թուրքիան կրկին չհասավ Եվրամիություն
Եվրամիությունը հայտարարել է, որ «միությանը Թուրքիայի անդամակցության հայտը կասեցվել է ժողովրդավարական լուրջ թերությունների պատճառով»
Թուրքիայի միությանն անդամակցության պաշտոնական թեկնածու է ճանաչվել 1999 թվականի դեկտեմբերի 12 -ին, իսկ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերի 3 -ին: Նախատեսվում էր, որ Թուրքիայի լիիրավ անդամակցության գործընթացը կտևի 10 տարի: Սակայն բանակցությունների մեկնարկից 16 և Թուրքիայի պաշտոնական խնդրանքից 34 տարի անց, միությանն Անկարայի անդամակցության համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
Խորասան օրաթերթ
Գործակալությունը վերադառնում է Սպիտակ տան կարգավորումներին
Թեև ՄԱԳԱՏԷ-ն պետք է լինի Իրանի և Արևմուտքի միջև միջուկային լարվածության նվազեցման վերաբերյալ քննարկումների առաջնագծում և աշխատի Վիեննայի բանակցությունների ավարտի ուղղությամբ, սակայն գործակալության մուտքն Իրանի միջուկային օբյեկտներ նույնպես պետք է լիարժեք լինի, որպեսզի հնարավորություն լինի լիարժեք վերահսկողություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի վրա: Այ սմասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ԱՄՆ պետքարտուղարին և ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ինչը նրա կողմից մի տեսակ սաբոտաժ է:
Էբթեքար օրաթեր
Բենի Գանցը կոչ է արել ավելացնել Սիոնիստական ռեժիմի պաշտպանական բյուջեն՝ Իրանին դիմակայելու նպատակով
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանական նոր բյուջե, որը կզբաղվի Իրանի միջուկային զենքի ձեռքբերման հնարավորությամբ
The Independent-ը գրում է, որ Բենի Գանցը երեքշաբթի օրը Իսրայելի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նիստում, դիմել է լրացուցիչ բյուջե հատկացնելու համար:
Գանցը, ով հանձնաժողովի նիստին մասնակցել է Իսրայելի զինված ուժերի միացյալ շտաբերի պետ, գեներալ Ավիվ Կուխավիի հետ, նշել է. «Բյուջեի օրինագծի կատարման մեջ հստակ առաջնահերթությունը պետք է լինի Իսրայելի դեմ ուղղված Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքի դեմ պատրաստվածության մակարդակը: Մենք տեսնում ենք, որ ուրանի հարստացման Իրանի ծրագիրը զարգանում է, ինչը Թեհրանին հնարավորություն կտա. «հասնել իջուկային զենքի արտադրության շեմին»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
ՀԳՀԾ-ն փրկելու երկու սցենար
Նախկին իրանցի դիվանագետ Սեյեդ Հոսեյն Մուսավյանը իր հոդվածում ներկայացրել է ՀԳՀԾ-ն փրկելու երկու սցենար: Սեյեդ Հոսեյն Մուսավյանը բրիտանական Middle East թերթում հրապարակված իր հոդվածում գրել է.«ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը, 2018 -ի մայիսին դուրս եկավ ՀԳՀԾ-ից և Իրանի դեմ սահմանեց ամենախիստ պատժամիջոցները, մինչդեռ Իրանը կատարեց համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Ի պատասխան ԱՄՆ-ի քայլի, Իրանը որդեգրեց «դիմադրության ռազմավարություն», միաժամանակ ամրապնդելով իր տարածաշրջանային դաշնակիցներին, ավելացրեց իր միջուկային կարողությունները և հարստացման մակարդակը 5 տոկոսից հասցրեց 60 տոկոսի ՝ ԱՄՆ -ին սեփական առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտադրելու համար: Փաստորեն, Թրամփը Իրանին մղեց միջուկային ծրագրում անդառնալի կետի ՝ նվազեցնելով ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները, որպեսզի Վաշինգտոնը դրանից հետո շահագրգռվածություն չունենա վերադառնալ ՀԳՀԾ»:
armenpress.am
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:
Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
armenpress.am
Հայաստանը շահագրգիռ է խթանելու Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ միջխորհրդարանական փոխգործակցությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը hոկտեմբերի 20-ին հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված եւ օրինակելի փորձ են կուտակել:
Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ:
«Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
armenpress.am
ԱՄՆ-ն պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ ժամանակներս կհայտարարի 5-11 տարեկան երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ սկսելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ԱՄՆ իշխանություններն աշխատում են ողջ երկրում գտնվող շուրջ 200 մանկական հիվանդանոցների ու կլինիկաների հետ, որտեղ էլ նախատեսվում են իրականացնել պատվաստումները:
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից նոյեմբերի սկզբին կայանալիք հանդիպմանը վերջնական որոշման հաստատումից հետո ԱՄՆ շուրջ 28 մլն երեխաներ պատվաստում կստանան Pfizer պատվաստանյութով, որն արդեն կիրառվում է 12-17 տարեկան երեխաների շրջանում:
panarmenian.net
ՀՀ կայցելի «Ռոսատոմի» ղեկավարը․ Կքննարկվեն նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստան կայցելի նոյեմբերի սկզբին։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ըստ այցելության նախնական ծրագրի՝ Լիխաչովի և նրա պատվիրակության այցը կկայանա նոյեմբերի առաջին օրերին։ Այցի ընթացքում կքննարկվի Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգման ընթացքը, 2026-ից հետո ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման հնարավորությունները, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները։
Նախատեսվում են նաև «Ռոսատոմի» ղեկավարի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։
«Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի: «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն և շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:
panarmenian.net
Դեսպան․Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին
Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերին։
Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:
Կողմերը քննարկել են նաև նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը:
panarmenian.net
ՀՀ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության առաջարկած նախագծին, որով ՀՀ տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում:
ՀՀ կառավարությունն առաջարկել է վավերացնել «Տրանսպորտային միջոցի անձնագրի և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014-ի օգոստոսի 15-ի համաձայնագիրը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը պարզաբանել է, որ տվյալ համաձայնագրով անդամ երկրներում ստեղծվում է բոլոր տեսակի ավտեմեքենաների մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, ինչը, ըստ նրա, թույլ կտա մոնիտորինգ իրականացնել ու նաև հասկանալ, թե ինչ գործառույթ է իրականացնում տվյալ ավտոմեքենան, գրում է Sputnik Արմենիան։
Փոխնախարարը նաև հայտնել է, որ Հայաստանը համաձայնագրին միանում է վերապահումով։
«Նմանատիպ վերապահում արձանագրել է նաև համաձայնագրի հիմնադիր անդամ Ղազախստանը։ Սույն համաձայնագրի ազդեցությունը չի տարածվելու ՀՀ ԶՈւ և այլ զորքերի ինքնագնաց մեքենաների վրա, տեխնիկայի այլ միջոցների ու հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա»,– ասել է Գևորգյանը։
Նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։
Համաձայնագիրը ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխվարչապետների կողմից 2018թ. հունիսի 23-ին: Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացրել են միայն Ռուսաստանի Դաշնությունն ու Ղրղզստանի Հանրապետությունը: