Մեկնաբանություն.Համագործակցության ընդլայնումը՝ Թուրքմենստանի բարձրաստիճան պատվիրակության Իրան կատարած այցի առանցքում
Թուրքմենստանի 23 հոգանոց բարձրաստիճան պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման նպատակով այցելել է Թեհրան:
Թեհրան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունը գլխավորում է Թուրքմենստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ և արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը:
Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունենալու երկու երկրների պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, նավթի նախարար Ջավադ Օջիի և Թուրքմենստանի պատվիրակության միջև: Քննարկվելու են ներդրումների, մաքսային համագործակցության, նավթի ու գազի, դեղորայքի ու բուժման և տրանսպորտի, ինչպես նաև գիտական ու մշակութային ոլորտների և միջնահանգային ու միջքաղաքային համագործակցության հետ կապված հարցեր:
Նաև Իրանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության 16-րդ նստաշրջանի շրջանակներում նույն հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի երկու երկրների պաշտոնյաների կողմից։ Իրանն ու Թուրքմենստանը միմյանց համար կարևոր են բազմաթիվ առումներով։ Իսլամ կրոնը, երկու երկրների միջև երկար սահմանների առկայությունը, երկու երկրների տնտեսական կարողությունները, հատկապես նավթագազային ոլորտում և Տնտեսական համագործակցության կազմակերպությանը (ԷԿՕ) անդամակցելը, Իրանի և Թուրքմենստանի ընդհանրություններն են:
Թուրքմենստանը ելք չունի դեպի բաց ջրեր, և դա կարևորել է Իրանի հաղորդակցության ուղին այդ երկրի համար։ Իրանի դերը տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման գործում կարևոր է Թուրքմենստանի համար, և երկու երկրները ընդհանուր մտահոգություններ ունեն տարածաշրջանում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Իրանը նաև եղել է թուրքմենական գազի գնորդ և կարող է դառնալ դեպի եվրոպական երկրներ այդ երկրի գազի տարանցիկ ճանապարհ ։
Մաշհադ-Սարախս-Թաջան և Բաֆղ-Բանդար Աբաս երկաթուղիների բացումը կարևոր քայլեր են Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների, հատկապես Թուրքմենստանի միջև հարաբերությունների և առևտրի զարգացման ուղղությամբ: Իրանը և Թուրքմենստանը համագործակցում են նաև տեխնիկական և ինժեներական նախագծերում: Իրանն այս ոլորտում ներդրումներ է կատարել Թուրքմենստանում։
Թեհրանի և Աշխաբադի հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մշտապես կարևորվել է երկու երկրների պաշտոնյաների կողմից, որին անդրադարձ է կատարվել նաև Դուշանբեում կայացած երկու նախագահների վերջին հանդիպման ժամանակ։ Սեպտեմբերի 17-ին, Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, նշելով, որ երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունները հարևանների հարաբերություններից բարձր են, ասել է.«Թեհրանն ու Աշխաբադն ունեն լավ պոտենցիալ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար»։
Հանդիպման ժամանակ, գոհունակություն հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր երկրի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, Թուրքմենստանի նախագահը ևս հայտարարել է «Մենք մտադիր ենք կանոնավոր կերպով անցկացնել երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստեր»։
Անշուշտ Թուրքմենստանի բարձրաստիճան պատվիրակության այցը Թեհրան, Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության 16-րդ նստաշրջանի անցկացումը, ինչպես նաև այդ կապակցությամբ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, կարող են ակտիվացնել տարանցիկ հնարավորությունները և բարելավել երկու երկրների միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությունները։