Մեկնաբանություն - ԱՄԷ-ն քայլեր է ձեռնարկում Իրանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Թեհրան կատարած մեկօրյա այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի նախագահի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ և քննարկել երկու երկրների հարաբերությունները:
«Տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերությունները Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, և այդ պատճառով մենք ողջունում ենք ԱՄԷ-ի հետ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։
«Մենք այս տարածաշրջանի զավակներն ենք և ունենք միևնույն ճակատագիրը, ուստի երկու երկրների հարաբերությունների զարգացումը մեր օրակարգում է»,- ասել է ԱՄԷ ազգային անվտանգության խորհրդական շեյխ Թահնուն բեն Զայեդ Ալ Նահյանը։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ժամանակ նա ասել է.«Իրանը որպես տարածաշրջանում հզոր ու մեծ պետությունը աշխարհաքաղաքական առանձնահատուկ դիրք է զբաղեցնում և Արևելքն ու Արևմուտքը կապող ճանապարհ է»:
Սա ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թեհրան՝ 2016 թվականին ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերություններում որոշակի լարվածության ի հայտ գալուց հետո։ Վերջին ամիսներին ԱՄԷ-ն լայնածավալ ջանքեր է գործադրել իր արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու և Իրանի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Սիրիայի հետ մերձենալու համար:
Չնայած քաղաքական և տարածաշրջանային ոլորտներում առկա որոշ տարաձայնություններին, Իրանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները նույնպես աճել են վերջին ամիսներին՝ ինչը արտացոլում է հարաբերությունները բարելավելու երկու հարևան երկրների որոշումը։
Իրանի և ԱՄԷ-ի միջև երկարամյա հարաբերությունների պատմության մեջ տնտեսական հարաբերությունները եղել են երկկողմ հարաբերությունների կարևորագույն կապող և դրական տարրերից մեկը։ Նախատեսվում է, որ մինչև 2022 թվականը երկու երկրների միջև առևտուրը կկազմի 20 միլիարդ դոլար, իսկ հինգ տարվա ընթացքում ՝ 30 միլիարդ դոլար:
Մեկ այլ արդյունավետ գործոն, որն ընդգծում է Իրանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության անհրաժեշտությունը, իսլամական հասարակություններում անվտանգության ճգնաժամերը կարգավորելու ջանքերն են, ինչը հիմնականում պայմանավորված է արտատարածաշրջանային երկրների միջամտությամբ: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, անդրադառնալով այս հարցին ԱՄԷ ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է. «Միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ կհաստատվի կայունություն և կայուն անվտանգություն»:
Քաղաքական հարցերով փորձագետ Մոհամմադ Մեհդի Մազահերին ասում է, որ ԱՄԷ-ն հստակ գիտակցում է, որ այլևս ԱՄՆ-ը որպես վերտարածաշրջանային տերություն աջակցություն չի ցուցաբերում. Ուստի ԱՄԷ-ն, ինչպես Պարսից ծոցի մյուս արաբական երկրները, պետք է ուղղակիորեն մեխանիզմներ խորհի հարևւանների հետ հարաբերությունները կարգավորելու և բարելավելու համար։