Մեկնաբանություն.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է հակաիրանական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձևի կատարման գործընթացի վերաբերյալ իր վերջին՝ 12-րդ զեկույցում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ողջունելով Իրանի և «4+1» խմբի միջև ընթացող Վիեննայի բանակցությունները և ընդգծելով Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի միջուկային պատժամիջոցները չեղարկելու և Թեհրանին՝ ՀԳՀԾ-ով սահմանված տնտեսական շահերն ապահովելու անհրաժեշտությունն ասել է.«Իրանի նավթային ոլորտի հետ կապված պատժամիջոցների չեղարկումը կհեշտացնի ՀԳՀԾ-ն վերականգնելու գործընթացը»:
Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կատարման վերաբերյալ իր 11-րդ զեկույցում Գուտերեշը պատշաճ քայլ էր անվանել ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ և Վաշինգտոնին կոչ էր արել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները և երկարաձգել որոշ երկրների նկատմամբ սահմանված բացառությունները:
Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն արտացոլում է միջազգային հանրության դիրքորոշումը ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի բացասական դերի մասին, որը փորձում է ոչնչացնել միջուկային գործարքը: Նշենք, որ պատժամիջոցները սահմանվել են Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում, այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը 2018 թվականի մայիսին դուրս եկավ միջուկային համաձայնագրից: ՄԱԿ-ի 2231 բանաձևի իրագործման վերաբերյալ Անվտանգության խորհրդին ուղղված իր պարբերական զեկույցներում, Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս բանաձևը։ Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների անօրինական լինելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շեշտադրումը ցույց է տալիս, որ չնայած ԱՄՆ-ի կողմից այդ միջազգային կառույցի և այլ երկրների վրա գործադրած բազմակողմ ճնշումներին, Վաշինգտոնը ոչ միայն չի կարողացել նրանց համոզել Իրանի դեմ ճնշում գործադրելու հարցում, այլև վերջիններս Վաշինգտոնի այդ քայլը հիմքից անօրինական են համարում:
Թրամփի վարչակազմը, չնայած «4+1» խմբի անդամ երկրների պաշտոնյաների և նույնիսկ իր եվրոպացի դաշնակիցների հետ բազմաթիվ խորհրդակցություններին, չկարողացավ համոզել նրանցից որևէ մեկին՝ դաշնակցել Վաշինգտոնի հետ ՀԳՀԾ-ի և Իրանի դեմ քայլեր ձեռնարկելու հարցում: Ի վերջո Թրամփի կառավարությունն այն դեպքում իշխանությունը փոխանցեց հաջորդ կառավարությանը, երբ ինքը չկարողացավ նվազագույն արտոնությունն ստանալ Իրանից:
Washington Post թերթի սյունակագիր Մաքս Բութը գրել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումն արտաքին քաղաքականության ամենաաղետալի սխալ հաշվարկն էր 2003 թվականին ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից ի վեր»:
Չնայած առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում Իրանի դեմ կիրառած ամենածավալուն պատժամիջոցներից նվազագույն արդյունք ստանալու Թրամփի վարչակազմի ակնհայտ ձախողմանն ԱՄՆ-ն Ջո Բայդենի նախագահության օրոք շարունակեց այդ ձախողված քաղաքականությունը, հույս ունենալով, որ Թեհրանին կստիպի ընթացք տալ իր անօրինական և անտրամաբանական պահանջներին։ Չնայած Վաշինգտոնի թշնամական գործողություններին, Իրանը բազմիցս պնդել է, որ առավելագույն դիմադրության քաղաքականություն վարելով, չի ենթարկվի ԱՄՆ ճնշմանն ու կայսերապաշտական պահանջներին:
Ներկայումս, երբ Իրանի և «4+1» խմբի միջև ընթանում է Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները չեղարկելու նպատակով, Վաշինգտոնը շարունակում է ընդգծել Իրանի նկատմամբ իր անտրամաբանական ու բռնի մոտեցումը և փորձում է տարբեր սպառնալիքներ հնչեցնելով, Թեհրանին պարտադրել ընդունել ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս իր պահանջները և նվազագույն արտոնություններ տալով Իրանին, առավելագույն արտոնություններ ստանալ Թեհրանից:
Եվրոեռյակը, որը Բայդենի օրոք կրկին ենթարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտող՝ ԱՄՆ-ի մոտեցումներին, բանակցությունների ըթնացքում Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելով, փորձում է բանակցությունների գործընթացը շեղել Վաշինգտոնի օգտին: Մինչդեռ ՀԳՀԾ-ի պատմությունը ցույց է տալիս, որ այս հարցում Վաշինգտոնը լիովին մեղավոր է և Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ վերացնելու և համապատասխան ստուգումներ անցկացնելու Իրանի պահանջը համարվում է անհրաժեշտ նախապայման՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իր արտավորություններին Թեհրանի վերադառնալու համար: