Մեկնաբանություն- Իրան-Ադրբեջան հարաբերությունները՝ բարիդրացիության ուղու վրա
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Բաքու, որտեղ հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկերոջ, նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք այլ պաշտոնայների հետ:
Այցից առաջ Աբդոլլահյանը հայտարարել է. «Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, չնայած վերջին ամիսներին ծագած որոշ թյուրիմացություններին, լավ են, կայուն և զարգացող: Եվ չնայած այդ հարաբերությունները երբեմն հայտնվել են արտաքին քաղաքականության ու լրատվական քարոզչության ազդեցությանը, սակայն դիվանագիտական ջանքերը թույլ չեն տվել, որպեսզի դրանցում երկարաժամկետ լարվածություն առաջանա»:
Իրանն ու Ադրբեջանը չորս պատճառով, առանձնահատուկ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ:
Առաջին պատճառը երկու մուսուլման երկրների հարևանությունն է և կրոնական, մշակութային և լեզվական ընդհանրություններն են։
Երկրորդ պատճառը հարաբերությունների զարգացման և համատեղ նախագծերի իրականացման համար երկու երկրներում առկա կարողությունների օգտագործումն է: Իրանը էլեկտրակայաններ կառուցելու տեխնոլոգիա ունեցող երկրներից է։
Նախորդ շաբաթ, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ առցանց հանդիպման ժամանակ, հայտարարելով համատեղ էլեկտրակայան կառուցելու Իրանի պատրաստակամության մասին, ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն ընդգծել էր երկու ամբարտակների շահագործման հանձնելուն ուղղված աշպատանքները շարունակելու անհրաժեշտությունը։
Երրորդ պատճառը Իրանի ջանքերն են՝ ուղղված տարածաշրջանային լարվածությունը թուլացնելուն: Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ հակամարտության պատճառով, Կովկասյան տարածաշրջանը ճգնաժամային և լարված վիճակում է:
Այս հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն է և տարածաշրջանում սահմանների փոփոխությանը դեմ հանդես գալը: Ըստ այդմ, Իրանը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դեմ է արտահայտվել այս երկրի մասնատմանը։
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինն ասում է. «Իրականությունն այն է, որ սիոնիստները փորձում են օգուտ քաղել ղարաբաղյան երկրորդ պատերազմի զարգացումներից և Բաքվի ու Երևանի միջև լարվածության շարունակությունից: Միևնույն ժամանակ, Թել Ավիվը մշտապես փորձել է խաթարել Իրան-Ադրբեջան հարաբերությունները»։
Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման մյուս պատճառը տարանցիկ հնարավորությունների օգտագործումն է:
Աշխաբադում վերջերս կայացած ԷԿՕ-ի գագաթնաժողովում Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է գազի փոխանակման համաձայնագիր: Ըստ այդ համաձայնագրի, Թուրքմենստանն Իրանի տարածքով օրական 5-6 միլիոն խմ գազ կտեղափոխի Ադրբեջան: Իսկ Իրանը, որպես միջնորդ, կապահովի իր 5 նահանգների գազամատակարարումը:
Միջազգային հարցերով փորձագետ Հասան Հանիզադեն, անդրադառնալով այս համաձայնագրի ռազմավարական նշանակությանն ասում է. «Իրանի և Ադրբեջանի միջև կնքված գազային համաձայնագիրը հարավային Կովկասում տնտեսական նոր հնարավորություն է ստեղծում, ինչի արդյունքում, Իրանը դառնում է գազի խողովակաշարի միջանցք՝ Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի հարավային ափամերձ երկրներին գազ մատակարարելու համար»:
Վերոնշյալը վկայում է, որ թեև որոշ հարցերում Իրանի ու Ադրբեջանի միջև կարող են լինել տարաձայնություններ, սակայն կողմերն ունեն խոչընդոտները վերացնելու լուրջ կամք: Թեհրանն ու Բաքուն շարունակում են դրական շփումներն ու խորհրդակցությունները՝ հարաբերություններն ամբողջությամբ զարգացնելու և թյուրիմացությունները հարթելու համար: Եվ Իրանի արտգործնախարարի այցը Բաքու պետք է գնահատել որպես հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլ։