Մամուլի տեսություն 21.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170004-Մամուլի_տեսություն_21.04.2022
Ուկրաինացի քաղաքագետներն ափսոսանք են հայտնել երկրի միջուկային զինաթափման կապակցությամբ: Ուկրաինան նախքան միջուկային զինաթափումը երկրորդն էր ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 21, 2022 06:24 Asia/Tehran

Ուկրաինացի քաղաքագետներն ափսոսանք են հայտնել երկրի միջուկային զինաթափման կապակցությամբ: Ուկրաինան նախքան միջուկային զինաթափումը երկրորդն էր ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո:

Էթելաաթ օրաթերթ

Աթվան. Իրանի  «Bow 22» անօդաչու թռչող սարքերի ներկայացումը մեծ ցնցում էր Իսրայելի համար

«Ռայ Ալ-Յում» թերթի գլխավոր խմբագիր և հայտնի արաբ վերլուծաբան Աբդուլ Բարի Աթվանը նոր հոդվածում նշել է, որ Իրանի կողմից «Bow 22» անօդաչու թռչող սարքի ներկայացումը մեծ ռազմական ցնցում էր սիոնիստների համար և մտահոգել է ռեժիմի պաշտոնյաներին:

Նա գրել է. «ԱԹՍ-ն ցուցադրվել է Բանակի օրվա կպակացությամբ կայացած շքերում: Սարքը կարող է թռչել 3 հազար  կմ և մնալ անտեսանելի: Ու թերևս դա է պատճառը, որ ԻԻՀ նախագահը սիոնիստներին զգուշացրել է, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլի դեպքում, երկրի բանակը հանգիստ չի թողնի Իսրայելին ու հարվածներ կհացնի ռեժիմի խորքերում»:

 

Ջավան օրաթերթ

Ուկրաինացի քաղաքագետները ափսոսանք են հայտնել երկրի միջուկային զինաթափման կապակցությամբ

Թեհրանում Ուկրաինայի դեպսանը երեկ հայտարարել է. «Ուկրաինայի մտավորականները, քաղաքական գործիչներն ու քաղաքացիները կարծում են, որ երկրի միջուկային զինաթափումը մեծ սխալ էր»:

Ավելի վաղ, Ֆինլանդիայի խորհրդարանում տեսակապի միջոցով ունեցած ելույթում, Ուկրաինայի նախագահն ափսոսանք էր հայտնել իր երկրի միջուկային զինանոցը Ռուսաստանին փոխանցելու կապակցությամբ։

Քչերը կհիշեն, որ ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո, Ուկրաինան աշխարհի երրորդ միջուկային տերությունն էր:

The New York Times-ն այս կապակցությամբ հոդվածում գրել է. «Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ուկրաինան, որն այն ժամանակ ուներ 5000 միջուկային մարտագլխիկ և աշխարհում երրորդ ամենամեծ միջուկային տերությունն էր ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո, Վաշինգտոնից, Մոսկվայից ու այլ երկրներից ստացած անվտանգության երաշխքիների դիմաց, միջուկային զենքը հանձնեց Ռուսաստանին: Իսկ երեսուն տարի անց, թույլ ռազմական հզորության պատճառով, հարձակման ենթարկվեց Ռուսաստանի կողմից»։

 

Քեյհան օրաթերթ

Իրանում գնաճը կնվազի 8 տոկոսով

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) աշխարհի տնտեսությունների վիճակի մասին իր վերջին զեկույցում, անդրադառնալով այնպիսի ճգնաժամերի, ինչպիսիք են ուկրաինական պատերազմը և կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված կարանտինը, զգուշացրել է, որ շատ երկրների համար գնաճը լուրջ վտանգ է: 

Զեկույցի համաձայն՝ 2021 թվականին  Իրանում գնաճի մակարդակը կազմել է 40,1 տոկոս, իսկ 2022 թվականին  այդ ցուցանիշը կնվազի մինչև 32,3 տոկոս։

 

Իրան օրաթերթ

Էրդողան. Շարունակելու ենք  ռազմական գործողություններն Իրաքում և Սիրիայում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան կշարունակի իր ռազմական գործողություններն Իրաքում և Սիրիայում՝ չնայած իրաքյան պաշտոնյաների և քաղաքացիների քննադատությանը:

 

armenpress.am

Ուկրաինայում մարդասիրական օգնություն Է ստացել ավելի քան 2,5 միլիոն մարդ. ՄԱԿ

 ՄԱԿ-ը եւ նրա հետ համագործակցող կազմակերպությունները մարդասիրական օգնություն են հասցրել Ուկրաինայում ավելի քան 2,5 միլիոն մարդու համար, ապրիլի 20-ին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Մեր գործընկերների հետ մենք կենսականորեն անհրաժեշտ օգնություն ենք հասցրել ավելի քան 2,5 միլիոն մարդու համար»,- գրել Է նա Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գուտերիշը հավելել Է, որ ներկայումս Ուկրաինայում Է գտնվում ՄԱԿ-ի ավելի քան 1,3 հազար աշխատակից, որոնք զբաղվում են մարդասիրական օգնություն ցույց տալով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

 

Իսրայելը գիշերվա ընթացքում երկրորդ անգամ Է խոցել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտները

Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի, գրոհ, որը հասցվել Է Իսրայելի դեմ հրթիռի արձակումից հետո: Այդ մասին հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ռազմական օբյեկտին ի պատասխան Գազայի հատվածում ահաբեկչական օբյեկտներին բանակի նախորդ հարվածի ժամանակ (իսրայելական ինքնաթիռների դեմ) զենիթային գրոհի, ինչպես նաեւ ի լրումն այս գիշեր ավելի վաղ հասցված հարվածի: Զենիթային կրակը չի խոցել թիրախը: Իսրայելական բանակի վիրավորների կամ ինքնաթիռների վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել»,- ասված Է հայտարարության մեջ:

Մամուլի ծառայությունում ավելի վաղ հաղորդել են, որ ապրիլի 20-ի երեկոյան արմատականները Գազայից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Kan ռադիոկայանի տվյալներով՝ արկը չի կալանվել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգով եւ ընկել Է Սդերոտ քաղաքի շրջանում՝ պաղեստինյան միջատարծքի հետ սահմաի մերձակայքում՝ պատճառելով վնաս:

Ի պատասխան իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերն առաջին անգամ Գազայի հատվածում խոցել են «զինվորական պահակետը եւ թունելի մուտքը, որը տանում Է հրթիռային շարժիչների արտադրության համար օգտագործվող հումքի ստորգետնյա համալիր», հայտնել Է մամուլի ծառայությունը: Դրանից հետո պաղեստինցի արմատականները միջատարծքից դեպի Իսրայել են արձակել եւս չորս հրթիռներ, որոնք կալանվել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգով, իսկ այնուհետեւ՝ եւս մեկ հրթիռ, որը չի հասել Իսրայելի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Դեսպան Ներսեսյանը Համայնքների պալատի խոսնակին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

 Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին հանդիպել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ, կարևորվել է երկկողմ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:

Դեսպան Ներսեսյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունների մասին:

Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանին ու պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:

 

panarmenian.net

Ռուբինյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված վիճակը

  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները:

Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները դատապարտող բանաձևերի ընդունման համար:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում:

Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին:

 

panarmenian.net

ՀՀ և Չինաստանի ԱԳ նախարարները շեշտել են տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին ապրիլի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում երկուստեք պատրաստակամություն են հայտնել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:

Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:

Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

panarmenian.net

ԴԺՀ ոստիկանության ներկայացուցիչ․ Հատուկ խմբերը սկսել են գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատը

  Հատուկ խմբերը սկսել են գրոհել Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» կոմբինատը։ Այդ մասին հայտարարել է ԴԺՀ ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:

«Ազովստալը» արդյունաբերական գոտի է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Որքան ինձ հայտնի է, հատուկ խմբերը, որոնք ընտրվել են հենց այդ օբյեկտը գրոհելու համար, արդեն անցել են գործի»,– ասել է Բասուրինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, գրում է Meduza-ն։

Բասուրինը, ինչպես և ՌԴ ՊՆ-ն, կեղծ է համարում այն տեղեկությունը, որ «Ազովստալում» նաև քաղաքացիական անձինք կան։ Օրինակ, այդ մասին ասել է Ուկրաինայի ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադի հրամանատար Սերգեյ Վոլինան՝ նշելով, որ այնտեղ կան կանայք և երեխաներ։

Մարիուպոլում, որը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ է, մինչ օրս դեռ կան ուկրաինացի զինծառայողներ, իսկ դիմադրության հիմնական օջախը համարվում է «Ազովստալը»։

Ռուս զինծառայողները բազմիցս առաջարկել են Մարիուպոլում մնացած ուկրաինացի զինծառայողներին հանձնվել, հերթական այդպիսի առաջարկը եղել է ապրիլի 17-ին։ Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գործարանում մոտ 500 զինծառայող է մնում, այդ թվում՝ մոտ 400 օտարերկրացի վարձկան։ Կոնաշենկովը հայտարարել է, որ «հետագա դիմադրության դեպքում նրանք բոլորը կոչնչացվեն»։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։