Մամուլի տեսություն 23.04.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170216-Մամուլի_տեսություն_23.04.2022
Պաղեստինյան հարցը վառ պահելը Ղոդսի համաշխարհային օրվա ամենակարևոր ձեռքբերումն է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 23, 2022 13:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.04.2022

Պաղեստինյան հարցը վառ պահելը Ղոդսի համաշխարհային օրվա ամենակարևոր ձեռքբերումն է:

Ջավան օրաթերթ

 Պաղեստինյան հիմնախնդիրը վառ պահելը  Ղոդսի համաշխարհային օրվա ամենակարևոր ձեռքբերումն է

Վերջին տարիներին Ղոդսի համաշխարհային օրվա կարևորագույն արդյունքներից մեկը Պաղեստինի հիմնախնդիրը վառ պահելն է տարածաշրջանային և միջազգային տարբեր մակարդակներում:

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Պաղեստինի օկուպացիայից անցել է ավելի քան 70 տարի։ Այս ընթացքում սիոնիստները բազմաթիվ հանցագործություններ են կատարել Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ՝ ապահովելու իրնց գոյատևումը մի երկրում, որին նրանք երբեք չեն պատկանել: Այնպիսի հանցագործություններ, որոնք իրենց մեծ ծավալների պատճառով տարիների ընթացքում սովորական են դարձել հասարակական կարծիքի համար: 

Ներկայում միլիոնավոր պաղեստինցիներ սիոնիստների կողմից տեղահանվել են իրենց տներից, իսկ հազարավորներն էլ բանտարկվել են ռեժիմի կողմից՝ սիոնիստական բռնությանն ու ահաբեկմանը դիմակայելու համար: Բացի այդ, անթիվ պաղեստինցիներ նահատակվել, վիրավորվել կամ նույնիսկ հաշմանդամ են դարձել իրենց հայրենիքի օկուպացիայից հետո մինչև ատամները զինված սիոնիստական​​ աշխարհազորայինների հետ բախումների ժամանակ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

 

Ռուսական ռազմանավի խորտակման հետևանքով զոհվել և անհետ կորել է 28 մարդ

Շաբաթ երեկոյան վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին, ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սև ծովի ջրերում «Մոսկվա» հածանավի խորտակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 27-ը՝ անհետ կորել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ փրկվել է նավի անձնակազմի 396 անդամ։

Ռուսաստանի ՊՆ-ն անցած հինգշաբթի հայտարարեց, որ «Մոսկվա» հածաանավը, որը հրդեհի բռնկվելուց   պայթել էր, խորտակվել է վատ եղանակի պատճառով։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ «Մոսկվա» ռազմանավը դեպի նպատակակետ նավահանգիստ շարժվելիս կորցրել է հավասարակշռությունը հրդեհի և պայթյունի հետևանքով և խորտակվել ծովի ալեկոծության պատճառով։

Ռուսաստանի ՊՆ-ն հինգշաբթի առավոտյան հայտնել էր, որ «Մոսկվա» հածանավի վրա հրդեհ է բռնկվել  և նավում   եղած զինամթերքը պայթել է։

 

Իրան օրաթերթ

Մեծ Բրիտանիան հրամայել է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին

Չորեքշաբթի օրը բրիտանական դատարանը կայացրել է վճիռ, որով պաշտոնապես կարգադրել է ԱՄՆ արտահանձնել WikiLeaks բացահայտող կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։

The Independent-ը հայտնում է, որ Լոնդոնի դատարանի որոշումը, ըստ որի Ասանժը արտահանձնվել է ԱՄՆ, նրան մեկ քայլով մոտեցրել է լրտեսության վերաբերյալ մեղադրանքին:

Ավելի վաղ Բրիտանիայի Գերագույն դատարանը դեմ էր արտահայտվել կայացրել Ասանժին ԱՄՆ արտահանձնելուն։

WikiLeaks-ի հիմնադիրը ԱՄՆ-ում հետախուզվում է Աֆղանստանի և Իրաքի պատերազմին առնչվող հարյուր հազարավոր բացահայտված փաստաթղթերի հրապարակման համար։ Ասանժն իր կյանքի վերջին երեք տարին անցկացրել է Բելմարշ բանտում։

 

Էթեմադ օրաթերթ

Ինքնահրկիզում ԱՄՆ Գերագույն դատարանի դիմաց

Վաշինգտոնում ԱՄՆ Գերագույն դատարանի շենքի դիմաց մի անձ դիմել է ինքնահրկիզման քայլի:

Ոստիկանությունը դեռ չի պարզել նրա ինքնությունը, և նրա վիճակի մասին դեռ ոչ մի բան պարզ չէ: Դեպքից հետո Կոնգրեսին պատկանող ոստիկանությունը և Գերագույն դատարանի ոստիկանությունը միջամտել են և դեպքի վայրը ժամերով փակ է եղել՝ հետաքննություն անցկացնելու համար։

 

armenpress.am

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ապրիլի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ռուս պատգամավորները և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Վաղարշակ Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում, որն անցկացվել է ապրիլի 22-ին Ստեփանավանում:

 

news.am

Կարո Փայլանը Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Կարո Փայլանի ներկայացված օրինագծում առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հստակեցնել պատասխանատուներին, հասարակական վայրերից հեռացնել պատասխանատուների անունները, փոխարենը տեղադրել Ցեղասպանությանը դեմ կանգնածների անունները, տուժվածներին եւ նրանց ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն տալը։

 

aravot.am

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Արտաքին գործերի փոխնախարար Մարչին 

Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։

ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։ Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր։ Երկուստեք ընդգծվել է հայ-լեհական բազմաոլորտ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամությունը։

 

panarmenian.net

Փաշինյան-Կլաար հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո ԼՂ խնդրի կարգավորման կարիքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ապրիլի 22-ի հանդիպմանը Երևանում երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ:

Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը, կարևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:

Կլաարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականների համար և վերահաստատել ՀՀ հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը:

Հանդիպմանը քննարկվել է ԱլԳ ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Ծրագրերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:

 

panarmenian.net

Լյուքսեմբուրգի կարդինալը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Լյուքսեմբուրգի կարդինալ Ժան-Կլոդ Հոլեղիշն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցական արարողությանը։ Այդ մասին հայտնում է Լյուքսեմբուրգում Հայաստանի հյուպատոսությունը։

Լյուքսեմբուրգի կարդինալի մասնակցությամբ և Լյուքսեմբուրգյան հայ համայնքի հոգևոր հայր Տեր Արմեն Մելքոնյանի առաջնորդությամբ ապրիլի 24-ին ժամը 09:45-ին Chapelle du Glacis-ում կկազմակերպվի եկեղեցական արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։