Մամուլի տեսություն 26.04.2022
Սիոնիստական օրաթերը բացահայտել է, որ իսրայելցի զինվորներն Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ, իսկ իսրայելցի սպաներն ուկրաինացի զինվորներին սովորեցնում են սպանել:
Էթելաաթ օրաթերթ
Բեն Սալմանը ներդրումներ է անում՝ Թրամփին վերդարձնելու նպատակով
The Guardian-ը գրում է. «Սաուդյան Արաբիան հրաժարվել է միանալ ԱՄՆ-ի հակառուսական արշավին: Ռիադը 2 միլիարդ դոլար է ներդրել Թրամփի փեսայի հիմնադրամում՝ այդպիսով խաղադրույք անելով 2024թ նախկին նախագահի վերընտրվելու վրա»:
Թերթը գրում է. «Մոհամմադ բեն Սալմանն ընտրել է Թրամփին ոչ թե Բայդենին: Եվ դա տրամաբանական է, քանի որ Դոնալդ Թրամփը սաուդցիներին տվել է այն ամենն ինչ նրանք ցանկացել են: Դա ներառում է լիարժեք աջակցությունը Եմենի դեմ պատերազմում, սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը և այլն»:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական թերթն անդրադարձել է Ուկրաինայում իսրայելցի զինվորների ներկայությանը
Չնայած ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ Իսրայելի պաշտոնյաների հակասական դիրքորոշմանը, սիոնիստական թերթը գրել է, որ իսրայելցի զինվորներն Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ, իսկ իսրայելցի սպաներն ուկրաինացի զինվորներին սովորեցնում են սպանել:
Այս պատերազմում Իսրայելի դիրքորոշումը զայրացրել է և՛ Ռուսատսնին և՛ ԱՄՆ-ին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ռեժիմի վրա գործադրվող ճնշումն ավելանում է ՝ պատերազմում չեզոք դիրքորոշում որդեգրելու պատճառով: Վախենալով վտանգել իր շահերը, ռեժիմը չի ընտրել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Վաշինգտոնին: Սակայն երկու երկրներն էլ պահանջում են կատարել այդ ընտրությունը:
Միևնույն ժամանակ, մինչ ռեժիմը փորձում է ձևացնել, թե չեզոք դիրքորոշում ունի պատերազմի կապակցությամբ, Yedioth Ahronoth թերթի քաղաքական թղթակից Իտմար Էյխները գրել է «Ուկրաինական ծագումով տասնյակ իսրայելցիներ հեռացել են այստեղից՝ ուկրաինական բանակի կազմում կռվելու ռուսական բանակի դեմ»:
Ջավան օրաթերթ
Ֆրանսիայի ընտրություններից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվել է երկու մարդ
Ինչպես և կանխատեսվում էր, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո, բողոքի ցույցեր են կայացել Մակրոնի վերընտրվելու դեմ: Իրավիճակն անկանխատեսելի չէր, հաշվի առնելով Մակրոնի աշխատանքից դժգոհության ծավալները:
Իսկ անկարգությունները, որոնց ընթացքում զոհվել է երկու քաղաքացի, կասկածի տակ են դնում Ֆրանսիայի Հանրապետության էությունը:
Իրան օրաթերթ
Խալիդ Մաշալը կոչ է արել ստեղծել Ալ-Աղսայի բանակ
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարը կոչ է արել իսլամական ումմային ստեղծել Ալ-Աղսայի բանակ ՝ պայքարելու Երուսաղեմի բռնազավթիչ ռեժիմի դեմ: Նա բոլորին կոչ է արել սոցիալական, քաղաքական, մեդիա ոլորտներում և ֆինանսական աջակցությամբ նպաստել այս բանակի ձևավորմանը:
Երուսաղեմի և Պաղեստինի աջակցության համաշխարհային կոալիցիայի նիստում ունեցած ելույթում, որին մասնակցել են 40 երկրներից Պաղեստինի հարյուրավոր նշանավոր գործիչներ և աջակիցներ, Մաշալը հայտարարել է. «Սիոնիստ թշնամու ռազմավարությունը հիմնված է Պաղեստինի ամբողջ տարածքում իր տիրապետությունը հաստատելու վրա և ռեժիմն ամեն կերպ փորձում է ավարտին հասցնել Ալ-Աղսայի ճակատամարտը»:
armenpress.am
ՀՀ ՄԻՊ-ը Ժնևում մասնակցել է անվտանգության ոլորտին առնչվող քննարկմանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 25-ին Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. Անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով քննարկմանը, որը կազմակերպվել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կողմից։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, Պաշտպանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքները զինված ուժերում և պաշտպանական հաստատությունների դերը խորագրով պանելի շրջանակներում։
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական մանդատն ու գործիքակազմը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար։
Պաշտպանը ներկայացրել է համավարակի ընթացքում 2020թ.-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու մարտահրավերները՝ հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, հայ ռազմագերիների ու պահվող անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի հավաքագրման համար։
Պաշտպանը, շեշտելով Ազգային ժողովի կողմից ընտրված Մարդու իրավունքների պաշտպանի սերտ համագործակցության կարևորությունը Ազգային ժողովի հետ ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ։
Անդրադարձ է կատարվել նաև ռազմական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային տարբեր փորձերին։
armenpress.am
ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում: ՌԴ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն՝ աջակցելու բանակցություններում առաջընթացին բոլոր ոլորտներում:
armenpress.am
Գուտերեշն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորման և հումանիտար օգնության հարցերը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայում կազմակերպված հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանն ուղղված և կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով միջանցքներ բացելու վերաբերյալ հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության տեքստում:
«Գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Թուրքիայի կողմից հարցի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է հումանիտար միջանցքներ բացել, որոնք հնարավորություն կտան տարհանել քաղաքացիներին և անհրաժեշտ հումանիտար աջակցություն ցույց տալ բնակչության այն խմբերին, որոնք տուժել են:
Գուտերեշի և Էրդողանի հանդիպումը, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Անկարայում՝ նախագահական պալատում, տևել է 70 րոպե:
panarmenian.net
Թուրք պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին գրառման համար
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ։ Պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատգամավորի ապրիլքսանչորսյան գրառումն է։
Քննությունը սկսվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, քանի որ հստակ ապացույցներ կան, որ Թանրըքուլուն «նսեմացրել է «Թուրքիայի Հանրապետության պետական հեղինակությունը», գրում է Ermenihaber-ը։
Թուրք ընդդիմադիր պատգամավորն ապրիլի 24-ին գրառում էր կատարել Twitter-ում, որը խիստ բացասական արձագանք էր գտել։
Նա մասնավորապես նշել էր․ «107 տարի առաջ 1915թ. ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»։
Գրառմանը կից Թանրըքուլուն տարածել էր նաև երկու լուսանկար․ առաջինում Հայոց ցեղապսանության զոհ մտավորականներն էին, երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը երկրի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել։
Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։ Փայլանն ընդգծել է, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքականն է։ Միևնույն ժամանակ պահանջել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետական պաշտոնյաների անունները հանել հանրային տարածքներից։
panarmenian.net
Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոյի արդիականացմանը
Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոյի արդիականացմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Պայմանավորվածություն կա, որ մի շարք ընկերություններ կմիանան տրանսպորտի, մասնավորապես, երևանյան մետրոպոլիտենի արդիականացմանը, լեռնահանքային ոլորտին։ Հատուկ ուշադրություն կդարձվի պղնձամոլիբդենային հանքերի մշակմանը »,-ասել է Գոնչարը։
Երևանի մետրոպոլիտենը բացվել է 1981թ․, շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է: Արդեն մի քանի տարի է մետրոյի երկու կայարանի կառուցման նախագծի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումային միջոցներ ներգրավելու համար բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսական և դոնոր կազմակերպությունների հետ, սակայն կոնկրետ արդյունքներ չեն գրանցվել։
2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը, սակայն այլ նորություններ չհրապարակվեցին։
panarmenian.net
Գոնչար․ Պուտինը Երևանում, հավանաբար, կմասնակցի հայ-ռուսական բարեկամության հուշարձանի հիմնարկեքին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով տարվա երկրորդ կեսին Երևան կատարելիք այցի ընթացքում կարող է մասնակցել ռուս-հայկական բարեկամության հուշարձանի հիմնարկեքին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը Երևանում մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Գոնչարը տեղեկացրել է, որ հայ-ռուսական հագեցած երկխոսության շրջանակում կլինեն նաև այլ շփումներ տարբեր մակարդակներով։