Մամուլի տեսություն 11.05.2022
ԻՀՊԿ «Նուր -2» արբանյակը ձայնագրել և ցամաքային կայանին է փոխանցել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ռազմակայանի պատկերները: Սա վկայում է, որ իրանական արբանյակը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղաշարժերը:
Քեյհան օրաթերթ
ԻՀՊԿ «Նուր -2» արբանյակը ձայնագրել և ցամաքային կայանին է փոխանցել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ռազմակայանի պատկերները
Երեքշաբթի օրն Իրանի կապի նախարարն իր Instagram-ի էջում հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Նուր -2» արբանյակի կողմից արված առաջին պատկերները։
ԻՀՊԿ «Նուր -2» արբանյակին հաջողվել է ձայնագրել և ուղարկել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ռազմակայանի պատկերները: Սա վկայում է, որ իրանական արբանյակը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղաշարժերը:
Իրան օրաթերթ
Ամերիկացիները սկսել են վախենալ իրենց կյանքի համար
ԱՄՆ-ում գրանցված 40 տոկոսանոց գնաճի, ռուս-ուկրաինական պատերազմում Կիևին ցուցաբերած միլիոնավոր դոլարների աջակցության, և տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը չեզոքացնելուն ուղղված կառավարության անարդյունավետ քայլերի պատճառով, ամերիկացիները մտահոգվում են իերնց ապագայի համար:
Gallup-ի վերջին հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների շրջանում աճել են մտահգություններն առօրյա ծախսերը հոգալու վերաբերյալ: Հարցվածների 40 տոկոսը մտահոգություն է հայտնել, որ ապագայում չի կարողանա վճարել իր ծախսերը: 52 տոկոսը նշել է, որ մտահոգված է կեսնամակարդակի նվազելու կապակցությամբ, իսկ 35 տոկոսին մտահոգում է մոտ ապագայում տան վարձավճարը կամ հիփոթեքային վարկը չվճարելու անկարողությունը:
Էբթեքար օրաթերթ
Ի՞նչ է փնտրում Էնրիկե Մորան Թեհրանում. Համաձայնությունը ճակատագրական փուլում է
Իրանի միջուկային բանակցություններում առաջացած լճացած վիճակի ֆոնին, բանակցությունների հիմնական կողմերը՝ Իրանն ու Միացյալ Նահանգները, միմյանց մեղադրում են ճկունություն չցուցաբերելու մեջ:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը վերջերս հայտարարեց, որ այս շաբաթ Թեհրան է այցելելու իր տեղակալ և բանակցություններում ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորան։
ԶԼՄ-ներում արդեն սկսել են շրջանառվել լուրեր, որ Մորայի այցը տեղի է ունենում Եվրոպայի պահանջով՝ Վիեննայի բանակցությունների հարցով իրանցի պաշտոնյաների հետ խորհդրակցություններ անցկացնելու համար:
Քեյհան օրաթերթ
Bloomberg. Արևմուտքը չպետք է ինքնասպանության դիմի՝ էմբարգո սահմանելով ռուսական նավթի նկատմամբ
Մինչ Եվրոպայում Ռուսաստանի նավթի և գազի էմբարգոյի շուրջ տարաձայնությունները հասել են գագաթնակետին, և որոշ եվրոպական երկրներ նույնիսկ հայտարարել են, որ վետո են դնելու դրա վրա, ու հրապարակվել են այս կապակցությամբ ԵՄ դիրքորոշումը փոխվելու մասին լուրեր, Bloomber-ը գրել է, որ ռուսական նավթի էմբարգոն կնշանակի Արևմուտքի տնտեսական ինքնասպանություն:
Ռուս-ուկրաինական պատերազմում Կիևին հետախուզական, ռազմական, լրատվական, քաղաքական լայնածավալ աջակցությանը զուգահեռ, «դաշնակցին օգնելու» պատրվակով, ԱՄՆ-ն ու Եվրոպան մինևնույն ժամանակ տնտեսական պատերազմ են վարում իրենց վաղեմի մրցակցի դեմ:
Մեկ ամսից ավելի քիչ ժամանակում, Ռուսաստանի նկատմամբ կիրառվել են թվով ամենաշատ պատժամիջոցները: Արևմուտքն ամեն օր նոր պատժամիջոցներ է սահմանում ռուսական կազմակերպությունների ինչպես նաև ՌԴ քաղաքացիների նկատմամբ:
armenpress.am
Ֆրանսիան չեղարկում է հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջը
Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 16-ից չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը:
«Երկրում էպիդեմիոլոգիական վիճակը բարելավվում է: Թեպետ համավարակը դեռ չի ավարտվել, նոր վարակումների թիվը նվազում է, այդ պատճառով մենք կարծում ենք, որ հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջի պահպանումն արդեն նպատակահարմար չէ»,- հայտարարել է:
Մայիսի 10-ին Ֆրանսիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 56 հազար դեպք՝ այն դեպքում, երբ դեռ մարտի վերջին օրական վարակումների թիվը հասնում էր մինչև 146 հազարի: Երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 144 հազար մարդ:
67 մլն բնակչություն ունեցող Ֆրանսիայում բուստերային պատվաստում է ստացել մոտ 40 մլն մարդ:
armenpress.am
Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Իրանի համար դեպի ԵԱՏՄ դարպաս դառնալու․փոխվարչապետ
Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար։ «Իրանը առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր է մեզ համար։ Մեր երկու երկրների կառավարությունները անհրաժեշտ կամք և հետևողականություն պետք է դրսևորեն զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները ամենատարբեր ոլորտներում»,-ասաց նա՝ կարևորելով երկու երկրների միջև էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ համագործակցությունը։
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը մշտապես կարևորել են գործարարների միջև համագործակցության խթանումը։
«Նիստի շրջանակներում տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Տնտեսական այս կարևոր միջոցառումը հարթակ կդառնա հայ- իրանական գործարար կապերի խթանման համար»,-հավելեց նա։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը կայացել էր Թեհրանում 2019 թվականին, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
armenpress.am
Գուտերիշը կարծում Է, որ Ուկրաինայում զինադադարն առայժմ հնարավոր չԷ
Ուկրաինայում հաշտության կամ համընդհանուր զինադադարի կնքման համար հնարավորություն այս պահին չկա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Այս պահին Ուկրաինայում հաշտության կամ համընդհանուր զինադադարի կնքման համար հնարավորություն չկա»,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Այն հարցին, թե իրեն հաջողվել Է արդյոք հասկանալ Ռուսաստանի նպատակներն ապրիլի 26-ին Մոսկվայում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքներով, Գուտերիշը պատասխանել Է. «Ես բյուրեղապակե գունդ չունեմ, որպեսզի ասեմ, թե դրանք ինչ նպատակներ են»: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ Է կենտրոնանալ Ուկրաինայում մարդասիրական օգնությության, մարտական գործողությունների գոտիներից խաղաղ բնակիչների տարհանման վրա:
Գուտերիշը նաեւ արծարծել Է պարենային անվտանգության թեման: «Ռուսաստանի եւ Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքը պետք Է վերադառնա աշխարհի շուկաներ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Փաշինյան․ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ՀՀ դեմ և փորձում է դրա ըմբռնում ձևավորել ՌԴ-ում և Արևմուտքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտ Քլինգենդայլ ինստիտուտում, «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում պատասխանելով ներկաներից մեկի հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է: Նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրոռուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում: Երբեմն ասում են, որ Հայաստանում Արևմուտքի կողմից գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ դրա նպատակն է ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ըմբռնում ձևավորել թե՛ Արևմուտքում, թե Ռուսաստանում: Նրա խոսքով՝ չեն կարող ասել, որ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ չկան:
«Օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ կան, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ և ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Մյուս կողմից Հայաստանի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետև Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,- մանրամասնել է Փաշինյանը: Անդրադառնալով հարցում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը փորձում է բազմակողմ քաղաքականություն իրականացնել՝ վարչապետն ընդգծել է, որ դրան կարող է ավելացնել, որ Հայաստանի դեմ էլ են փորձում բազմակողմ քաղաքականություն իրականացնել:
«Եվ մենք ոչ միայն պիտի իրականացնենք բազմակող քաղաքականություն, այլ պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս մեր դեմ տարվող բազմակողմ քաղաքականության հետևանքով»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, իսկ կառավարության շարժառիթը Հայաստանի ազգային շահերն են: Նա շեշտել է, որ կարևորում են բոլոր հարաբերությունները, սակայն շատ կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չլինեն:
«Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են, սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»,- եզրափակել է Փաշինյանը:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
panarmenian.net
Պեսկով․ ՌԴ-ն մտադիր չէ ռազմական դրություն հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն մտադիր չէ ռազմական դրություն հայտարարել երկրի տարածքում կամ առանձին շրջաններում ՝ «Ուկրաինայի հետ իրավիճակի ֆոնին»։
«Ոչ, այդպիսի պլաններ չկան»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այդ մասին հարցին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, թե Պուտինն, իր նպատակներին հասնելու համար կարող է ռազմական դրություն հայտարարել՝ արդյունաբերությունը բերելով համապատասխան վիճակի։
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
panarmenian.net
Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները կխնդրեն Պուտինին ընդգրկել այն ՌԴ կազմում
Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները կդիմեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ընդգրկել շրջանը ՌԴ կազմում։ Այդ մասին հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը։
Նա հավելել է, որ մինչև տարեվերջ շրջանն ամբողջությամբ կանցնի ռուսական օրենսդրության, գրում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, մինչև մայիսի վերջը շրջանում ռուբլու շրջանառությամբ բանկ կսկսի գործել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին, մեկնաբանելով Ստրեմոուսովի խոսքերը, ասել է, որ Խերսոնի շրջանի ՌԴ կազմ մտնել-չմտնելու հարցը պետք է նրա բնակիչները որոշեն։
«Նման դիմումի լինել-չլինելը պետք է շրջանի բնակիչները որոշեն՝ սա առաջինը։ Եվ իրենց ճակատագիրը ևս պետք է Խերսոնի շրջանի բնակիչները որոշեն։ Անշուշտ, այդ հարցը պետք է հստակ և մանրակրկիտ կերպով հստակեցվի և գնահատվի իրավաբանների և իրավագետների կողմից, քանի որ, նման ճակատագրական որոշումները պետք է բացարձակ հստակ իրավաբանական հիմք ունենան, լինեն միանգամայն լեգիտիմ, ինչպես Ղրիմի պարագայում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ զինծառայողները վերահսկողություն են հաստատել Խերսոնի շրջանում և Զապարոժյեի շրջանի մի մասը՝ այդպիսով ամբողջությամբ կտրելով Ուկրաինան Ազովի ծովից և կապ ստեղծելով վերոնշյալ շրջանների և Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ։