Մամուլի տեսություն 13.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171944-Մամուլի_տեսություն_13.05.2022
Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ ներկայացնել նոր ապացույցներ՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական-կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 13, 2022 14:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.05.2022

Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ ներկայացնել նոր ապացույցներ՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական-կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ:

Էթելաաթ օրաթերթ

ՄԱԿ-ը բարձր է գնահատում Եմենի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու Իրանի ջանքերը

Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն  Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդականի հետ տեսալկապով կայացած հանդիպման ժամանակ,  շնորհակալություն է հայտնել  Եմենի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու հարցում Իրանին ցուցաբերած օգնության համար։

Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Իրանի  միջազգային խորհրդակցությունների շրջանակում, Ալի Ասղար Խաջին, տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Եմենի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  Հանս Գրունդբերգի հետ։

Հանդիպմանը Խաջին աջակցել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի երկամսյա հրադադար հաստատելու ջանքերին՝ դրանք համարելով աննախադեպ հնարավորություն՝ հրադադար հաստատելու և Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման համար։

 

Ջավան օրաթերթ

ՌԴ-ն նոր ապացուցյներ ունի՝ Ուկրաինայում ԱՄն-ի կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ

Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ  ներկայացնել նոր ապացույցներ՝ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական-կենսաբանական լաբորատորիաների   գործունեության վերաբերյալ:

Ռուս դիվանագետն ասել է. «Մենք կոչ ենք արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բաց նիստ հրավիրել, որի ընթացքում կներկայացնենք ուկրաինական կենսաբանական լաբորատորիաներում ԱՄՆ ռազմական կենսաբանական ծրագրերի մասին նոր ապացույցներ»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ֆրանկֆուրտում ձերբակալել են Էնրիկե Մորային

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանից վերադառնալու ճանապարգհին, Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Էնրիկե Մորային:

Էնրիկե Մորան իր Twitter անձնական էջում գրել է.«Թեհրանից Բրոյւսել վերադառնալիս, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Գերմանիայի ոստիկանությունն առանց որևէ պարզաբվանման կալանավորել է ինձ:  ԵՄ պաշտոնյան պաշտոնական առաքելության դիվանագետի, որն ունի իսպանական դիվանագիտական ​​անձնագիր: Անձնագիրս ու հեռախոսս առգրավել են»:

 

Իրան օրաթերթ

Բրիտանացիներին մտահոգում է աննախադեպ գնաճը

Մեծ Բրիտանիայի Shobrook վարկային հաստատության ուսումնասիրության համաձայն՝ քաղաքացիների  20%-ը տառապում է անքնությունից՝ աննախադեպ գնաճի հետևանքով առաջացած  սթրեսի պատճառով։

Բարեգործական կազմակերպությունները նախազգուշացրել են հաջորդ տարի երկրում աղքատության աճի մասին:

Ըստ աս ուսումնասիրությունների՝ Մեծ Բրիտանիայում 10 քաղաքացուց մոտավորապես 9-ը (86%) մտահոգված է առօրյա ծախսերի  աճի պատճառով:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կառավարությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և մեր երկիրը պատրաստ է զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՌԴ-ն նաև սպորտի բնագավառում է համարվում գերտերություն, ուստի, այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ունի կարևոր նշանակություն:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև սպորտի մասսայականացման կարևորությունը, և այդ նպատակով մեր երկրում անցկացվում են ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարեր տարբեր մարզաձևերում:

Օլեգ Մատիցինը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

armenpress.am

Լիբանանի խորհրդարանական ընտրություններին հայկական քաղաքական ուժերը ևս առաջադրել են իրենց թեկնածուներին

Լիբանանում մայիսի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին տեղի հայկական քաղաքական կուսակցությունները ևս մասնակցում են՝ իրենց թեկնածուներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Դաշնակցությունը ներկայացրել է 5 թեկնածու, Հնչակյան կուսակցությունը՝ 1 թեկնածու: Հայկական քաղաքական կուսակցություններից զատ  կան նաև հայեր, որոնք անհատապես մասնակցում են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով: Կարծում եմ, որ ընտրության լայն հնարավորություն կա»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Շահան Գանտահարյանը նկատեց, որ բարդ, խճճված մոտեցում է, ինչը ժողովրդավարական առումով այդքան էլ ճիշտ չի ապահովում ժողովրդի ներկայությունը:

«Ընտրություններն անցկացվում են երկրի համար ծանր ֆինանսական, տնտեսական վիճակում: Սկզբնական շրջանում սպասումներն այնպիսին էին, որ քաղաքացիների մասնակցության տոկոսը բարձր չի լինելու: Թեպետ, ընտրական պայքարի թեժացմանը զուգահեռ նկատում ենք հասարակության շրջանում հետաքրքրության աճ: Կան դիտարկումներ, որ հնարավոր է, ամեն դեպքում, ակտիվ մասնակցություն լինի»,-ասաց Շահան Գանտահարյանը:

2022-ի մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրությունները սկսվում են տեղական ժամը 7:00-ին և ավարտվում է երեկոյան 19:00-ին:

 

armenpress.am

Սահակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա

Վրաստանում դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում Է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «Մտավարի արխի» հեռուստաալիքը: Կլինիկայի շենքի մոտ ուժեղացվել են պահպանության միջոցները, մուտքի տարածքը շրջագծել են ոստիկանական ժապավենով: Սահակաշվիլիի մերձավորները, զինակիցներն ու կողմնակիցները դեռ երեկ երեկոյան Էին սպասում նրա տեղափոխմանը, բայց, ինչպես պարզվեց, նրանք զուր են երկար ժամեր անցկացրել կլինիկայի մոտ՝ սպասելով նախկին նախագահին:

Երեկվանից բուժկենտրոնում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Սահակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին հայտարարել Է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: Սահակաշվիլին համաձայնել Է, բայց ընտանիքի անդամների, «Էմպատիա» կենտրոնից բժիշկների, պատգամավորների եւ փաստաբանների այցերն ապահովելու, ինչպես նաեւ իր հետ մոր մշտապես գտնվելու պայմանով: Նախքան տեղափոխելը նախկին նախագահի մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ կապվել Է «Վիվամեդի»-ի ղեկավարությունը եւ հանդիպում նշանակել: Ժամանելով վայր՝ Ալասանիան ոչ մեծ մեկնաբանություններ Է արել ԶԼՄ-ների համար:

Նրա խոսքով՝ կլինիկան լավն Է, բայց օրակարգում, այնուամենայնիվ, ծառացած Է Սահակաշվիլիին արտասահմանում բուժվելու հնարավորության  հարցը: Փաստաբանները, ընտանիքի անդամները եւ Սահակաշվիլին ինքը միաձայն հայտարարել են, որ իրեն հարկ եղած ձեւով չեն բուժում պատժիչ հաստատությունում, եւ որ նա գտնվում Է կյանքի ու մահվան շեմին, ուստի անհրաժեշտ Է, որպեսզի նախկին նախագահը բուժումն ստանա արտասահմանում, հաղորդել Է Sputnik-ը:

 

panarmenian.net

Միրզոյանը Դուշանբեում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ

 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստում, ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ և այս առումով կարևորել խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել մայիսի 12-ին տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ այն քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններին: Քննարկվել են կազմակերպության գործունեության հետագա ուղղությունները։

ԱՊՀ ԱԳ նախարարները դիտարկել են ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2021թ. ծրագրի մասին զեկույցը, անդրադարձ կատարել մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների վերաբերյալ գիտական նախագծերի ցանկին։

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։

 

panarmenian.net

ՊԵԿ․ Ցանկացած թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումը մաքսանենգություն է

 Ցանկացած թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումը համարվում է մաքսանենգություն, իսկ տվյալ դեղորայքը՝ հանցագործության առարկա, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնների համաձայն (ՀՀ կառավարության 18.03.2010թ. N 270-Ն որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետ), սահմանը հատող անձը պարտավոր է մաքսային անցակետում լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիր՝ իր մոտ առկա, բժշկի կողմից նշանակված թմրամիջոցի քանակի և ձեռքբերման օրինականության վերաբերյալ։ Քաղաքացին տվյալ տեսակի դեղամիջոցները մաքսային սահմանով տեղափոխելու օրինական իրավունք է ձեռք բերում բժշկական փաստաթղթի հիման վրա՝ լրացնելով ուղևորային մաքսային հայտարարագիր։

Մնացած բոլոր դեպքերում կամ ծանրոցներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների առաքման դեպքերը, ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պարունակում են հանցագործության հատկանիշներ։

Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ չպարունակող բոլոր այլ տեսակի դեղամիջոցների, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղափոխումը չի որակվում որպես մաքսանենգություն և տվյալ դեղորայքը հանցագործության առարկա չէ:

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ. 707-Ն որոշմամբ:

 

panarmenian.net

Բայրամով․ Ադրբեջանը պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման մեկնարկին

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։

«Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին»,- հայտարարել է Բայրամովը Դուշանբեում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բայրամովը նշել է, որ քայլեր են ձեռնարկվել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, այդ թվում որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը։

Բայրամովը նաև հավելել է, թե «հակամարտությունը մնացել է անցյալում, ներկայումս գլխավոր խնդիրն ազատագրված տարածքների վերածնունդն է, տնտեսական ու հաղորդակցական կապերի վերականգնումը, երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովումը»։

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։

Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը: