Մամուլի տեսություն 17.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172284-Մամուլի_տեսություն_17.05.2022
Երևանում շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 17, 2022 13:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.05.2022

Երևանում շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը:

Էթելաաթ օարթերթ

Ընդդիմությունը Երևանում բողոքի ավտոերթեր է անցկացնում

Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքող ընդդիմությունը Երևանում ավտոերթեր է անցկացնում:

Ոստիկանությունը բերման է ենթարկել մեծ թվով ցուցարարների և առգրավել նրանց մեքենաները:

 

Իրան օրաթերթ

Սննդի անապահովությունն այս պահին աշխարհում ավելի լուրջ է, քան էներգետիկ ապահովության խնդիրը

Financial Times-ը  գրում է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո երկրները մեծ ժամանակ և ռեսուրսներ են ծախսել էներգիայի ծախսերը նվազեցնելու ուղղությամբ, սակայն այս պահին սննդի ապահովության խնդիրն ավելի լուրջ է:

Պարենի համաշխարհային դեֆիցիտի հետևանքով պարենային ապրանքների գներն աննախադեպ աճել են, ինչը քաղաքական ու տնտեսական լուրջ հետևանքներ է ունենալու զարգացող երկրների համար, սպառնալով սովով և պարտքերի ավելացմամբ:

Ռուսաստանը և  Ուկրաինան մատակարարում են համաշխարհային պարենի մեկ տասներորդ մասը։ Երկու երկրներն արտադրում են աշխարհում սպառվող  ցորենի   30%-ը և  արևածաղկի ձեթի 60%-ը: Առնվազն 26 երկիր հացահատիկի կարիքների կեսից ավելին գնում է  Ռուսաստանից կամ Ուկրաինայից:

 

Քեյհան օրաթերթ

Թուրքիայում բողոքի ցուցյեր են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ

Թուրթքիայի Ինջերլիք ավիաբազայի դիմաց հավաքված քաղաքացիները բողոքել են այդ երկրում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայության դեմ:

Կիրակի օրը, Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են  Ինջերլիք ավիաբազայի մոտ՝ բողոքելու երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության դեմ։ Ցուցարարների հավաքվելուց հետո, ավիաբազայում խստացվել են անվտանգության միջոցառումները։

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նամակում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության մեջ Ձեր հարուստ փորձը կշարունակի ծառայել Ղազախստանի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացման ու միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման շահերին։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմների և բազմակողմ կառույցների շրջանակներում։

Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

 

armenpress.am

Գերմանիան շարունակում Է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Բերբոք

Գերմանիայի նպատակը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը:

«Մեր նպատակը եղել եւ մնում Է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ դեմոկրատական ինքնատիպության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաեւ միջազգային կարգի պաշտպանությունը, որպեսզի մարդիկ Ուկրաինայում, ինչպես նաեւ Եվրոպայում, կրկին կարողանան ապրել խաղաղության, ազատության եւ անվտանգության պայմաններում»,-ասել Է նախարարը: Նա հավելել Է, որ աջակցությունն Ուկրաինային, նախարարի խոսքով, նշանակում Է, որ երկրի քաղաքացիներն «իրենք պետք Է որոշում ընդունեն իրենց ապագայի մասին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժվել է. Դատախազության պարզաբանումը

 ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակմանը, թե դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դատախազության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.

«Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք է տալիս:

Գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի:

Մասնավորապես, միջնորդության մեջ նշված հանգամանքների ստուգման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու ցուցում տալու մասով այն բավարարվել է, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով՝ մերժվել այն հիմնավորմամբ, որ միջնորդության մեջ նշված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին փաստական տվյալները, լինելով միջնորդության հեղինակների վերլուծություններն ու հետևությունները, հիմնված են այնպիսի հանգամանքների վրա, որոնք դեռևս ենթակա են քրեական գործով ստուգման։

Եվ հենց քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ գործողությունների կատարումն ապահովելու ուղղությամբ էլ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում արդեն իսկ ձեռնարկվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»:

 

panarmenian.net

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան դիտարկում է ՀՀ-ում ընթացող գործընթացները որպես երկրի ներքին գործ

 ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի II Կենտրոնասիական կոնֆերանսի ընթացքում, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, ասել է, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը դիտարկում է որպես երկրի ներքին գործ։

«Դա Հայաստանի ներքին գործն է․ այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունենում և ինչով հանդես է գալիս ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք այդ մասին և չենք միջամտում այդ գործընթացներին»,-ասել է փոխնախարարը՝ անդրադառնալով սահմանազատման շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին ու բողոքի շարժմանը Հայաստանում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հանդիպումը նախատեսված է մայիսի 16-17-ին Մոսկվայում։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 

panarmenian.net

Չավուշօղլու-Բլինքեն սպասվող հանդիպմանը կարող է անդրադարձ լինել հայ-թուրքական գործընթացին

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով Նյու-Յորք է մեկնել և այնտեղ կլինի մինչև մայիսի 19-ը, առանձին հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է օրակարգ բերվի հայ-թուրքական գործընթացը, գրում է Ermenihaber-ը` Turkiyegazetesi-ին հղումով։

Այցի շրջանակում Չավուշօղլուն նաև մասնակցելու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ կայանալիք պարենային անվտանգության հարցերով համաժողովին:

Նշվում է` Վաշինգտոնը հայատարարել է, որ իրենք աջակցել են Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: Վաշինգտոնը թուրքական կողմին տեղեկացրել է, որ իրենք ողջունում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Նյու-Յորքում կհանդիպի նաև թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» էր անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը, որը թվվով 3-ն է, տեղի է ունեցել մայիսի 3-ին` Վիեննայում։

 

panarmenian.net

ԱՄՆ-ն $40 մլրդ օգնություն կուղղի Ուկրաինային․ Սենատը հավանություն է տվել

 ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։ Կողմ է քվեարկել է 81 սենատոր, դեմ՝ 11-ը, գրում է Deutsche Welle-ն։

Նրանք կողմ են քվեարկել օրինագծի ընդունման վերաբերյալ առաջարկի շուրջ դեբատները դադարեցնելու առաջարկությանը։

Օրինագծի վերաբերյալ վերջնական քվեարկությունը կայանալու է շաբաթվա վերջին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինայում պատերազմի դադարեցման նշաններ չի տեսնում։

«Ցավոք, դեռևս տեսանելի չէ, որ աճած լինի այն ընկալումը, թե որքան հնարավոր է արագ պետք է վերջ տալ սրան»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։