Մամուլի տեսություն 04.06.2022
Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին մշտապես հատուկ ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ին որպես մարդկության թիվ մեկ թշնամու վերաբերվելու խնդրին։
«Ջամե Ջամ»
ԱՄՆ-ի մասին Իսլամական Հանրապետության հիմնադրի քաղաքական մտքի վերընթերցումը
ԻԻՀ-ի հիմնադիր Իմամ Խոմեյնին իր առանցքային հայտարարություններում մշտապես հատուկ ուշադրություն է դարձրել ԱՄՆ-ին որպես մարդկության թիվ մեկ թշնամի վերաբերվելու խնդրին։
Իմամ Խոմեյնիի քաղաքական մտքին հպանցիկ հայացք նետելը ցույց է տալիս, որ նա ԱՄՆ-ին տեսնում էր մարդկության թիվ մեկ թշնամին՝ ընդգծելով Վաշինգտոնին ճիշտ նույն մոտեցմամբ վերաբերվելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ Իմամը իր առանցքային հայտարարություններից մեկում բացահայտորեն ասել է. «ԱՄՆ-ն մարդկության և մեր թիվ մեկ թշնամին է»:
Համաշխարհային բոլոր հեղափոխությունները մահանում են իրենց առաջնորդի մահով, բացառությամբ Իրանի իսլամական հեղափոխության, որն իր հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից հետո էլ նրա փայլը, ուժն ու ազդեցությունը շարունակ աճում է:
«Էթեմադ»
Երրորդ աշխարհամարտն սկսվել է
Ռուս փորձագետ Օլգա Սկաբիևան հայտարարեց, որ երրորդ համաշխարհային պատերազմն սկսվել է։
Ռուսաստանը կզբաղվի ՆԱՏՕ-ի «ապառազմականացման» գործով, հիմա ժամանակն է խոստովանել, որ միգուցե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն ավարտվել է այն իմաստով, որ սկսվել է իսկական պատերազմ և երրորդ համաշխարհային պատերազմ։ Մենք ստիպված ենք ապառազմականացնել ոչ միայն Ուկրաինան, այլեւ ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքը։
Ուկրաինական պատերազմի արդյունքում ամբողջությամբ դադարեցվել է Ռուսաստանից և Բելառուսից Լեհաստանի փայտի ներմուծումները, իսկ Ուկրաինայից փայտի ներմուծումը կրճատվել է մոտ 75 տոկոսով։
Լեհ պաշտոնյաները Լեհաստանի քաղաքացիներին ասել են, որ էներգիայի թանկացման պատճառով կարող են անտառային վառելափայտ օգտագործել իրենց տները տաքացնելու համար:
«Իրան»
Իրանի արտահանումները 37 տոկոսով աճել են/ Արտահանումները 400 մլն. դոլարով գերազանցում են ներմուծումներին
Անցյալ տարի Իրանի արտաքին առևտրի ռեկորդային ցուցանիշից հետո, որը տեղի է ունեցել թռիչքի պատճառով, այս տարվա երկամսյա առևտրի իրանական մաքսային վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս արտաքին առևտրի և ոչ նավթային արտահանման զգալի աճ: Այս տարվա առաջին երկու ամիսներին առևտրային հաշվեկշիռը, ինչպես տարվա առաջին ամիսը, պահպանվել է դրական՝ արտահանումները գերազանցելով երկրի ներմուծումներին։ Մաքսատան ներկայացուցչի խոսքով՝ երկրի երկամսյա արտաքին առևտուրն աճել է 31 տոկոսով հասել է 16 միլիարդ 631 միլիոն դոլարի։
Իրանի արտահանման առաջին հինգ ուղղություններն են՝ Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրաքը, Թուրքիան և Հնդկաստանը, իսկ ներմուծման առաջատար երկրները՝ ԱՄԷ-ն, Չինաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Ռուսաստանը:
«Համշահրի»
Պուտին. Պարենի և վառելիքի պակասի հարցով Արևմուտքն է պատասխանատու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Արևմուտքին սննդի և էներգիայի պակասի համար՝ վստահեցնելով, որ իր երկիրը «կերաշխավորի» արտահանման անվտանգ անցումը Ուկրաինայում ՌԴ-ի կողմից վերահսկվող նավահանգիստներով Ուկրաինայի կողմից տեղադրված ականները մարելուց հետո:
Հեռուստատեսային հարցազրույցում Պուտինն ասել է.«Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրներ չկան»:
ՌԴ նախագահը վստահեցրել է, որ իր զինված ուժերը ծովից ոչ մի հարձակում չեն ձեռնարկի Ուկրաինայի վրա, մինչդեռ երկիրը շուտով կազատվի ականներից։
armenpress.am
Երևանում շահագործման հանձնվեց Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը
Երևանում շահագործման հանձնվեց Հրազդան գետի վրա կառուցված արդեն 5-րդ կամուրջը, որն ավտոճանապարհային ուղիղ կապ է հաստատում Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև՝ էապես նպաստելով մայրաքաղաքի երթևեկության թեթևացմանը: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ լինելով Հյուսիս-հարավ ավտոճանապարհային ծրագրի բաղադրիչներից մեկը՝ նորակառույց Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը նաև միջմարզային և միջպետական կարևոր նշանակություն ունի:
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
Նոր ճանապարհի բացման արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ նորակառույց Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ մայրուղու՝ Երևանի տարածքով անցնող միջանկյալ հատվածն է, որը Աշտարակ–Բաբաջանյան հատվածի շինարարության ավարտից հետո հնարավորություն է տալու շատ կարճ ժամանակում Արագածոտնի մարզից հասնել Արարատի մարզ՝ շրջանցելով Երևանի կենտրոնը:
Քաղաքապետը ճանապարհահատվածի շինարարությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորեց բոլորին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ Ասիական զարգացման բանկին, շինարարական կազմակերպությանը՝ «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» ընկերությանը, «Aegis International» ընկերությանը, որը նախագծման և վերահսկման աշխատանքներն է իրականացրել, ինչպես նաև վրացական գործընկերներին և հայկական շինարարական կազմակերպությանը, որոնք իրականացրել են անմիջական աշխատանքները:
Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք:
Կամրջի փորձարկման համար առաջինը դրա վրայով անցան բեռնատար ավտոմեքենաները, այնուհետև իր շարասյունով անցավ վարչապետը:
Երևանի քաղաքապետարանը և իսպանական «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն»-ը Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման մասին պայմանագիրը կնքել են 2019 թ. հուլիսի 16-ին: Ընդհանուր արժողությունը 26 մլն ԱՄՆ դոլար է: Ճանապարհի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2019-ի սեպտեմբերի 6-ին:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև՝ կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:
Ճանապարհի ամբողջ երկարությունը կազմում է 2.7 կմ, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց: Շիրակ փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:
Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի իրականացման շրջանակներում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265 մլն ՀՀ դրամ:
armenpress.am
Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպմանը կողմերը հստակեցրել են մոտեցումները սահմանային և այլ հսկողության հարցերի շուրջ
Մոսկվայում հունիսի 3-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Կողմերը քննարկել և hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ։
Կողմերը կշարունակեն աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։
aravot.am
Այս պահի դրությամբ ձերբակալվել է 13 անձ. ՔԿ-ն Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ. կատարվում են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ տվյալ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով: Այդ կոչերից անմիջապես հետո, ժամը 20:30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել են հասարակական անվտանգությունը: Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունների արդյունքում ոստիկանության` չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից մի մասն այս պահին ստանում է ստացիոնար բուժում:
panorama.am
Բեգլարյան. Հերթական օրինակը, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից
«Ադրբեջանը արգելափակել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հասանելիությունը՝ ինձ հետ հարցազրույց հրապարակելու համար: Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից»,- Թելեգրամում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։Նա նշել է, որ այդ հարցազրույցում ներկայացրել է ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի դեմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները, Արցախի ներկային ու ապագային առնչվող իրողություններն ու մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու պրոպագանդիստական ձևակերպումների:«Ի դեպ, ադրբեջանական մամուլը լի է իմ դեմ անձնական հաշվեհարդարի և հակառուսական կոչերով հրապարակումներով»,- գրել է Բեգլարյանը:
panarmenian.net
Հայկական ֆուտբոլի լեգենդները կմասնակցեն ՀՀ և Վրաստանի հավաքականների խաղին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի առթիվ հայկական ֆուտբոլի երկրպագուներն ականատեսը կդառնան հայկական ֆուտբոլի լեգենդների խաղին։
Հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Սարկիսովը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Վահագն Մինասյանը, Լևոն Պաչաջյանը։ Թիմի խաղացող մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին։
Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան անցյալի հայտնի ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գեորգի Դեմետրաձեն, Օտար Մարցվալաձեն, այլք: Թիմի մարզիչն է Դավիթ Մուջիրին, մարզչի օգնականը՝ Միխայիլ Կավելաշվիլին:
Հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր։
Տոմսերի վաճառքը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի բարեգործության։