Մեկնաբանություն- Ուկրաինայի պատերազմի հետևանքների ազդեցությունը՝ Կովկասում տարածաշրջանային համագործակցության վրա
Ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցիկ ներկայության ու մասնակցության բացակայությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ցանկացած ծրագրում, կհանգեցնի այդ ծրագրի տապալմանը։
Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Վալի Քալեջին Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության վրա Ուկրաինայի պատերազմի ազդեցության կապակցությամբ գրել է.«Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավկովկասյան տարածաշրջանը չի կարողացել հասնել տարածաշրջանային համագործակցության կամ տարածաշրջանային կազմակերպման մոդելի: «Խաղաղատենչ Կովկասի նախաձեռնությունը» (Էդուարդ Շևարդնաձե), «Կովկասի կայունության դաշինքը» (Սուլեյման Դեմիրել), «Կովկասում կայունության և համագործակցության հարթակը» (Ռեջեբ Թայիբ Էրդողան) և «Միատարր Կովկասը» (Միխայիլ Սահակաշվիլի) այն ծրագրերն ու նախաձեռնություններն են, որոնք ներկայացվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում, սակայն Կովկասյան տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով, գործնական արդյունքի չեն հասել»։
Նա հավելել է. «2020 թվականի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո, Իրանի կողմից ներկայացված «3+3 համագործակցության մոդելը» և Թուրքիայի կողմից առաջարկված «Վեցակողմ տարածաշրջանային համագործակցության պլատֆորմը» նախատեսված էին Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցության համար: Թվում է ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության, հատկապես՝ «3 + 3 համագործակցության մոդելի» համար նոր մարտահրավերներ են առաջացել:
Առաջին մարտահրավեր՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների սրումը պայմանավորված է երկու հարցով՝ Վրաստանի լիակատար և ակնհայտ աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմում, ինչը Թբիլիսիին փաստացի կանգնեցրել է Արևմտյան երկրների կողքին:
Երկրորդ մարտահրավերը Ռուսաստանի ռազմական կենտրոնացումն է Ուկրաինայի դեմ պատերազմի վրա, ինչը թույլ չի տալիս այդ երկրին հանդես գալ որպես երեք վիճելի շրջանների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի երաշխավոր և կենտրոնանալ այդ խնդրի վրա:
Երրորդ մարտահրավերը ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի տնտեսությանը և «փափուկ ուժին» հասցված վնասն է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցիկ ներկայության ու մասնակցության բացակայությունը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ցանկացած ծրագրում կհանգեցնի այդ ծրագրի տապալմանը։ Եթե 3 + 3 ձևաչափի ձևավորումը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո «Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռության» ձևավորման արդյունքը համարենք, ապա ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի թուլացումը կմեծացնի Թուրքիայի դիրքն ու ազդեցությունը Հարավկովկասյան տարածաշրջանում: «Միջին միջանցքի» ամրապնդումը (Չինաստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա) և որպես ռուսական գազի այլընտրանք՝ դեպի Եվրոպա գազի արտահանման հարցում Ադրբեջանի Հանրապետության դիրքի բարձրացումը նաև ամրապնդել է Ադրբեջան-Թուրքիա առանցքը Կովկասում և ուկրաինական պատերազմից հետո նոր մրցակցություն է ստեղծել Ռուսաստանի Դաշնության և երկու երկրների միջև տրանզիտի և էներգիայի ոլորտներում, ինչը կարող է Կովկասում թուլացնել տարածաշրջանային համագործակցությունը, հատկապես 3+3 ձևաչափում»:
Չորրորդ մարտահրավերը Հայաստանում քաղաքական բողոքի ակցիաների տարածումն է և երկրի անորոշ քաղաքական ապագան։ Չնայած վերջին երկու տարիներին ընդդիմադիր կուսակցությունների ու հոսանքների բողոքի ակցիաները միշտ եղել են ու շարունակվում են, սակայն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը սաստկացրել է բողոքի ցույցերը Հայաստանի ներսում, Լեռնային Ղարաբաղում և հայկական սփյուռքում։ Հայկական ընդդիմադիր կուսակցությունների և հոսանքների տեսանկյունից ուկրաինական պատերազմը հնարավորություն է տվել Ադրբեջանի Հանրապետությանը մեծացնել ճնշումը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա, որի վառ ապացույցն են՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի գազի անջատումը և այս տարածքի շուրջ ռազմական բախումները:
Որպես Զանգեզուրի միջանցքի այլընտրանք՝ Իրանի տարածքով Զանգելանի և Նախիջևանի շրջանների միջև երկու ցամաքային և երկաթուղային երթուղիների կառուցման մասին Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունը՝ ցույց է տալիս, որ Բաքուն խորապես մտահոգված է Հայաստանի քաղաքական զարգացումներով և Փաշինյանի իշխանության անկման եւ ընդդիմության իշխանության գալու դեպքում տարածաշրջանային համագործակցությունների ապագայով: