Մամուլի տեսություն 15.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174708-Մամուլի_տեսություն_15.06.2022
Ատլանտյան խորհրդի ամերիկյան խորհուրդը հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմավարությունը ձախողվել է։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 15, 2022 05:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15.06.2022

Ատլանտյան խորհրդի ամերիկյան խորհուրդը հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմավարությունը ձախողվել է։

Քեյհան օրաթերթ

Հաքերները խափանել են Իսրայելի օդանավակայանների կազմակերպության և վարչապետի մամուլի գրասենյակի կայքերի աշխատանքը:

Երեքշաբթի օրը, երբ Իսրայելի վարչապետի օգնական և Նաֆթալի Բենեթի կաբինետի անդամը հայտարարեց իշխող ուժի կոալիցիայից հեռանալու մասին, Թել Ավիվում հաքերային հարձակման ենթարկվեցին մի շարք կազմակերպությունների կայքերը:

Ռեժիմի ներսում առկա տարաձայնությունները Բենեթի կաբինետը հասցրել են փլուզման եզրին:

Լոնդոնում լուսյ տեսղնող Times թերթը  երկուշաբթի օրը գրել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Բենեթի կաբինետը կարող է փլուզվել:

Մյուս կողմից, բացի տարաձայնությունների հետևանքով առաջացած  ճգնաժամից, Սիոնիստական ​​ռեժիմի հիմնական և շատ կարևոր ենթակառուցվածքն  ապահովագրված չէ կիբերհարձակումներից:

 

Համշահրի օրաթերթ

Ռուսատսանի նավթային եկամուիտները՝ վերջին 100 օրերի ընթացքում

Կանխատեսվում էր, որ ռուս-ուկրաինական  պատերազմի հետևանքով ԱՄՆ-ի ու եվրոպական խոշոր երկրների կողմից Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները պետք է մեծ վնաս հասցնեին այդ երկրի տնտեսությանը, սակայն կարծես թե այդպես չեղավ:

Մեծ թվով երկրներ դադարեցրել են նավթի ու գազի ներկրումը Ռուսաստանից: Սակայն  էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների ֆիննական կենտրոնի (CREA) ուսումնասիրության համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը շարունակում է մնալ հանածո վառելիքի ամենամեծ արտահանողը՝ 98 միլիարդ դոլար ընդհանուր եկամուտով: Եվրամիությունը շարունակում է մնալ Ռուսաստանի նավթի և գազի խոշորագույն ներկրողը։

 

Էթելաաթ օրաթերթ

Ատլանտյան խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելի հակաիրանական ռազմավարությունը ձախոխղվել է

Ատլանտյան  խորհուրդը մի զեկույցում անդրադարձել է Իսրայելի հակաիրանական «հազարավոր վերքերով մահ» ռազմավարության ձախողմանը:

Զեկույցում ասված է. «Ի տարբերություն նախորդ կաբինետի, Իսրայելի գործող կաբինետը վերջին շաբաթներին ուժեղացրել է Իրանի դեմ ուղղված գործողությունները: Նախորդ կաբինետը կենտրոնացած էր հիմնականում Իրանի միջուկային ծրագրին խոչընդոտելու և միջուկային գիտնականների սպանության վրա: Այս ռազմավարությունը գործող կաբինետում ավելի է զարգացել և թիրախում հայտնվել են Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծրագրում ներգրավված գիտնականներն ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման անդամները:

Ատլանտյան խորհուրդը հավելել է. «Չնայած Իսրայելը շարունակում է հպարտանալ մարտավարական հաջողություններով,  ռազմավարական առումով չի հասել իր նպատակին, որն է՝ թույլ չտալ Իրանին զարգացած միջուկային ծրագիր ունենալ»:

 

Իրան օրաթերթ

Կայացել է համաձայնություն՝ Թեհրան-Աշխաբադ համատեղ առևտրի կենտրոն բացելու վերաբերյալ

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ Թուրքմենստանի փոխվարչապետի հանդիպման ժամանակ, համաձայնություն է կայացել  ձևավորել  աշխատանքային խումբ՝ համագործակցության մեկ տարվա ճանապարհային քարտեզ կազմելու և Թեհրան-Աշխաբադ առևտրի կենտրոն հիմնելու համար:

 

armenpress.am

Թուրքիան սպառնում է մեկ տարով հետաձգել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

  Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջիկա տարում արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, եթե չտեսնի, որ նրանք կատարում են իր պահանջները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով The Guardian-ին։

«Սա կենսական ազգային շահի հարց է, և մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեկ տարով հետաձգել նրանց անդամակցությունը։ Թուրքիան ՆԱՏՕ-ում  երկրորդ խոշորագույն բանակն ունի և անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինային պաշտպանվելու համար: Մենք ավելի մեծ հարգանքի ենք արժանի»,- ասել է Քըլըչը։

Նրա խոսքով՝ միակ բանին, ինչին Անկարան ցանկանում է հասնել, քրդական մի շարք կազմակերպությունների ահաբեկչական ճանաչելն է։

 

armenpress.am

Արարատ Միրզոյանն ու Բուլղարիայի նախագահը կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը

  Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, շնորհավորելով միմյանց Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ կողմերը նշել են, որ երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա: 

Արարատ Միրզոյանը և Ռումեն Ռադևն անդրադարձել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։ 

Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխայցելությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կարևորվել է նաև Բուլղարիայի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար կապող կարևոր կամրջի։

Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով»  տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: 

Նախարար Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:  

Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը, և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող  հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: 

Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:

 

 

armenpress.am

Հայ-կատարական հարաբերութունները ամուր և աճող են. կատարական օրաթերթերն անդրադարձել են վարչապետի այցին

 Կատարական երկու «al-watan» և «al-sharq» օրաթերթերը տեսակետ բաժիններում հոդվածներ են հրապարակել համապատասխանաբար «Աճող հարաբերություններ» և «Կատար և Հայաստան․․․ Գործընկերություն հանուն խաղաղության» վերնագրերով, որոնք վերաբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կատար կատարած պաշտոնական այցին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածների բովանդակությունը նմանատիպ է. դրանցում ամփոփված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դոհա կատարած այցը և մի շարք հանդիպումները, ստորագրված համաձայնագրերը և հուշագրերը։

«al-watan»-ը գրել է, որ հայ-կատարական հարաբերությունները ամուր և աճող են, որոնք հիմնված են հարգանքի, ընդհանուր շահերի և ամուր ցանկության վրա՝ զարգացնելու երկկողմ համագործակցությունը, որի ապացույցն էին տարբեր ոլորտներին առնչվող ստորագրված հուշագրերն ու համաձայնագրերը։

«Կատարի Պետությունը ձգտում է ամուր միջազգային հարաբերություններ հաստատել և դիվերսիֆիկացնել իր գործընկերներին՝ ընդհանուր շահերի փոխանակման, խաղաղության հաստատման և կայուն զարգացման շրջանակներում, նշել է «al-sharq»-ը։

 

panarmenian.net

Կրիպտոարժույթի շուկայի արժեքը նվազել է $2 տրիլիոնով

 Կրիպտոարժույթների շուկայում ընդհանուր շուկայական կապիտալիզացիան հունիսի 13-ին նվազել է մոտ 12%-ով՝ մինչև 980 մլրդ դոլար։ Ըստ Fortune-ի տվյալների, 2021-ի նոյեմբերին գրանցված բարձրակետից հետո այդ հատվածն ընդհանուր առմամբ ավելի քան 2 տրիլիոն դոլարի վնաս է կրել։

Կրիպտոարժույթների շուկան շատ տուժեց, երբ կրիպտո վարկատու Celsius-ը հայտնեց, որ հունիսի 12-ին կասեցրել է տրանզակցիաները, միջոցների դուրսբերումն ու փոխանցումներն իր հարթակում՝ «արտակարգ շուկայական պայմանների վրա» հղումով։

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան նույնպես որոշ ժամանակով դադարեցրել էր միջոցների հանումը, սակայն վերսկսել է իր գործունեությունը և դադարը բացատրել է «սարքավորումների հետ կապված մի քանի աննշան խափանումով»։

Աշխարհի առաջատար թվային ակտիվը՝ բիթքոինը նվազել է ավելի քան 13%-ով, հունիսի 13-ի ընթացքում հատելով 23,000 դոլարի շեմը, որն ամենացածր ցուցանիշն է 2020-ից ի վեր։ Կրիպտոշուկայի բարձրակետը գրանցվել է 2017-ի դեկտեմբերին։

 

panarmenian.net

Պաշտպանության բնագավառում ՀՀ և Ֆրանսիայի գործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում է՝ «Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 

panarmenian.net

Գալստյան. ԿԲ-ն վերանայել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 1.6%-ից հասցնելով 4.9%-ի

  ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսում հայտարարել է, որ Կենտրոնական բանկը վերանայել է ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը՝ 1.6%-ից հասցնելով 4.9%-ի, ինչին նպաստել է արդյունաբերության ճյուղի, շինարարության և ծառայությունների ցուցանիշների վերանայումը։

Նա հավելել է, որ դա պայմանավորված է միջազգային այցելուների՝ Հայաստանում գնտնվելու հանգամանքով, ինչպես նաև ՌԴ-ի տնտեսության՝ ակնկալածից ոչ այդքան վատ դրսևորումներով, գրում է Panorama.am-ը։

ԿԲ նախագահը հայտնել է, որ ՀՆԱ-ի ցուցանիշի վերանայումը պայմանավորված է նաև արտաքին պահանջարկով, որը նպաստում է դրամի արժևորմանն, ինչը նաև թույլ է տվել չարձագանքել գնաճային ընդլայնվող միջավայրին և վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ:

Գալստյանի խոսքով՝ դրամի արժևորման հետևանքով առաջացած արտահանողների խնդրի լուծման համար իրենց առաջարկում են արհեստականորեն դրամն արժեզրկել, բայց դրանով ստեղծվելու է գնաճային ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին. ներառյալ՝ արտահանողներին:

Ըստ ԿԲ նախագահի՝ եթե դրամի արհեստական արժեզրկման հետևանքով գների կարգավորումը հսկողությունից դուրս մնա, ապա նույն արտահանող ընկերությունների աշխատակիցները նրանցից պահանջելու են աշխատավարձերի բարձրացում, որին հաջորդելու է նաև գների բարձրացման նոր փուլ և այն դժվար կառավարելի է դառնալու:

«Չափազանց կարևոր է, որ կառավարության հետ ունենանք կոորդինացված քաղաքականություն, որի ժամանակ ԿԲ-ն զբաղվի գնաճի խնդիրներով, իսկ կառավարությունը հասցեական մոտեցում ցուցաբերի այն ոլորտներին, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ դրամի արժևորման արդյունքում»,-հայտնել է Գալստյանը:

Հունիսի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: