Մամուլի տեսություն 17.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174934-Մամուլի_տեսություն_17.06.2022
The Wall Street Journal-ը մեջբերել է ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաների խոսքերը, որոնք նշել են, որ Իսրայելը Սիրիայի ուղղությամբ իր օդային հարվածների մեծ մասը համաձայնեցրել է Վաշինգտոնի հետ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 17, 2022 12:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.06.2022

The Wall Street Journal-ը մեջբերել է ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաների խոսքերը, որոնք նշել են, որ Իսրայելը Սիրիայի ուղղությամբ իր օդային հարվածների մեծ մասը համաձայնեցրել է Վաշինգտոնի հետ:

Համշահրի օրաթերթ

Արձագանքելով Ուկրաինա երեք եվրոպական երկրների ղեկավարների այցին, Մոսկվան հայտարարել է. «Զելենսկու հետ միայն զենքի մասին մի խոսեք»

Արձագանքելով  եվրոպական երեք  երկրների ղեկավարների՝ Ուկրաինայի Իրպին քաղաք այցին, Կրեմլը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները կքննարկեն  Ուկրաինա զենքի առաքումից զատ այլ հարցեր:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ հանդիպման ժամանակ, Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շուլցը և Մարիո Դրագին պետք է օգտագործեն իրենց ժամանակն իրավիճակին ավելի իրատեսորեն նայելու համար։

Կրեմլը նաև զգուշացրել է Ուկրաինա արևմտյան նոր զինատեսակներ ուղարկելու մասին, նշելով, որ դա անօգուտ կլինի և ավելի մեծ վնաս կհասցնի այդ երկրին:

 

Ջամե Ջամ օրաթերթ

The Wall Street Journal. Սիրիայի դեմ Իսրայելի ավիահարձակումները  համակարգվում են Միացյալ Նահանգների կողմից

 The Wall Street Journal-ը մեջբերել է ԱՄՆ  գործող և նախկին պաշտոնյաների խոսքերը, որոնք նշել են, որ Իսրայելը Սիրիայի ուղղությամբ իր օդային հարվածների մեծ մասը  համաձայնեցրել է Վաշինգտոնի հետ:

Թերթը գրում է,  որ ըստ այդ պաշտոնյաների՝ տարիներ շարունակ, Իսրայելի ռազմական  գործողությունները քննարկվել և հավանության են արժանացել ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

The Wall Street Journal-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է համոզվել, որ Իսրայելի օդային հարվածները չեն խանգարի ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողություններին:

 

Էթեմադ օրաթերթ

Թրամփ. Տեսա՞ք, որ Բայդենը մեզ դժբախտացրեց ու մենք նմանվեցինք Վենեսուելային

Անդրադառնալով երկրում տիրող սանձարձակ գնաճին՝ ԱՄՆ նախկին նախագահը նշել է, թե կանխատեսել էր, որ եթե Բայդենի թիմը գա իշխանության, ապա ԱՄՆ-ն կդառնա մի փոքր ավելի մեծ Վենեսուելա:

Truth սոցիալական ցանում արած գրառման մեջ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է երկրում մոլեգնող գնաճին և վառելիքի գների աճին, որը խնդիր է դարձել Բայդենի վարչակազմի համար, նշելով, որ  իրավիճակը նման է իր նախագահության օրոք Վենեսուելայում գրանցված կտրուկ գնաճի իրավիճակին:

 

Իրան օրաթերթ

IMIDRO ծրագրի փոխտնօրեն հայտարարել է, որ Իրանն ալյումինի խոշորագույն արտադրող տասներկուերորդն է աշխարհում

ԻԻՀ հանքերի և հանքարդյունաբերության զարգացման ծրագրի փոխտնօրեն Հեսամ Մոգադամ Ալին նշել է, որ Իրանն աշխարհում ալյումինի տասներկուերորդ խոշոր արտադրողն է և ունի 800,000 տոննա արտադրական հզորություն:

 

armenpress.am

ԵՀ-ն հանձնարարել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալ Մոլդովային եւ առայժմ չտալ Վրաստանին

Եվրահանձնաժողովը հանձնարարել Է Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Մոլդովային եւ առայժմ չտալ Վրաստանին՝ Թբիլիսիին կոչ անելով դեռեւս աշխատելու քաղաքական բարենորուգումների եւ հասարկության համախմբման գործում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Եվրահանձնաժողովը հանձնարարել Է ճանաչել Մոլդովայի եվրոպական հեռանկարը (Եվրամիության անդամակցության պոտենցիալ հնարավորությունը) եւ նրան տրմադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Վրաստանի հարցով Եվրահանձնաժողովն առաջարկել Է ճանաչել նրա եվրոպական հեռանկարը, բայց թեկնածուի կարգավիճակի հարցին վերադառնալ ավելի ուշ»,- հայտարարել Է նա:

Այդ հանձնարարկաններն այժմ հունիսի 23 – 24-ը պետք Է քննարկի Եվրամիության պետությունների եւ կառավարությունների գագաթնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Որևէ միջանցքի հարց մեր կողմից քննարկման ենթակա չէ. ՀՀ նախագահ

  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ որևէ միջանցքի հարց չի քննարկվում: Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը, հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, շեշտել է, որ հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած միջանցքային տրամաբանություն:

«Այդպիսի  հարց մեր կողմից ընդհանրապես չի քննարկվում, այդ հարցը չի քննարկվում նաև մեր ռուս և եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Այդ հարցը մեր կողմից քննարկման ենթակա չէ: Մենք այլ հարց ենք քննարկում, Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք՝ ոնց կարող ենք առկա մաքսային, սահմանային հսկողության ռեժիմները միջազգային գործող միջազգային նորմերի շրջանակներում երկկողմ թեթևացնել: Եվ քննարկումները սկսվել են: Հետաքրքիր հարց կա, մենք ասում ենք եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով են անցնելու ճանապարհները:  Մենք ասում ենք, ոչ, եկեք քննարկենք սկզբունքները, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո մնացածը մեզ համար շատ ավելի հեշտ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Խաչատուրյանը:

Նա հավելել է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է իրականություն դարձնել իր հոր՝ Հեյդար Ալիևի երազանքը: «Խորհրդային տարիներին Բաքուն Մեղրիով դեպի Նախիջևան արագընթաց ճանապարհ էր կառուցում, և 1987 թվականին, եթե չեմ սխալվում, այդ ճանապարհը կանգնեցվեց, դժգոհություններ եղան, կոնֆլիկտ եղավ: Այդ ճանապարհի շինարարությունն է նա ուզում շարունակել: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց տեսականորեն, եթե դա  նույնիսկ հնարավոր է, պրակտիկորեն հնարավոր չէր իրականացնել, բարդ տեխնիկական խնդիր է»,- մանրամասնել է Խաչատուրյանը:

 

 

armenpress.am

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները

  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումը կայացել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների «Պաշտպանություն և զսպում» թեմայով հանդիպումից հետո։

Հանդիպման ժամանակ շեշտվել է բաց հաղորդակցության ուղիների կարևորությունը տարաձայնությունների քննարկման և դրական օրակարգով երկխոսությունը շարունակելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև լարվածության թուլացմանը։

 

panarmenian.net

ԱԽ քարտուղար․ ՀՀ-ում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող

 Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր նախագահությամբ կայացած ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստում, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը։ Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։

Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։

Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։

Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈւ-ի զինծառայող։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Նիստի ավարտին՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ, հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:

Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստում նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովի բացմանն իր ելույթում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը Հարավային Կովկասում ապագա խաղաղության հիմնարար տարրերից է։ Նա ասել է թե, Ադրբեջանն «իրավունք ունի պահանջելու, որ միջանցք բացվի, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը»;

 

panarmenian.net

SIPRI. Միջուկային զենքի կիրառման ռիսկը սառը պատերազմից ի վեր ամենաբարձր կետին է հասել

 Միջուկային զենքի կիրառման ռիսկը սառը պատերազմից ի վեր հասել է բարձրակետին՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն մեծացնել իրենց զինանոցները։ Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դրանում նշվում է՝ հստակ ազդակներ կան, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է, և միջուկային ակումբի բոլոր ուժերը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և այլն) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում։

Ըստ հեղինակների, միջազգային լարվածության աճին նպաստում է նաև այն փաստը, որ այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», իսկ «միջուկային զենքի դերն իրենց պաշտպանական ռազմավարություններում գնալով ավելի նշանակալի է դառնում»։

 

panarmenian.net

Փաշինյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը կարևորել է անդամ երկրների միջև փոխգործակցությունը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության շրջանակներում երկրների միջև փոխգործակցությունը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպմանն ընդգծվել է կազմակերպության շրջանակում երկրների փոխգործակցության բարձր նշանակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում կայունության ամրապնդման նպատակով»,-ասել են լրագրողներին ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունից։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Հանդիպմանն ամփոփվել են նաև Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքները։

Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։

Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։ Ա․ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։