Մամուլի տեսություն 24.06.2022
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացրել է, որ առանց ռուսական գազի ԵՄ անդամ երկրներին դժվար ձմեռ է սպասվում։
Համշահրի օրաթերթ
Սպանվել է Պուտինի միջուկային ճամպրուկի պատասխանատուն. ԶԼՄ-ները հաղորդում են, որ նա ինքնասպանության մտադրություն է ունեցել
Բրիտանական լրատվամիջոցներից մեկը պնդում է, որ ռուս պաշտոնաթող գնդապետ Վադիմ Զիմինը, ով պատասխանատու էր Վլադիմիր Պուտինի միջուկային ծածկագրերը կրելու համար, սպանվել է իր տանը։
Daily Mirror-ը պնդում է, որ Զիմինի մարմինը երկուշաբթի օրը հայտնաբերվել է մերձմոսկովյան իր տան խոհանոցում՝ գլխի հրազենային վնասվածքով:
Սակայն ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Վադիմ Զիմինը ինքնասպանության փորձ է կատարել, իսկ եղբայրը նրան գտել է «արյան մեջ խեղդված»։ Հարկ է նշել, որ Զիմինը պետք է դատարանում որպես մեղադրյալ էր անցնում կաշառակերության գործով։
Ջավան օրաթերթ
ԱՄՆ գերագույն դատարանը պաշտպանում է զենք կրելու ազատությունը՝ չնայած արյունալի դեպքերին
ԱՄՆ գերագույն դատարանը հայտարարել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն հասարակական վայրերում զենք կրել:
Միացյալ Նահանգների դպրոցներից մեկում հերթական մահացու հրաձգությունից ընդամենը շաբաթներ անց, Գերագույն դատարանը վճռեց, որ ամերիկացիներն իրավունք ունեն զենք կրելու հասարակական վայրերում:
Վճիռը, որին կողմ է քվեարկել գերագույն դատարանի վեց դատավոր, դեմ՝ երեքը, չեղյալ է հայտարարում Նյու Յորքի օրենքը, որը քաղաքացիիներից պահանջում է զենք կրելու լիցենզիա ստանալու համար ապացուցել, որ ունեն դրա կարիքը:
Ջամե Ջամ օրաթերթ
Ջոնսոնն ուկրաինական պատերազմի զոհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դառնում է Պահպանողական կուսակցության երրորդ զոհը։
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Ջոնսոնի վարչակազմի կողմից երկրի տնտեսական իրավիճակը (հատկապես հետընտրական շրջանում) վերահսկելու ձախողման պատճառով և. կորոնավիրուսի համավարակի ժամանակ նրա գրասենյակում կազմակերպված ըդնունելության հետ կապված սկանդալի պատճառով, Դաունինգ Սթրիթ 10-ում նար ներկայության շանսերը նվազում են։
Ղոդս օրաթերթ
Բորել. Առանց ռուսական գազի Եվրոպային դժվար ձմեռ է սպասվում
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ ձմռանը մայրցամաքը կբախվի էներգակիրների մատակարարման խնդիրների՝ ռուսական գազի ներմուծման նվազման պատճառով: Նա հավելել է, որ ձմռանը Եվրոպային սսպառնալու է էներգետիկ ճգնաժամը:
«Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների աստիճանական կրճատմանը»,- ասել է Ջոզեպ Բորելը։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը զգուշացրել է, որ Ռուսաստանը կրճատում է գազի մատակարարումները, հավելելով. «Մենք պետք է պատրաստ լինենք ավելի շատ խնդիրների (գազամատակարարման ոլորտում».
armenpress.am
Հայաստանի եւ Հունաստանի պատգամավորները Ծաղկաձորում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի եւ Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, վերջիններս Հայաստան են ժամանել, որպեսզի մասնակցեն «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի աշխատաժողովին, որն անցկացվել է Ծաղկաձորում՝ հունիսի 22-23-ը:
Քննարկումների առանցքում են եղել ԵՄ-Հայաստան կապերի խորացմանը, հանրության եւ երիտասարդության համար առավել բաց, ժողովրդավարական խորհրդարաններ ունենալուն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Կազմակերպվել են քննարկումներ խորհրդարանների աշխատակիցների միջեւ: Կողմերը կարեւորել են Թվինինգ ծրագրի ընձեռած հնարավորությունը՝ տարբեր երկրների գերատեսչությունների միջեւ կապերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար փորձի փոխանակման հնարավորությունները:
armenpress.am
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով ԱՄՆ-ից թմրամիջոցի անօրինական տեղափոխումը
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում, հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 70 թիթեղյա տարա:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
armenpress.am
Չավուշօղլուն առիթը բաց չի թողել ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Ստոկհոլմին և Հելսինկիին կրկին մեղադրանքներ ուղղելու
Չավուշօղլուն կրկին մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի հարցը և նշել, որ Թուրքիան մտադիր չէ որևէ զիջման գնալ պետության և քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերում։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան մտադիր չէ որևէ զիջման գնալ պետության և քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերում։ Հենց այս պրիզմայից ենք մոտենում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումներին։»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Մալաթիայի նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առաջ։
Նա ընդգծել է, որ սկանդինավյան երկու երկրները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն Թուրքիայի պահանջները բավարարելու համար։
«Անկարան անհնարին բան չի պահանջում Ստոկհոլմից և Հելսինկիից։ Մենք միայն ցանկանում ենք վերջ տալ ահաբեկիչներին աջակցությանը, ինչպես նաև արգելել սկանդինավյան երկրներում այդ արյունալի կառույցների կողմնակիցների ցանկացած գործունեություն»,- ասել է նա:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ապագա դաշնակցի անվտանգությանը սպառնացող կազմակերպություններին ֆինանսական և ռազմական օգնությունը հակասում է ռազմաքաղաքական կառույցի ոգուն և սկզբունքներին։
panarmenian.net
Միրզոյան․ Ադրբեջանին 2 ԱԳ նախարարի միջև խորհրդակցությունների առաջարկ ենք արել՝ պատասխան չկա
Հայաստանը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի թեմայով, ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից:
«Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով:
Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն՝ հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: ՀՀ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները»,-ասել է Միրզոյանը:
Միրզոյանը մեկնաբանել է նաև Ալիևի այն հայտարարությունը, թե մեկուկես տարի անց էլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին:
«Այո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում:
Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ»,-ասել է Միրզոյանը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ հայկական կողմը բազմիցս է նշել, որ Հայաստանն ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ:
«Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի»,-ասել է Միրզոյանը։
panarmenian.net
ՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնագիր են կնքել անվտանգության ոլորտում
Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են կնքել անվտանգության ոլորտում փոխգործակցության մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն Ադրբեջանում է գտնվում այցով։
«Այդ փաստաթուղթը վերաբերում է անվտանգությանը կիբեռտարածքում»,-ասել է Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում, գրում է Intgerfax.az-ը։
Բայրամովն իր հերթին նշել է, որ 30 տարվա ընթացքում երկրները մոտ 250 փաստաթուղթ ու համաձայնագիր են ստորագրել։
Լավրովը ճեպազրույցում նաև ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ
panarmenian.net
Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում՝ կապված «թափանցիկության կորստի հետ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Դա հաստատել է նրա գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»,-փոխանցել է նա։
44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։
2020-ի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։