Մամուլի տեսություն 04.08.2022 թ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178596-Մամուլի_տեսություն_04.08.2022_թ
ԼՂ պաշտոնյաները հայտնել են, որ ռուս խաղաղապահների հետ համատեղ քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 04, 2022 13:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.08.2022 թ

ԼՂ պաշտոնյաները հայտնել են, որ ռուս խաղաղապահների հետ համատեղ քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար։

Համշահրի օրաթերթ

Ադրբեջանը Ղարաբաղում ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել

ԼՂ պաշտոնյաները հայտարարել են, որ Ադրբեջանը ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել, որի հետևանքով վիրավորվել է Արցախի բանակի յոթ զինվոր:

Արցախի պաշտոնյաները հայտարարել են, ռուս խաղաղապահների հետ համագործակցում են՝ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

 

Էթելաաթ օրաթերթ

Քըլըչդարօղլուն կլինի նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակիցը

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել է, որ   նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը կլինի Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ժողովրդահանրապետական ​​կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է. «Ընդդիմության վերջնական թեկնածուի մասին չեմ կարող խոսել, բայց մեր կուսակցության թեկնածուն կլինի  Քեմալ Քըլըչդարօղլուն»։

Ալթայը Էրդողանից պահանջել է արտահերթ ընտրություններ անցկացնել։

Մինչ այժմ  ընդդիմության վեց կուսակցությունների դաշինքը հրաժարվել է ներկայացնել Էրդողանի հետ մրցակցության իր վերջնական թեկնածուին, հայտարարելով, որ առկա է մտավախություն , որ վերջինս կձերբակալվի: 

 

Քեյհան օրաթերթ

Զելենսկիների համար Իսրայելն օրինակ է

Ուկրաինայի նախագահի կինը, ինչպես իր ամուսինը, հայտարարել է, որ իր համար Սիոնիստական ​​ռեժիմն օրինակ  է

Ուկրաինայի նախագահի կնոջ վերջին հայտարարությունները կասկած չեն թողնում, որ Կիևի ռեժիմը ամերիկա-իսրայելական խամաճիկ կառավարություն է։

Նախկին կատակերգու և ներկայուսմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Օլենա Զելենսկան, վերջերս իսրայելական 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սիոնիստական ​​ռեժիմն Ուկրաինայի համար ոգեշնչման աղբյուր է և իր համար ռեժիմն օրինակ է:

Նա ասել է. «Առանց չափազանցության կարելի է ասել, որ Իսրայելի անցյալի փորձը ոգեշնչում է Ուկրաինայի քաղաքացիներին»:

Իրականում, այս շողոքորթ մեկնաբանությամբ նա նկատի ունի այս հրեշավոր ռեժիմի գոյության շարունակությունը արաբներով շրջապատված տարածաշրջանում՝ չընդունելով, որ Իսրայելը ոչ այլ ինչ է, քան արևմտյան մեծ ռազմաբազա՝ օկուպացված Պաղեստինի սրտում:

 

Իրան օրաթերթ

Ռուս ավագ դիվանագետն ընդգծել է Վիեննայի բանակցությունների հնարավորությունից օգտվելու անհրաժեշտությունը

Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների նոր փուլի մեկնարկին զուգահեռ ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ պետք չէ ջանք խնայել հաջող արդյունքի և վերջնական համաձայնության հասնելու համար։

Միխայիլ Ուլյանովն այդ մասին հայտարարել է հինգշաբթի օրն Իրանի գլխավոր բանակցող Ալիի Բաղերիի հետ հանդիպումից հետո։

Նա նշել է. «Հուսով եմ, որ սա բանակցությունների վերջին փուլն է: Մենք իսկապես շատ մոտ ենք եզրագծին և պետք է ջանք չխնայենք հաջող արդյունքի հասնելու համար»։

 

armenpress.am

Տոկիոն ՉԺՀ-ից պահանջում է՝ անհապաղ դադարեցնել զորավարժությունները. «Կիոդո»

 Ճապոնիայի կառավարությունը Չինաստանին բողոք Է հղել այն բանից հետո, երբ ՉԺՀ-ի կողմից արձակված հրթիռներն ընկել են ճապոնական բացառիկ տնտեսական գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «Կիոդո» գործակալությունը:

Արտաքին գործերի փոխնախարար Տակեո Մորին Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցում պահանջել Է՝ անհապաղ դադարեցնել զորավարժությունների անցկացումը:

Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Չինաստանի բանակի՝ մարտական հրաձգություններով ընդգրկուն զորավարժությունները Տայվանի շուրջ պաշտոնապես մեկնարկել են օգոստոսի 4-ին:

Զորաշարժերը, որոնք դարձել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի պատասխանը, անցկացվում են կղզու շուրջ ջրատարածքի վեց շրջաններում ու կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ը:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Կրեմլում հայտարարել են Տայվանի շուրջ զորավարժություններ անցկացնելու Չինաստանի իրավունքի մասին:

 

 

armenpress.am

 ՉԺՀ-ի հրթիռներ են ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում

 Հինգ բալիստիկ հրթիռներ, որոնց արձակումներն օգոստոսի 4-ին իրականացրել Է ՉԺՀ-ն, ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:

«Մեր տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ի հինգ բալիստիկ հրթիռներ են ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գտում,- ասել Է Կիսին:- Այդ կապակցությամբ չինական կողմին բողոք Է հայտնվել դիվանագիտական ուղիներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չի կարելի բացառել, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ»,- ասել է նա:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

 

panarmenian.net

Պեսկովը՝ խաղաղապահների մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ․ Եթե կան հարցեր, դրանց պետք է պատասխանել

  ‌ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով իրավիճակի սրացմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է, որ Կրեմլը մտահոգված է իրավիճակի սրացմամաբ Ղարաբաղում, հետևում է զարգացումներին և զսպվածության կոչ է անում կողմերին։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ խաղաղապահների գործունեության վերաբերյալ հարցեր են առաջանում՝ Պեսկովն ասել է, որ եթե կան հարցեր, դրանց պետք է պատասխանել։

Նա նաև հավելել է, որ տարբեր մակարդակներում ՀՀ հետ սերտ կապերը թույլ կտան պարզել այն հարցերը, որոնք ունի Երևանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրացմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածության և, կարևորը, հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարմանը»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ ելակետ են հանդիսանում եռակողմ փաստաթղթերը։

«Կարևորը կատարելն է բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե կան հարցեր, անկասկած, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներով ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան մեզ պարզել բոլոր եղած հարցերը»,-ասել է Պեսկովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։

Նա նաև ասել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն:

 

panarmenian.net

Չինաստանը մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ՝ Փելոսիի այցին ի պատասխան

 Չինաստանն ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Ըստ կառույցի, սառեցվել է ավազի արտահանումը, ընդ որում, որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ, գրում է Deutsche Welle-ն։

Բացի այդ, Չինաստանի Գլխավոր մաքսային վարչությունը դադարեցրել է ցիտրուսայինների, սկումբրիայի սառեցված ֆիլեի ներմուծումը Թայվանից։ Թե որքան կգործեն սահմանափակումները, հայտնի չէ։

Չինաստանը Թայվանի խոշորագույն առևտրային գործընկերն է։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ելույթ է ունեցել Թայվանի խորհրդարանում։ Սա վերջին 25 տարում այդ կարգի պաշտոնյայի առաջիկն այցն էր կղզի։ Չինատանը որպես բողոքի նշան ԱԳՆ է կանչել Չինաստանում ԱՄՆ դեսպանին։