Մամուլի տեսություն 18.08.2022
Փորձագետները կարծում են, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները վերականգնելու և կարգավորելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը կրկնակի պարտություն կլինի նրա համար:
Ջամե Ջամ օրաթերթ
Էչդողանի երկրորդ պարտությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի վերջո իրագործեց Թել Ավիվի հետ հարաբերությունները կարգավորելու իր որոշումը:
Իհարկե, Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MET) և Սիոնիստական ռեժիմի լրտեսական ծառայությունը (Մոսադ) վաղուց էին սկսել էին իրենց վտանգավոր կուլիսային հարաբերությունները՝ նպատակ ունենալով մշտական և լայնածավալ ճգնաժամեր ստեղծել տարածաշրջանում։
Այդ հարաբերությունների արդյունքը Սիրիայում ԻԼԻՊ-ին և Ջաբհաթ ան-Նուսրային Թուրքիայի աջակցությունն էր: Եվ հիմա, իշխանությունը կորցնելու վտանգի առջև կանգնած Էրդողանը դիմել է պաղեստինցիներին սպանողների օգնությանը:
Քեյհան օրաթերթ
Financial Times-ը նախազգուշացնում է Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը սպառնացող «տնտեսական փոթորկի» մասին
Financial Times-ը գրում է, որ բարձր գնաճը, էներգիամատակարարման խափանումները և էլեկտրաէներգիայի անջատումները սպառնում են Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը:
Մեծ Բրիտանիայում գնաճը հասել է երկնիշ թվերի, և միլիոնավոր բրիտանացիներ կրճատել են սննդի համար հատկացվող գումարը:
Տնտեսական ոլորտի մի խումբ փորձագետներ Bloomberg-ի հետ զրույցում կանխատեսել են, որ մայրցամաքում տնտեսական անկման և գնաճի տեմպերը շատ ավելի բարձր կլինեն, քան կանխատեսվել է:
Bloomberg-ին տրամադրած իրենց վերջին գնահատականներում նրանք նշել են, որ այս տարի եվրոպական երկրներում տնտեսական անկման ռիսկը հասել է իր ամենաբարձր մակարդակին 2020 թվականից ի վեր, և վառելիքի բացակայությունը սրել է իրավիճակը։
Էթելաաթ օրաթերթ
The Guardian. Մարդու իրավունքների խախտումների դեպքերը Սաուդյան Արաբիայում աճել են Բայդենի՝ Էր Ռիադ կատարած այցից հետո
Guardian-ը գրել է, որ Սաուդյան Արաբիա Բայդենի այցից հետո, կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը զգալիորեն աճել են:
Հոդվածագիրը նշում է. «Բրիտանիայի «Լիդսի» համալսարանի սաուդցի ուսանող և երկու երեխաների մայր Սալմի Ալ-Շահաբը, ով հայրենիք էր վերադարձել արձակուրդի համար, Սաուդյան Արաբիայի դատարանի կողմից դատապարտվել է 34 տարվա ազատազրկման՝ Twitter-ի հաշիվ ունենալու և ընդդիմախոսների ու իրավապաշտպանների քննադատական գրառումներին հետևելու և դրանք վերահրատարակելու համար:
Համշահրի օրաթերթ
Սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատները հայտարարել են, որ չեն ցանկանում որպես փոխհատուցում ստանալ Աֆղանստանից բռնագրավված գումարնրերը
Սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատները հայտարարել են, որ չեն ցանկանում որպես փոխհատուցում ստանալ Աֆղանստանից բռնագրավված գումարները
Նրանք հայտարարել են. «Այդ գումարները մերը չեն: Դրանք աֆղանցիների գումարներն են»:
armenpress.am
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին Ծագող արեւի շքանշան է հանձնել Բիլ Գեյթսին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին օգոստոսի 18-ին Տոկիոյում կայացած հանդիպմանն առաջին աստիճանի Ծագող արեւի շքանշան Է հանձնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:
Նշվում Է, որ Գեյթսը, մասնավորապես, պետական պարգեւի Է արժանացել զարգացող երկրների առողջապահության համակարգերի ամրապանդման գործում ցուցաբերած օգնության համար:
«Մենք հուսով ենք, որ դուք ապագայում Էլ ձեր ավանդը կներդնեք գլոբալ առողջապահության զարգացման բնագավառում»,- ասել Է Հայասին պարգեւատրման արարողության ընթացքում: Ի պատասխան Գեյթսն ընդգծել Է, որ «պատիվ Է համարում այս շքանշանն ստանալը»:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը Գեյթսին շքանշան շնորհելու մասին հայտարարել Է 2020 թվականի ապրիլին, սակայն այն ժամանակ ամերիկացի ձեռնարկիչը չի կարողացել ստանալ այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ծագող արեւի շքանշանը հիմնվել Է 1875 թվականին, այն ունի ութ աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերություն հիմնադրմանը
ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման՝ ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։
Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խթանմանը, համատեղ համագործակցության նախագծերի և ներդրումների իրագործմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը՝ ԵԱՏՄ ու երրորդ երկրներում ձեռնարկատիրական և (կամ) քաղաքական ռիսկերից արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրման ոլորտում գործունեություն իրականացնելու միջոցով։
Ընկերությունն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության, այդ թվում՝ մասնակից պետությունների արտահանման վարկային գործակալությունների, միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների ու միությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն՝ նոր մասնակիցների համար դրան միանալու բաց սկզբունքի համաձայն։
Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավունակություն և իր իրավասության շրջանակներում միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։
Ընկերության կանոնադրությամբ սահմանում են մի շարք գործառույթներ: Մասնավորապես, ընկերությունը կհամագործակցի մասնակից պետությունների և երրորդ երկրների արտահանման վարկային գործակալությունների, ապահովագրողների և վերաապահովագրողների հետ՝ արտահանման վարկերի, արտահանմանն ուղղված ֆինանսավորման և ներդրումների վերաապահովագրության ու ապահովման գործառույթների իրականացման նպատակով, մասնակից պետություններում ռիսկերի վերաապահովագրման դեպքում կաջակցի ռիսկերի գնահատման իրականացման, ռիսկերի նվազեցման և վնասների կարգավորման գործընթացին, կիրականացնի սեփական արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, շրջանառությունը, մարումը և հետգնումը:
armenpress.am
Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն ցավակցական ուղերձներ են հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ազգային ժողովից, Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում, մասնավորապես, ասված է.
«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար: Իմ զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում հրդեհից տուժածներին»:
Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում նշված է.
«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանիքներին փոխանցել մեր զորակցության խոսքերը: Արա ապաքինում եմ մաղթում ողբերգական դեպքից տուժածներին»:
armenpress.am
Վահրամ Դումանյանն արհեստական է համարում հայաստանյան բուհերում թափուր տեղերի թեման
Այս տարի Հայաստանի բոլոր բուհեր 9729 դիմորդ է ընդունվել, ինչը համեմատելի է նախորդ տարիների ցուցանիշների հետ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներին, ըստ որոնց բուհերում տասը հազարից ավելի թափուր տեղեր են մնացել։
«Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,-ասաց նախարարը:
Դումանյանի խոսքով՝ Հայաստանում այս տարվա շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 21 հազար, այս տարի բուհերում հայտարարագրված տեղերի քանակը կազմել է 23 հազարից ավել, որից շուրջ 7 հազարը հայտարարագրել են մասնավոր բուհերը
«Օրինակ՝ մասնավոր բուհերը հայտարարագրել են 7 հազար տեղ, բայց ընդամենը 130-ն են ընդունել»,- ասաց նախարարը:
Ըստ Դումանյանի՝ բուհերը պետք է վերանայեն իրենց մասնագիտությունների ցանկը, կրթական ծրագրերի ցանկը:
«Դա լավ ցուցանիշ չէ, եթե ձեզ մոտ իքս մասնագիտությամբ զրո մարդ է ընդունվում։ Այս դեպքում ինչո՞ւ եք հաջորդ տարի նույնը հայտարարագրում, դա բուհի վարկանիշի վրա է ազդում»,- եզրափակեց Դումանյանը:
panarmenian
ԱՄՆ Պետդեպ․ Խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորություն դեռ կա
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ, ասել է, որ խաղաղության հարցում առաջընթացի պատմական հնարավորությունը դեռ պահպանվում է։
«Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից։ Լարվածության վերջին աճը, կարծում ենք, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը, գրում է ՍիվիլՆեթը։
Փրայսի կարծիքով՝ չնայած վերջին շաբաթների լարվածության աճին, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն շարունակում է տեսնել, որ կա պատմական հնարավորություն՝ առաջընթաց գրանցելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։
«Մենք շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,- ասել է Պետդեպի խոսնակը։
Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ 2 զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ։
Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
panarmenian.net
ՌԴ դեսպանորդ. Քանի նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի
ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, տեղեկացնում է «Ազատությունը»։
«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերն ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», - ասել է Սելեզնյովը։
Օգոստոսի սկզբին Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո Ստեփանակերտը հայտարարել էր, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է ՀՀ-ի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ճանապարհի իր հատվածը կավարտի հաջորդ տարվա մայիսին։
Բարձրաստիճան դիվանագետը չի մանրամասնել, թե խոսքն ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։
«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ Եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», - նշել է Սելեզնյովը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևի այն հայտարարությանը, որ հայկական կողմից ռուս խաղաղապհների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են՝ ասել է, որ ավելացնելու ոչինչ չունի և ընդգծել, որ ռուսական առաքելությունը անում է այն, ինչ հնարավոր է՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում:
«Հասկանում եք՝ ռուսաստանցի խաղաղապահներն անում են առավելագույնը, ինչ իրենց մանդատը թույլ է տալիս։ Ինձ դժվար է ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ ասել է դեպարտամենտից իմ գործընկերը։ Ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն լիներ՝ բոլոր կողմերից և ադրբեջանական զորքերի կողմից։ Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը, Երևանում ու Ստեփանակերտում պետք է բոլորը հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբը իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի առավելագույնը ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից», - ընդգծել է նա։
Միաժամանակ Սելեզնյովը փոխանցել է, թե Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսաստանյան խաղաղապահ զորակազմն Արցախում, եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան այդ հարցում։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե անհրաժեշտ է եռակողմ ձևաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ և որ մնչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է նման փաստաթուղթ ստորագրել։ Նույն օրը՝ կառավարության նիստում Հայաստանի վարչապետը քննադատել էր ռուս խաղաղապահներին, պնդելով, թե հրադադարի խախտումները լինում են նրանց ներկայությամբ ու թողտվությամբ։