Մամուլի տեսություն 27.08.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i180500-Մամուլի_տեսություն_27.08.2022
ԻԻՀ բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունների անցկացումը, հատկապես բանակային հզոր անօդաչուների հաջող գործողությունը, լայն արձագանք է ունեցել իրանական մամուլում։
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Օգոստոս 27, 2022 14:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.08.2022

ԻԻՀ բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունների անցկացումը, հատկապես բանակային հզոր անօդաչուների հաջող գործողությունը, լայն արձագանք է ունեցել իրանական մամուլում։

Քեյհան օրաթերթ

Բանակի ԱԹՍ-ների հզորությունն ընդամենը մեկն է այն երկաթյա բռունցքներից, որոնք ընկնում են թշնամու գլխին

ԻԻՀ բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունների երկրորդ և վերջին օրն ավարտվել է բանակի հզոր թռչողների հաջող գործողությամբ։ Զորավարժության խոսնակն ասել է. «Բանակի տարբեր ԱԹՍ-ները ընդամենը թշնամիների դեմ ուղղված՝ բանակի երկաթե բռունցքներից մեկն են ։ ԻԻՀ-ի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունների երկրորդ օրը՝ երկրի տարբեր շրջաններից՝ հարավում գտնվող Պարսից ծոցի և Օման ծովի տաք ջրերից մինչև երկրի արևելք, արևմուտք, հյուսիս և կենտրոն՝ մեկնարկել ենց բանակի մարտական, կործանարար և հսկողության անօդաչու թռչող սարքերի զորավարժությունները: Զորավարժությունների այս փուլում բանակային նավատորմի կործանարար ԱԹՍ-ները, այդ թվում՝ «Բավար 5», «Ժուբի» և «Արաշ» ԱԹՍ-ները, որոնք երկինք էին բարձրացել ծովից, ռազմածովային նավատորմի մակերեսային և ստորջրյա ստորաբաժանումների լողամիջոցներից երկար տարածություն անցնելով, հաջողությամբ խոցել են ծովում ու ցամաքին գտնվող թիրախները:

 

Խորասան օրաթերթ

Սիրիայում յանկիների ստեղծած լարվածությունների հակառակ կողմում

Սիրիան այս օրերին կրկին լարվածության ու բախման դաշտ է դարձել Դիմադրության շարժման և ամերիկյան ուժերի միջև։ Centcom-ը պնդում էր, որ Բայդենի հրամանով թիրախավորել է Դեյր Ալ-Զորում ԻՀՊԿ-ի կողմից աջակցվող ուժերին առնչվող շտաբը: Մյուս կողմից, Դիմադրության ուժերի հայտարարության համաձայն՝ «Ֆաջր 1» հրթիռներ են արձակվել նաև Եփրատի արևելքում գտնվող ամերիկյան ռազմական դիրքերի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ բացի իրաքյան Դիմադրության՝ որպես նոր հավասարակշռող գործոնի ավելի լուրջ մասնակցության և արևելյան Սիրիայում հակաօդային պաշտպանության տեղակայումից, չպետք է անտեսել ուկրաինական պատերազմի կարողությունը՝ տարածաշրջանից ԱՄՆ-ի արտաքսումը արագացնելու համար։ Քանի որ, եթե ​​ռուսները ցանկանան լուրջ հարված հասցնել ամերիկյան կողմին, ապա, թերևս, առաջին քայլը կլինի ԱՄՆ-ին արտաքսել Արևելյան Սիրիայից: Եվ եթե ռուսները կանգնեն Դիմադրության ուժերի կողքին, կարող են դերակատար գործողության մյուս թևը:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի հզորությունը հաշվարկելիս մենք սխալվել ենք

Վերջին օրերին ավելի ու ավելի են հնչում միջուկային համաձայնագրի վերակենդանացման մասին լուրերը։ Եթե միջուկային համաձայնագիրը վերջնականապես վերականգնվի, ապա հավանաբար ականատես կլինենք ավելի երկարատև լարվածության ամերիկայն երկու ավանդական կուսակցությունների միջեւ։

ՀԳՀԾ-ի վերականգնումը կարող է արտացոլվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում՝ որպես արտաքին քաղաքականության ոլորտում Բայդենի վարչակազմի վարքագծի բաղադրիչներից մեկը։ Ամեն դեպքում, հիմնական հարցն այն է, թե որ կետին է հասել Իրանի դեմ ամերիկյան առավելագույն ճնշման ռազմավարությունը, և ինչու են ամերիկացի պաշտոնյաները շատ դեպքերում ստիպված բացել իրենց պաշտպանված ու փակ դիրքը Թեհրանի առջև:

 

armenpress.am

Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի

Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: 

Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներ 6000, 7000 ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը իրանցի գործարարներին թույլ կտա ներկա գտնվել նման շուկաներում:

Զոհուրին նշել է, որ մի քանի կարևոր նախագծեր Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում են:

«Իրանից Հայաստան արտահանման ծավալը ներկայումս հասել է 560 միլիոն դոլարի, և մենք նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 1 միլիորդ դոլարի», - հավելել է դեսպանը:

 

armenpress.am

Հայ երիտասարդները ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերին կրթական ոլորտին վերաբերվող մի շարք առաջարկներ են արել

ԵԱՏՄ երկրների փոխվարչապետների հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ երիտասարդները իրենց նախաձեռնությունների մասին են պատմել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական ֆորումի շրջանակներում:

Հայաստանի ակտիվիստների առաջարկները վերաբերել են կրթության խնդիրներին՝ հանրակրթական ծրագրերում փափուկ հմտությունների (Soft skills) ներդրմանը, առցանց կրթական հարթակի, արտադրական պրակտիկայի ծրագրերի և ստաժավորման ակտիվ զարգացմանը։

Բելառուսի երիտասարդության նախաձեռնությունները վերաբերում են կամավորական շարժման զարգացմանը: ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների կրթության հաստատություններում առաջարկվել է ընդլայնել Բելառուսում իրականացվող «Կամավորական նավիգատոր» նախագիծը:

Ղազախստանի երիտասարդության ներկայացուցիչները հանդես են եկել զբոսաշրջության զարգացման նախաձեռնությամբ. նրանք մշակել են ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներում երիտասարդական զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որը կդառնա ուղենիշ և կնպաստի երիտասարդական ձեռներեցության զարգացմանը:

Ղրղզստանի երիտասարդության նախաձեռնությունը ստեղծագործական տնտեսություն զարգացնելն է: Առաջարկվել է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի ստեղծագործ երիտասարդներին։

Ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչների կարծիքով՝ անհրաժեշտ է զարգացնել երիտասարդական ձեռներեցությունը և ԵԱՏՄ-ում ստեղծել երիտասարդ ձեռներեցների համայնք։

Ուզբեկստանի երիտասարդության ներկայացուցիչները շեշտը դրել են երիտասարդական միջոցառումների և մշակութային նախաձեռնությունների վրա։

Աշխատանքային նախաճաշին մասնակցել են ԵՏՀ խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար, առևտրի և ինտեգրման նախարարի տեղակալ Սերիկ Ժումանգարինը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

 

armenpress.am

Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են  ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխումների ընթացքը

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը:

Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

news.am

Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը ողջունելի է. Արցախցի պատգամավորը`դեսպանների Շուշի չայցելելու մասին

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի օկուպացված Շուշիում արված այսօրվա հայտարարություններին ։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ին և Ֆրանսիային մեղադրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ։

«Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը։

Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը, իհարկե, ողջունելի է և արժանի է գովասանքի։

Այն արցախահայության համար նշանակում է ինքնորոշման իրավունքի համար պայքարում աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։

Պատերազմում ունեցած հաղթանակով ոգևորված մեր հարևանների նման պահվածքն էլ մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից ինչ որ չափով հասկանալի(մենք նույնպես 1994 -ի հաղթանակից հետո պնդում էինք, որ մեր հարցը լուծված է)։

Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն ունի և այն պիտի լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում՝ հիմքում ունենալով միջազգային իրավունք ու միջազգային փաստաթղթերը։

Մնացածը պաթոս է, հեքիաթ և իրավիճակի խեղաթյուրում՝ առանց տարբերության, թե որ կողմից և ինչ նպատակներով է դա արվում»,- գրել է նա։