Մամուլի տեսություն 08․10․2022
Օրերս Մոսկվայում կայացած Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակից երկրների պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի արծարծած կարևորագույն հարցերից են եղել տարանցիկ երթուղիները։
Իրան օրաթերթ
Թիթեռի հիվանդությամբ տառապող երեխաները ևս զերծ չեն մնացել ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներից
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է․- «Թիթեռի հիվանդությամբ (Epidermolysis bullosa) տառապող երեխաները ևս զերծ չեն մնացել ԱՄՆ-ի միակողմանի, անօրինական ու դաժան պատժամիջոցներից»։
Իրանի դեմ ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցներից հետո, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին Instagram-ի իր էջում գրել է. «Ամեն օր մի պատրվակով Իրանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակ է հրապարակվում։ Այս անգամ ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ներքին գործերի նախարարի, Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և իրանցի հինգ այլ պաշտոնյաների նկատմամբ ։
Քեյհան օրաթերթ
Այն ինչ Միացյալ Նահանգներն արեց ինտերնետի հետ, Լենինն ու Ստալինը չէին կարող անել
Խոսքի ազատության անվան ներքո ԱՄՆ-ի կառավարության ու որոշ եվրոպական պետությունների կողմից Իրանում տեղի ունեցած անկարգությունների ու խռովությունների նկատմամբ ցուցաբերված աջակցությունը, վկայում է արևմտյան ռեժիմների էության մեջ թաքնված սև իրողությունների մասին։
Վերջերս Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների կողմից Իրանում տեղի ունեցած անկարգություններին ցուցաբերված աջակցությանը զուգահեռ Ժոզեպ Բորելն ասել է․-«Մենք քննարկում ենք Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը»։
Բայց ամենահետաքրքիրն ամերիկացի պաշտոնյաների դիրքորոշումներն են։ Ջո Բայդենն այս կապակցությամբ ասել է. -«ԱՄՆ-ն ավելի մեծ գումարներ կծախսի այն իրանցի պաշտոնյաների վրա, ովքեր պատասխանատու են ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման համար։ Իրանի ռեժիմը զրկել է իր ժողովրդին տարրական ազատություններից: Միացյալ Նահանգները կհեշտացնի իրանցիների հասանելիությունը ինտերնետ»։
Վաթանե Էմռուզ օրաթերթ
Իրանն առաջարկել Է ընդհանուր ազատ գոտի ստեղծել մերձկասպյան տարածաշրջանում
Օրերս Մոսկվայում կայացած Երկրորդ Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակից երկրների պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի արծարծած կարևորագույն հարցերից են եղել տարանցիկ երթուղիները։
ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի اհետ հանդիպման ժամանակ Մոխբերն անդրադարձել է Ռաշթ-Աստարա երկաթուղային ճանապարհին և ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին խոսելով այս ճանապարհին տարանցիկ համագործակցության ու ներդրումների ոլորտում ձեռք բերված Իրան-Ռուսաստան պայմանավորվածությունների մասին,ասել է․-«Բարեբախտաբար, մաքսային ոլորտում Ռուսաստանի հետ ստեղծվել է կանաչ մաքսային երթուղի, և երկու երկրների միջև ստորագրվել է համապատասխան պայմանագիր»։
Տարանցումը եղել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Իրանի առաջին փոխնախագահի բանակցության հիմնական առանցքը։
Այս հանդիպման ընթացքում Մոխբերը Իրան-Ադրբեջան հարաբերությունների հիմնական առանցքներից մեկն է համարել փոխադրումների ոլորտում համագործակցությունը; Նա ասել է, որ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության եռակողմ փաստաթուղթն արդյունավետ դեր է խաղում նրանց միջև հարաբերությունների ընդլայնման գործում։
Ջավան օրաթերթ
Իրանի տնտեսության նսեմացումը քաղաքական նպատակներով
Իրանի տնտեսության դեմ հակաքարոզչությունը տարիներ է , ինչ դարձել է պատրվակ Իսլամական համակարգին քննադատելու համար։ Նույնիսկ երբ միջազգային կազմակերպությունները հայտնում են, որ երկրի տնտեսական ցուցանիշները բարելավվել են, մի շարք քննադատներ, սովորաբար շարունակում են չփաստագրված զրպարտություններ անել և ցանկացած քայլ օգտագործում են որպես պատրվակ՝ իսլամական համակարգին դեմ գնալու համար:
---
Aravot.am
ՄԱԿ-ի ՊԳԿ-ն աշնանացան ցորենի սերմացու է տրամադրում Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի անապահով ընտանիքներին
Հայաստանում ամենաշատ մշակվող հացահատիկը ցորենն է, սակայն վերջին տարիներին դրա արտադրությունն անշեղորեն նվազում է։ Բացի այդ, Ուկրաինայում պատերազմը խաթարել է ավանդական լոգիստիկ ուղիները՝ խոչընդոտելով արտահանման և ներմուծման գործընթացներին Հայաստանում։ Այս հանգամանքներից ելնելով՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի խոցելի փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել հակամարտության հետևանքով առաջացած մատակարարման շղթայի խաթարումից: Այս աջակցությունն իրականացվում է ՄԱԿ ՊԳԿ-ի և ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների Միասնական հիմնադրամի աջակցությամբ:
Այս նախաձեռնության շրջանակում ՊԳԿ-ն արդեն բաշխել է 151 տոննա աշնանացան ցորենի սերմացու Գեղարքունիքի (Ճամբարակ և Վարդենիս համայնքներ) և Շիրակի (Անի, Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներ) մարզերում։ Բացի այդ, ՊԳԿ-ն շահառու ֆերմերներին տեղեկատվություն և խորհրդատվություններ է տրամադրում աշնանացան ցորենի սերմերի մշակման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, երեք մարզերի 1078 անապահով շահառուների կտրամադրվի 301 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որոնցից յուրաքանչյուրը մինչև հոկտեմբերի 10-ը կստանա մինչև 300 կգ օգնություն։
News.am
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում
Ողջունում եմ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ազգային սահմանները հարգելու վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը: Հայտնում է 1lurer.am-ը։
«Համաձայնագիրը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լարվածությունը, որը հարուցվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս ռազմական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումներն այժմ պետք է ինտենսիվ կերպով հետաքննվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման և չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,- հայտարարել է պատգամավորը:
Նա համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր պետության տարածքի ինքնիշխանության հարգումը, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն՝ ուժի կիրառումից հրաժարվելու առաջնահերթությունը պետք է խստագույնս պահպանվեն:
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ներկա համաձայնությանը հասնելու նպատակով ԵՄ արժեքային կողմնորոշման շրջանակներում այդքան արագ և ինտենսիվ աշխատելու համար։ Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ Դաշնային կառավարությանը կոչ եմ անում միանալ այս աշխատանքներին և աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին»,- նշել է Մանսմանը։
News.am
Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարց ու պատասխանը՝ ստորև.
Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։
Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։